Մատչելիության հղումներ

Ջահերով երթ Երեւանում


Հայ հեղափոխական դաշնակցությունը ապրիլի 23-ին Երեւանում կազմակերպել էր ջահերով երթ՝ ոգեկոչելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:



Բազմաթիվ քաղաքացիներ՝ հիմնականում երիտասարդներ, Ազատության հրապարակից ջահերով եւ մոմերով քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երթից առաջ երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը:

Երեւանում երթն անցկացվում է արդեն 13-րդ անգամ: Արդեն ավանդական դարձած ջահերով երթին շատերը մասնակցում էին ընտանիքներով: Երթին մասնակցում էին նաեւ Սփյուռքից եկած հայեր:

Պատրիկ Մայրամյանը, ով Լոս Անջելեսից է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այնտեղ եւս ամեն տարի կազմակերպվում են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթեր:

Երեւանի այն փողոցներում, որտեղով անցնում էին երթի մասնակիցները, քաղաքացիներն անջատել էին բնակարանների լույսերը եւ մոմեր վառել պատուհաններին: Չնայած ուշ ժամին` Ծիծեռնակաբերդը մարդաշատ էր: Այստեղ երթի մասնակիցները պարզեցին Ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրների ազգային դրոշները:

Բացի Երեւանից, ջահերով երթեր են կազմակերպվել Հայաստանի 13 այլ քաղաքներում, ինչպես նաեւ Լիբանանի, Արգենտինայի, Իրանի եւ Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG