Մատչելիության հղումներ

logo-print
Իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քարոզարշավի շրջանակում ընտրողներին հորդորում է զգուշությամբ վերաբերվել քարոզարշավի ընթացքում տրվող խոստումներին, քանի որ այս նախընտրական շրջանում բազմաթիվ անհավատալի խոստումներ են տրվելու՝ թոշակների եւ աշխատավարձերի կրկնակի բարձրացում, անտոկոս վարկեր, անվճար ջուր եւ այլն։

Մինչ երկրի նախագահը նման խոստումները համարում է անհավատալի, «Ժառանգություն», «Դաշնակցություն», «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ու Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները իրատեսական են համարում ինչպես աշխատավարձերի, այնպես էլ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումը:

Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Համբարձումյանը իրատեսական է համարում իրենց նախընտրական ծրագրով նախատեսված կենսաթոշակների կրկնապատկումը: Դաշնակցությունը նախատեսում է միջին կենսաթոշակն ու նվազագույն աշխատավարձը դարձնել 63.000 դրամ:

«Տնտեսական քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ կատարելու պարագայում [խոսքը թե' հարկաբյուջետային քաղաքականության, թե' դրամավարկային քաղաքականության, թե' արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության, թե' փոքր ու միջին բիզնեսի խթանմանն ուղղված քաղաքականության մասին է] մենք միանգամայն իրատեսական ենք համարում, որ մեր երկրի պետական բյուջեն կարող ենք եռապատկել, իսկ համախառն ներքին արդյունքը կարող ենք կրկնապատկել», - «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում ասաց Համբարձումյանը:

Դաշնակցական գործիչը հիշատակում է 2007 թվականը, երբ իրենց կուսակցությունը, մաս կազմելով իշխանությանը, ելքեր գտավ բարձրացնելու կենսաթոշակները միջինը 67 տոկոսով. - «Եվ 2008 թվականի հունվարի 1-ից, խորհրդարանական ընտրությունների այդ բուռն քարոզարշավից ընդամենը մի քանի ամիս հետո, պարզվեց, որ մեր երկրում հնարավոր է կենսաթոշակները բարձրացնել: Ես փաստն եմ արձանագրում` ի հեճուկս բոլոր հակառակ տեսակետներն ունեցողների, որ ցանկության դեպքում միշտ էլ հնարավորությունների կարելի է գտնել, միշտ էլ կարելի է այդ բարձրացումները անել»:

Նախկին նախարարը կարծում է, որ անհրաժեշտ է պարզապես ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել, զարգացնել արտահանմանն ուղղված քաղաքականությունը, ավելացնել ներդրումները. - «Գործող կառավարության ամբողջ նախընթաց ժամանակահատվածի տնտեսական քաղաքականության արդյունքում, ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների, աշխատատեղերի թիվը ավելացել է 18 հազարով: Սա խայտառակ ցուցանիշ է: Ըստ էության, այս կամ այն երկրի կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության կարեւորագույն չափորոշիչներից մեկը պիտի լինի աշխատատեղերի ստեղծումը»

«Ժառանգություն» կուսակցությունը խոստանում է միջին աշխատավարձը դարձնել 200.000 դրամ, իսկ կենսաթոշակը առաջին տարում հասցնել 80.000 դրամի:

Կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրատեսական է համարում իրենց խոստման իրականացումը` եթե կոռուպցիան նվազեցվի:

«Այսօր նույնիսկ պետությունը այդ միջոցները ունի: Ուղղակի այդ միջոցները յուրացվում են` չվճարված հարկերի ձեւով, գողացված բյուջետային ռեսուրսների ձեւով… Կամ էլեմենտար` վատ տնտեսվարման արդյունքում. ոնց որ այդ տրանսֆերտները 1.5-2 միլիարդ դոլար մտնում են Հայաստան, այնպես էլ դուրս են գալիս` սպասարկելով մեր առեւտրային բացասական սալդոն», - ասաց նա:

Խուրշուդյանի խոսքով` նոր կառավարությունում մեծամասնություն կազմելու պարագայում իրենք կարող են իրականցնել իրենց ծրագիրը` ապահովել տարեկան միջինը 1.5 միլիարդ դոլարին համարժեք ներդրումներ, իսկ առաջիկա 10 տարիների համար Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 4 միլիոնի:

«Այս թվերը ոչ թե պատահական են, այլ ստացվել են վերլուծությունների արդյունքում»,- ասաց նա` շարունակելով. - «Այնպես չլինի, որ մենք դառնանք կառավարության մաս, բայց այս ծրագրերը չկարողանանք իրականացնել, որովհետեւ, ասենք, ավելի խոշոր ուժը ասի` չէ, մենք ուրիշ ծրագիր ունենք… Այդպիսի ուժերի հետ մենք, բնականաբար, երբեք կոալիցիա չենք կազմի եւ միշտ կպայքարենք նման ուժերի դեմ», - հավելեց Խուրշուդյանը:

Իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցությունում եւս կարծում են, որ նման հնարավորություններ կարող են լինել: Կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի կարծիքով, իրենք առաջարկում են մշակել «Աշխատատեղեր եւ արժանապատիվ վարձատրություն» ազգային ռազմավարությունը, նաեւ բարեփոխել կենսաթոշակային ոլորտը:

«Թոշակների բարձրացումը միանշանակ կլինի: Մենք ասում ենք շատ ռեալ թվեր, միաժամանակ մենք ծրագրային դրույթներով ասում ենք, որ թոշակը պետք է կազմի միջին աշխատավարձի 35-40 տոկոսից ոչ պակաս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շահգելդյանը:

Մարդիկ, սակայն, որեւէ մեկի խոստմանն արդեն չեն հավատում:

«Ամիսը 120-130 հազար աշխատավարձ են տալիս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի տղամարդ` շարունակելով. - «Լույս, հեռախոս մուծում ենք, մակարոն ունելով ապրում ենք, էլի: Ոչ մեկին էլ հավատալու չի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG