Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր Հայաստանն ու ողջ աշխարհը նշում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ թեեւ վերջին տարիներին Հայող ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ կապված հայկական ռազմավարությունում որեւէ դրական փոփոխություն եւ ստույգ քայլեր ինքը չի տեսնում, սակայն վստահ է, որ միջազգային ասպարեզում հարցը դարձել է քաղաքական շահարկումների ու քաղաքական ազդեցության գործոն:

«Հայ-ֆրանսիական բարեկամություն, հայկական համայնքի գործոն, այդ ամեն իր դերն ունի, բայց այստեղ ավելի շատ իր դերն ունի Ֆրանսիայի անձնական շահը մուսուլմանների գործոնի հետ կապված: Իսլամական համայքնը չի ձուլվում, չի մերվում, ինքնուրույն կյանքով է սկսում ապրել Ֆրանսիայում եւ ընդհանրապես Եվրոպայում: Կարծես իսլամական համայնքի հետ ավելի բարիդրացիական, ավելի կանխատեսելի քաղաքականության արդյունքն է ցեղասպանության հարցի քրեականացումը... Ընդհանուր էթնիկ փոքրամասնությունների հետ կապված քաղաքականության արդյունք էր ցեղասպանության քրեականացնող բանաձեւի ընդունումը»:

Անդրադառնալով հայկական հարցի շուրջ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը` Միրաքյանը նշում է, որ այստեղ էլ ԱՄՆ-ը ունի իր սեփական շահերը, եւ պետք չէ դիտարկել այն տեսակետից, թե ԱՄՆ անշահախնդիր կերպով ուզում է հայկական ճշմարտությունը բացահայտել աշխարհին, բայց, ցավոք, թուրքերը խոչընդոտում են. - «ԱՄՆ-ի դեպքում, մենք գիտենք, որ ներքին քաղաքական պայքար է` դեմոկրատ-հանրապետական, իրար հետ մրցակցության շրջանակներում պարբերաբար օգտագործվում է այդ հարցը համայնքի ձայների համար: Թուրքիայի հետ հարաբերությունների համար, Թուրքիային տարբեր զիջումներ պարտադրելու համար: Բնականաբար, հայկական համայնքի ազդեցությունն էլ կա, բայց պետք չէ միայն որպես գործոն դիտել հայկական ազդեցությունը»:

Հայկական հարցի` միջազգային ասպարեզում քաղաքական գործոն դառնալը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը դրական է համարում այն դեպքում, եթե Հայաստանը կարողանա այդ խնդիրն օգտագործել ի շահ մեր պետության` համադրելով այն Արեւմուտքի շահերի հետ. - «Փաստացի միջէթնիկ հակամարտությունները, որոնք կան Թուրքիայիում, շարունակվում են մինչ օրս: Այս ամենը բերում է նրան, որ իսկապես Հայ դատի հարցն ու Հայոց ցեղասպանությունը դարձել է քաղաքական գործոն: Հայկական կողմի համար սա առավել կարեւոր է այն հանգամանքով, որ այդ գործոնը մի տեսակ զսպաշապիկ է հագցնում Թուրքիայի վրա եւ սահմանափակում է նրա էքսպանսիան տարածաշրջանում` մասնավորապես մեր տարածաշրջանում, որտեղ ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ներգրավված լինի ընդհուպ մինչեւ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Եվ այն, որ մեզ հաջողվեց այդ գործոնը որպես այդպիսին աշխատացնել Թուրքիայի դեմ եւ սահմանափակել նրա ակտիվությունը Հարավային Կովկասում, կարծում եմ, երկու-երեք տարիների ամենակարեւոր ձեռբերումներից է»:

Վահրամ Միրաքյանը համոզված է, որ այսօր Հայոց ցեղասպանությունը աշխարհին ճանաչել տալու համար հայկական քարոզչությունը միասնական սկզբունքով չի առաջնորդվում:

Համակարծիք է նաեւ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.- «Ցավոք սրտի, նույն Ցեղասպանության հետեւանքն է այսօր, որ սփյուռքահայության եւ ՀՀ քաղաքացիների քաղաքական ձգտումները տարբեր են: Մենք այստեղ ունենք լուծելու անվտանգության խնդիր, որովհետեւ Թուրքիան շարունակում է մնալ ամենագլխավոր սպառնալիքը ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության, իսկ Սփյուքը շարժվում է մի քիչ այլ ելակետից: Բայց, այնուամենայնիվ, այդ բազմազանության մեջ ես դարձյալ տեսնում եմ միասնական մի դաշտ, որը փոխլրացնելով ավելացնում է մեր անվտանգության համակարգին ծառայող գործոնները»:

Իսկ հարցին, թե ինչ ենք մենք ակնկալում ցեղասպանության միջազգային լայն ճանաչման արդյունքում Միրաքյանը պատասխանեց. - «Մենք միանշանակ որոշում չունենք, թե ինչու ենք ուզում, որ Ցեղասպանությունը ճանաչվի եւ ինչ ենք ուզում դրանից հետո: Հասարակության մի զանգված ասում է, որ մեզ անհրաժեշտ է բարոյական փոխհատուցում, մյուս մասը` նյութական, գումարների տեսքով, երրորդն էլ` հողերի տեսքով: Ընդհանուր որոշում եւ ռազմավարական ծրագրավորում չկա: Ճանաչումը ենթադրում է, որ պետք է ունենա նաեւ ֆիզիկական ոլորտում մեզ վրա ազդեցություն, նկատի ունեմ ե'ւ տնտեսական, ե'ւ այլն: Բայց այդ ամենը չկա մեզ համար, եւ երբեմն Հայաստանն ու Սփյուռքը տարբեր նպատակներով են գնում, տարբեր ռազմավարությամբ են առաջնորդվում: Խառնաշփոթ է այդ ոլորտում, ինչը որ ամենացավալի խնդիրն է ինձ համար»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ մեր պահանջներում մենք պետք է լինենք մաքսիմալիստ` մինչեւ փոխհատուցում, տարածքների վերադարձ, սակայն նաեւ գիտակցում է, որ պոտենցիալ նման պահանջներ ներկայացնելու համար, ցավոք, դեռ չունենք.- «Դա կապված է թե' դեմոգրաֆիական, թե' այն մարտահրավերների հետ, որոնց առջեւ այսօր կանգնած են հայկական պետությունները` Ադրբեջանի հետ պատերազմական իրողություն, Թուրքիայի զուտ քանակական, տնտեսական, ռազմական առավելություն եւ այլն: Այսինքն այսօր այդ պատճառները շատ են, թե ինչու մենք չենք կարող մաքսիմում պահանջներ ներկայացնել, բայց նաեւ հրաժարվել դրանից իհարկե չի կարելի, որովհետեւ պահանջատիրությունը վերջին հաշվով նաեւ պայքար է ծնում, որը կհավաքի այն պոտենցիալը ժամանակի ընթացքում, ինչն անհրաժեշտ է»:

XS
SM
MD
LG