Մատչելիության հղումներ

logo-print

ՀԴԿ ղեկավարը խոսում է կոալիցիայի «ֆորմալ բնույթի» մասին


Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ գործող կոալիցիան ֆորմալ բնույթ է կրել:

«Որովհետեւ այդ կոալիցան, որը որ գործել է հինգ տարի, եւ հիմա նոր այդ նույն կուսակցությունները` Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Օրինաց երկիրը» գալիս են ժողովրդին ասում են, այ հիմա կսկսենք սոցիալական խնդիրներ լուծել: Սա իրականում սոցիալական նոնսենս է», - ասաց Սարգսյանը:

Հանդիպումը տեղի էր ունենում Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, սակայն ներկաները մեծ թիվ չէին կազմում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկաներից ոմանք նշեցին, որ դրա պատճառներից մեկը տիրող վախի մթնոլորտն է:

«Շատերը չեն գա, որովհետեւ կզրկվեն աշխատանքից: Նրանց վրա ճնշում է գործադրվում, որպեսզի աշխատանքից չզրկվեն, մարդիկ էլ ստիպված իրենց ձայները պետք է տան Հանրապետականին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց մի կին:

Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցությունը իրավունք ունի հայտարարել, որ իշխանության գալով կլուծեն սոցիալական խնդիրները: Նա զավեշտալի է համարում այն, որ նման հայտարարություններով հանդես են գալիս այն կուսակցությունները, որոնք կառավարություն են կազմել:

«Այն կուսակցությունները, որոնք այսօր կառավարություն են կազմել, ովքեր իշխանություն են, նրանք չգիտես ինչու, հանկարծ հիշել են, որ մարդիկ սոցիալական լուրջ պրոբլեմներ ունեն: Բա մինչեւ հիմա ինչո՞ւ չէիք լուծում», - հարցնում է Սարգսյանը:

ՀԴԿ-ի ղեկավարը անդրադարձավ նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, որ հավասար հնարավորություններ են ստեղծվել բոլոր կուսակցությունների համար:

«Այսօրվա դրությամբ հեռուստատեսությունը իրոք մեզ բավական հնարավորություն է տվել մեր ծրագիրը ներկայացնելու համար: Դա իրոք աննախադեպ է այս պայմաններում, բայց այլ հարցերում մենք ո՞նց ենք հավասար: Ֆինանսական այն կարողությունները, որոնք օգտագործվում են այսօր ընտրարշավի ժամանակ, դրանք խիստ տարբերվում են իրարից: Ես ասեմ, որ այդ ամենը արդեն իրենց դեմ է աշխատում, որովհետեւ անգամ մեծ միջոցներ են ծախսում, բայց հետները ավտոբուսներով Երեւանից ժողովուրդ են բերում, որ իբր թե ցույց տան, թե այստեղ 1000-ները եկել են իրենց դիմավորելու», - ասաց Սարգսյանը:

Վանաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԴԿ-ն առաջարկում է փոխել կառավարման ողջ համակարգը: Նա նաեւ հավելեց, որ խորհրդարանում իրենց ներկայությամբ լուրջ ազդեցություն են ունենալու բոլոր որոշումների կայացման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG