Մատչելիության հղումներ

Ամերիկահայերը մեծ ակնկալիքներ չունեն Օբամայի ամենամյա ուղերձից


Հայ աշակերտները քայլարշավ են անցկացնում Հոլիվուդում

Հայ աշակերտները քայլարշավ են անցկացնում Հոլիվուդում

Ամերիկայի հայ համայնքը այս օրերին ակտիվորեն նշում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: Այսօր առավոտյան Հոլիվուդի մարդաշատ փողոցներով հայ աշակերտները իրենց ցուցապաստառների միջոցով եւս մեկ անգամ հիշեցրին 1915 թվականի հայերի դեմ իրականացված ջարդերի մասին:

«Մենք պետք է պայքարենք մինչեւ վերջ: Մենք ուզում ենք, որ ԱՄՆ-ի նախագահը իմանա այս դժբախտության մասին», - ասում էր հայ աշակերտներից մեկը:

Վաշինգտոնում գտնվող Հոլոքոստի թանգարան կատարած իր այցելության ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցից մեկ օր առաջ, անդրադառնալով այլ ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպություններին, շրջանցել է Հայոց ցեղասպանության թեման: Ամերիկահայությունը կրկին հիասթափված է նախագահ Օբամայից, չնայած որ մեծ ակնկալիքներ էլ չկան Օբամայի ամենամյա հայտարարությունից:

Օբամային քննադատում եւ իր խոստումների մասին հիշեցնում է ոչ միայն ամերիկահայությունը: Լոս Անջելեսի վարչաշրջանի կառավարիչ Մայք Անտոնովիչը կառավարիչների խորհրդի նիստում հայ համայնքի անդամների ներկայությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության հռչակագիրը ընդունելուց հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես շատ հուսախաբ եմ, որ նախագահ Օբաման մինչ այսօր պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, այն դեպքում, որ մինչ նախագահ դառնալը շատ հստակորեն ասել էր, որ ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը պետք է ընդունել»:

Լոս Անջելեսում գտնվող «Համմեր» թանգարանում ցեղասպանության մասին ելույթներ ունեցան նշանավոր կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Չնայած որ երկու արվեստագետները բազմիցս են հանդես եկել ցեղասպանության մասին իրենց դիրքորոշումներով, այնուհանդերձ «Համմեր» թանգարանում տեղի ունեցած բանավեճը նրանց ցանկությամբ չլուսաբանվեց: Մի քանի տասնյակ հանդիսատեսից բաղկացած դահլիճում ներկա էին ոչ միայն հայեր: Էգոյանն ու Թանկյանը խոսեցին արվեստում ցեղասպանության թեմայի արծարծման շուրջ, մասնավորապես, կարծիք հայտնելով, որ հայերը պետք է հանդես գան ոչ թե սգավորի, այլ պահանջատերի կարգավիճակով:

Այսօր տեղի ունեցած միջոցառումների շարքում կարեւոր տեղ ունի ԱՄՆ-ում հիմնադրված Մոնթեբելլոյի ցեղասպանության զոհերի առաջին հուշարձանի մոտ կազմակերպված ձեռնարկը, որտեղ ամեն տարի ապրիլի 23-ին եւ 24-ին հայ համայքնի անդամները համախմբվում են նորից ու նորից իրենց բողոքն ու ցեղասպանության ճանաչմանն ուղղված կոչը բարձրաձայնելու համար:

«Մենք ոչ մեկից ոչ մի բան չենք խնդրում եւ պետք չունենք խնդրելու: Մենք արդարություն ենք պահանջում», - ասաց հուշարձանի մոտ հավաքված հայերից մեկը:

Ամերիկյան ժամանակով վաղը առավոտվանից սկսած Լոս Անջելեսի վարչաշրջանի տարբեր քաղաքներում սպասվում են բողոքի ցույցեր եւ քայլարշավներ: Մոնթեբելլո քաղաքում տեղի կունենա ցեղասպանության զոհերի հիշատակնին նվիրված միջոցառում, որին ներկա կլինեն նաեւ ամերիկացի քաղաքական գործիչներ: Բողոքի ցույց տեղի կունանա թուրքական հյուպատոսարանի առջեւ, որին սովորաբար ներկա են լինում մի քանի հազար հայեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG