Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը նշում են Հարավային Ամերիկայում


Արմենիա հրապարակը Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում

Ինչպես միշտ, Հարավային Ամերիկայի հայերը տարբեր միջոցառումներով են նշում Հայոց ցեղասպանության նոր տարելիցը։

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի հայությունը ապրիլի 22-ին խաղաղ քայլարշավ է կազմակերպել Պաուլիստա գլխավոր պողոտայում։

Այսօր Արգենտինայում տեղի է ունենալու հատուկ պատարագ մայրաքաղաք Բուենոս Այրեսի հայկական Մայր տաճարում, արարողությունից հետո` հանդիսություն, ուր ելույթ է ունենալու քաղաքի կրթության նախարար Էստեւան Մուլրիչը, իսկ երեկոյան հայ երիտասարդները բողոքի ցույց են անցկացնելու Թուրքիայի դեսպանի կացարանի առջեւ։

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված 6 ձեռնարկ կա օրվա ընթացքում` դպրոցական միջոցառումներ, ծաղկեպսակների զետեղում հուշարձանների առջեւ, հանդիսություն Սենատի սրահներից մեկում, ուր խոսելու է երկրի փոխնախագահ Դանիլո Աստորին, եւ ավանդական հավաք-հանդիսությունը Արմենիա հրապարակում, ուր նախատեսված է Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Լուիս Ալմագրոյի ելույթը` երկրի գործադիր իշխանության անունից։

Այս տարի, նկատի ունենալով, որ Երեւանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, հայկական կազմակերպությունները որոշել են Ուրուգվայի ազգային գրադարանին նվիրել հայոց պատմությանը եւ մշակույթին վերաբերող բազմաթիվ գրքեր։ Այդ հանդիսությունը վայելում է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի հովանավորությունը։

Նույնպես Ուրուգվայում, երիտասարդությունը ուրբաթ երեկոյան քայլարշավ է կազմակերպելու` բողոքելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG