Մատչելիության հղումներ

logo-print

Հայ դատի հանձնախումբը կրկին քննադատում է Օբամային


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Հոլոքոսթի թանգարանում, Վաշինգտոն, 23-ը ապրիլի, 2012թ.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Հոլոքոսթի թանգարանում, Վաշինգտոն, 23-ը ապրիլի, 2012թ.

Հոլոքոսթի թանգարանում իր ելույթում ԱՄՆ-ի նախագահը չի հիշատակել Հայոց ցեղասպանությունը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կրկին քննադատում է Բարաք Օբամային: Այս անգամ պատճառը երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնի Հոլոքոսթի թանգարանում Միացյալ Նահանգների նախագահի հնչեցրած ճառն է, որում Օբաման, հիշատակելով վեց միլիոն հրեաների ողջակիզման մասին, անդրադարձավ նաեւ 20-րդ դարի մյուս ցեղասպանություններին` խոսք անգամ չասելով հայերի հետ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի մասին:

«Կամբոջայում, Ռուանդայում, Բոսնիայում, Դարֆուրում իրականացված սպանությունները ցնցեցին մեզ: Դրանք անհանդուրժողականության եւ տգիտության ծայրահեղ դրսեւորումներ էին: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի ատելության սերմերն արմատավորվեն մեր սրտերում: Երբ մենք ասում ենք` «Այլեւս երբեք», մենք նկատի ունենք, որ ատելությունն իր բոլոր դրսեւորումներով, այդ թվում` հակասեմականությունը, տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում», - հայտարարեց Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահի այս ուղերձից մի քանի ժամ անց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով. - «Նախագահ Օբաման իր ճառով պարզապես խաթարեց այլեւս երբեք ցեղասպանությունների կրկնությունը թույլ չտալու իր իսկ գաղափարը: Հայոց ցեղասպանության հերթական տարելիցից մեկ օր առաջ ելույթ ունենալով Հոլոքոսթի թանգարանում` նախագահ Օբաման հիշատակեց նախկինում իրականացված մի շարք ցեղասպանություններ, սակայն կատարյալ լռություն պահպանեց Հայոց ցեղասպանության մասին»։

Համբարյանը հատուկ հիշեցնում է, որ Հոլոքոսթի ծրագրերի մշակման ամենասկզբում անգամ Ադոլֆ Հիտլերն էր հիշատակում հայերի հետ Օսմանյան կայսրությունում կատարվածը:

«Ապրիլի 24-ին նախագահ Օբաման հնարավորություն ունի ցեղասպանությունների կանխման մասին իր խոսքերին իրական արժեք հաղորդել` մերժելով Անկարայի որդեգրած լռեցման քաղաքականությունն ու կատարելով իր իսկ խոստումը` պատշաճ կերպով դատապարտել Հայոց ցեղասպանությունն ու հարգել դրա զոհերի հիշատակը», - հայտարարում է Համբարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG