Մատչելիության հղումներ

Հայաստանում եւ Սփյուռքում նշում են ցեղասպանության 97-րդ տարելիցը։

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։

Այսօր բազմահազար հայաստանցիներ, արցախահայեր, սփյուռքահայեր եւ օտարերկրյա հյուրեր են այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 97 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկեւկես միլիոն հայերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ են անցկացվում արտասահմանյան երկրներում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, սփյուռքահայ կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ։

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` սեւահանդերձ ապրիլի 24-ը, ոչ միայն մեր համազգային սգի, այլեւ մեր ապրելու համառության եւ բարոյական նկարագրի օրն է: Չլիներ մեր հիշողության համառությունը, մենք ո՛չ Սարդարապատ կունենայինք 1918-ին, ո՛չ էլ ազատ ու անկախ Հայաստան ու Արցախ եւ մեր կողքին՝ Հայոց Սփյուռք»:

«Այս օրը կանցնի եւ մենք կշարունակենք ապրել առօրյա մեր կյանքը, սակայն ակնթարթներ կան ժամանակի հոլովույթում, երբ մենք առանձնահատուկ կերպով միասնական ենք, հավաքական, անբաժանելի ու անբեկանելի: Այս օրը հենց այդ ակնթարթներից է` ազգահավաքի ու հայրենահավաքի: Երեք տարի հետո ոչ միայն Հայոց մեծ եղեռնի 100-ամյակն է, այլեւ հիշողությամբ ու կամքով ապրելու՝ «մի քանի հազար գումարած 100»-ամյակը: Ինչ ստեղծել ենք` այսուհետեւ էլ տեր ենք, ինչ կորցրել ենք` չենք մոռացել եւ չենք մոռանա, որովհետեւ դարձյալ դրա տերն ենք: Մենք մանկուրտ չենք, մենք Հայոց Աշխարհն ենք»:


Նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դնում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դնում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին:

Կեսօրից մոտ կես ժամ առաջ Ծիծեռնակաբերդ այցելեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: Երկրի նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Ամենայն հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Վեհափառ Հայրապետը ի հիշատակ Ցեղասպանության զոհերի Անմար կրակի մոտ հոգեհանգստյան կարգ մատուցեց:

Տարբեր ժամերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ու ծաղկեպսակներ դրեցին Հայաստանի քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը պետք է շարունակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը:

«Քանի դեռ Թուրքիայի իշխանությունները, իրենց վարչապետը, նախագահը, իրենց հասարակությունը չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վտանգ կա, որ Եվրամիություն ձգտում է մի երկիր, որն ապրում է նույն արժեքներով, որոնցով ապրում են երիտթուրքական եւ քեմալական Թուրքիան», - ասաց Շարմազանովը` մեկ անգամ եւս վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում. հարաբերություններ`առանց նախապայմանների:

Նրա խոսքով` Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ վերացնի Հայաստանի շրջափակումը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում Ցյուրիխում 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին նոր ընտրվելիք խորհրդարանում, Շարմազանովը պատասխանեց, թե Հայաստանը «քայլ չի կատարի, մինչեւ Թուրքիան քայլ չանի»:

«Ժառանգության» կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նույն հարցին ի պատասխան «հակասահմանադրական ու հակապետական» որակեց արձանագրությունները, ասաց, որ Հայաստանը պետք է հետ վերցնի իր ստորագրությունը. - «Պարզ է, որ այդ տեսքով որեւէ Ազգային ժողովում, հատկապես այնտեղ, ուր «Ժառանգություն»-ը իր գործընկերների հետ մեծամասնություն է կազմելու, նման արձանարգությունը չի դրվելու վավերացման»:

Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց ՀՅԴ-ի մոտեցումը հայ-թուրքական արձանագրություններին` նույնպես ասելով, որ դրանց տակից պետք է հանվի Հայաստանի ստորագրությունը` միաժամանակ առաջարկելով թե' Թուրքիային, թե' հնարավոր միջնորդներին նոր էջից սկսել հարաբերություններն ու բանակցությունները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի համոզմամբ` պետք է շարունակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքները. - «Մենք համոզված ենք, որ Թուրքիայի Հանրապետությունը մի օր ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը եւ դրանով սկիզբ է դնելու հարեւան երկու ժողովուրդների նորման փոխհարաբերություններին եւ փոխըմբռնմանը: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մենք ուղղակիորեն չենք կապում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցի հետ»:

Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եկան Ազատության հրապարակից մեկնարկած երթով: Կոնգրեսի առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն նախորդ տարիների, երթին չէր մասնակցում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը` Տեր-Պետրոսյանը վատառողջ է:

ՀԱԿ-ի ղեկավար անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

ՀԱԿ-ի ղեկավար անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

«Ազատություն » ռադիոկայանի հետ զրույցում Զուրաբյանն ասաց. - «Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է ոչ միայն հայերի նկատմամբ, այլ մարդկության նկատմամբ: Մեր կարծիքով, մեծագույն սխալ կատարվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից, երբ նա այս հարցը դարձրեց ընդամենը հայ-թուրքական միջպետական վիճաբանության հարց»:

Աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ՝ այդ թվում Ուրուգվայը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Արգենտինան, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:


XS
SM
MD
LG