Մատչելիության հղումներ

ՀԱԿ անդամը իրատեսական է համարում իրենց տնտեսական ծրագիրը


ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյան

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյան

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր միավորման ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ամենեւին էլ անիրատեսական չի համարում ՀԱԿ-ի տնտեսական ծրագրի այն դրույթները, որոնցով նախատեսվում է բյուջետային աշխատավարձերի, ինչպես նաեւ թոշակների եւ նպաստների բարձրացում:

Իր նախընտրական հանդիպումներում նախագահ Սերժ Սարգսյանը բնակչությանը հորդորում է չհավատալ այն ուժերին, որոնք խոստանում են աշխատավարձերի եւ թոշակների կտրուկ բարձրացում, քանի որ դրանք, ըստ նրա, անիրատեսական խոստումներ են:

«Մենք հաշվարկել ենք եւ բացի մեր հաշվարկներից կան նաեւ միջազգային մասնագետների հաշվարկներ, որ մեր բյուջեն մինիմում կրկնապատկելու հնարավորությունը ռեալ կա այսօրվա տնտեսական ցուցանիշի պայմաններում, իսկ բյուջեի ավելացումը իր հերթին հիմնականում նշանակում է հենց այդ սոցիալական խնդիրների լուծում», - «Ազատություն» ռադիոիակային հետ զրույցում հակադարձեց Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով` բյուջեի կրկնապատկումը կարող է տեղի ունենալ փաստացի առկա ստվերային եկամուտները հարկային դաշտ բերելու արդյունքում:

«Վերցրեք ամենահասարակ օրինակը` շաքարավազի օրինակը: Եթե նայեք անցյալ տարի մինչեւ հունիս ամիսը շաքարավազի հարկման մեխանիզմը եւ հունիսից հետո, կտեսնենք էական փոփոխություն, որովհետեւ Հայաստանում ներկրվող ապրանքները մաքսազերծվում են կամ հարկվում են ոչ այն գներով, որ գոյություն ունի միջազգային շուկայում: Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունում այնպիսի բիզնեսմեններ են հայտնվել, որոնք կարող են միջազգային գներից ցածր շաքարավազ, կարագ, յուղ, հացահատիկ, օղի եւ այլն ներմուծել, բայց երբ խորանում ես` պարզվում է նրանք կարողանում են ոչ թե ներմուծել այդպիսի էժան գներով, այլ պարզապես այդպես ձեւակերպվում է: Եվ այդ պատճառով է, որ Հայաստանում մրցակցություն չկա», - ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա` վերջին մի քանի տարիներին ՀԱԿ-ը բավականաչափ աշխատանք է իրականացրել համապարփակ եւ արդյունավետ տնտեսական ծրագրեր մշակելու ուղղությամբ: Այդ ծրագրերն ինքնին այն իրողության ապացույցն են, որ ՀԱԿ-ը վճռական է տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում, ասում է Խաչատրյանը:

«Ես նկատի ունեմ «100 քայլը», գյուղատնտեսության վերաբերյալ մեր արդեն հայտնի ծրագիրը… նույնը վերաբերում է բոլոր բնագավառներին, որ մենք կարողացանք այս երկու տարվա ընթացքում ներկայացնել», - ասաց նա:

Խաչատրյանը, ի թիվս տնտեսության այլ ճյուղերի, ընդգծում է ծրագրի գյուղատնտեսությանն առնչվող մասի կարեւորությունը: Այս ծրագրի էական տարրերից է, այսպես կոչված, գյուղատնտեսական վարկերի համաներումը: Հարցին, թե արդյո՞ք խոսքը վերաբերում է արդեն իսկ վերցրած վարկերի գծով կուտակված պարտքերի ներմանը, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց. - «Չասեմ վերցված վարկերի, որովհետեւ դա պարունակում է ամբող մի համակարգ. եւ պարտքերին է վերաբերում, եւ ապագայում վերցվող վարկերին է վերաբերում, եւ ընդհանրապես գյուղատնտեսության բնագավառի վարկավորման ամբողջ համակարգի էական փոփոխությանը, որը կհանգեցնի նրան, որ գյուղացին հնարավորություն կստանա մատչելի գումարներով վարկեր ստանալ, որպեսզի նա կարողանա աշնանը բերքահավաքից հետո վերադարձնել այդ վարկերը եւ չընկնի այն վիճակում, որ հիմա է ընկել, այսինքն տունը, հեռուստացույցը եւ այլն գտնվում են գրավի տակ»:

ՀԱԿ ներկայացուցչի հավաստմամբ` ՀԱԿ-ի տնտեսական ծրագիրն անդրադառնում է նաեւ Հայաստանի արտաքին պարտքի զսպմանը եւ սպասարկման առնչվող խնդիրներին:

«Արտաքին պարտքը միանշանակ կրիտիկական չափերի է հասել, եւ մենք իրավունք չունենք այդ արտաքին պարտքի մեծացման մասին խոսել: Մենք պետք է կարողանանք մտածել, թե ինչպես սպասարկենք այդ պարտքը, որովհետեւ միայն այս տարի նախատեսվում է, որ մոտ 150 միլիարդ դրամ պետք է վճարենք եւ առաջիկա 2 տարիներն էլ ծանր են լինելու: Իսկ դա կարող ենք անել միայն այն դեպքում, երբ տնտեսությունը արտահանման միտված լինի, եւ մենք կարողանանք այնպիսի տնտեսական համակարգ ստեղծել, որը կաշխատի ոչ միայն ներքին շուկայի համար, այլ նաեւ արտահանմանը ուղղված կլինի: Դա կարող ենք անել միայն այն դեպքում, եթե Հայաստանում վերականգնվի մրցակցությունը, երբ կարողանանք ձերբազատվել մենաշնորհային տնտեսությունից», - ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվել թիվ 8 ընտրատարածքում: Նա նաեւ ընդգրկված է ՀԱԿ-ի համամասնական ցուցակում, որտեղ զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG