Մատչելիության հղումներ

Սարկոզին կմասնակցի ապրիլքսանչորսյան միջոցառմանը Փարիզում


Երեւանցիները ողջունում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին Հայաստանի մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում, 7-ը հոկտեմբերի, 2011թ.

Երեւանցիները ողջունում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին Հայաստանի մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում, 7-ը հոկտեմբերի, 2011թ.

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը աննախադեպ է։

Ակնկալվում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին այսօր Փարիզում անձնապես կմասնակցի Ֆրանսիայի նախագահը։

Les Nouvelles d’Armenie պարբերականի կայքէջի փոխանցմամբ, Ֆրանսիայի գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին մասնակցելու է տեղական ժամանակով ժամը 19-ին Կանադայի հրապարակում` Կոմիտասի արձանի մոտ տեղի ունենալիք փարիզահայերի հավաքին` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին։ Սարկոզին հանդես է գալու ելույթով եւ Ֆրանսիայի Հանրապետության անունից ծաղկեպսակ է դնելու Կոմիտասի արձանին։ Նրան ուղեկցելու են պետության բարձրաստիճան պատասխանատուներ եւ պահակախումբը։

Սա պատմական իրադարձություն է, քանի որ առաջին անգամն է, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը` իբրեւ այդպիսին, մասնակցելու է 1915 թվականի ցեղասպանության տարելիցի նշանավորումներին։

Ապրիլքսանչորսյան միջոցառումները Փարիզում կսկսվեն առավոտյան` քաղաքապետ Բերտրան Դելանոեի տարեկան ավանդական դարձած հրավերով։ Ներկա կլինեն հայ համայնքի կազմակերպությունների ղեկավարները, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, հոգեւոր առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, պատգամավորներ եւ անհատներ։ Կհնչեն ելույթներ, եւ ակնկալվում է, որ այս տարի էլ Փարիզի քաղաքապետը չի վարանի հիշեցնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը։

Կեսօրից հետո հոգեհանգստյան պատարագ կմատուցվի Փարիզի հայկական առաքելական եկեղեցում` ի հիշատակ ցեղասպանության նահատակների։

Անցած տարվա դեկտեմբերի 22-ին եւ այս տարվա հունվարի 23-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը եւ Սենատը հավանություն տվեցին Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ` մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք սահմանող օրինագծին, որը, սակայն, ավելի ուշ երկրի հիմնական օրենքին հակասող ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից։

Սահմանադրական խորհրդի վճռից անմիջապես հետո Նիկոլա Սարկոզին կառավարությանը կարգադրեց համանման նոր օրինագիծ մշակել` հաշվի առնելով գերագույն դատական ատյանի առարկությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG