Մատչելիության հղումներ

Օլանդը եւ Սարկոզին կմրցեն ընտրությունների երկրորդ փուլում


Ֆրանսիա – Համակցված նկար՝ նախագահի երկու թեկնածուները քվեախցից դուրս գալու պահին՝ Նիկոլա Սարկոզին (ձախից) եւ Ֆրանսուա Օլանդը, 22-ը ապրիլի, 2012թ․
Ֆրանսիա – Համակցված նկար՝ նախագահի երկու թեկնածուները քվեախցից դուրս գալու պահին՝ Նիկոլա Սարկոզին (ձախից) եւ Ֆրանսուա Օլանդը, 22-ը ապրիլի, 2012թ․
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի պաշտոնական արդյունքների համաձայն` սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլանդը եւ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին անցնում են քվեարկության երկրորդ փուլ: Օլանդի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած ընտրողների 28.6, իսկ Սարկոզիի օգտին` մոտ 27 տոկոսը: Նախնական արդյուքների հրապարկումից մոտ մեկ ժամ անց ընտրարշավի առաջատարը հանդես եկավ բոցաշունչ ճառով, բայց ոչ թե Փարիզում, այլ Ֆրանսիայի ոչ մեծ քաղաքներից մեկում` Տուլեյում:

«Մայիսի վեցին ես ցանկանում եմ հաղթանակ տոնել, գեղեցիկ հաղթանակ` նույնքան սքանչելի, որքան Ֆրանսիան է: Մինչեւ երկրորդ փուլն ընկած ժամակահատվածում ես հանդիպելու եմ շարքաին ֆրանսիացիների հետ, պատմելու եմ մարդկանց, թե ինչ մեծ հպարտությամբ եմ անցկացնում իմ քարոզարշավը: Խոստանում եմ նաեւ, որ նույն հպարտության զգացումով էլ կկառավարեմ երկիրը», - հայտարարել է Օլանդը:

Սարկոզին թեկնածուներից վերջինն էր, որ անցած գիշեր դուրս եկավ իր ընտրողների մոտ:

«Սիրելի հայրենակիցներ: Ընտրողների մասնակցության 80 տոկոսանոց ցուցանիշը վկայում է, որ ֆրանսիացիները հասկանում են, թե ինչ կարեւոր ընտրության առաջ են կանգնած: Քվեարկության արդյունքները նաեւ ցույց տվեցին, թե որքան սխալ էին տարատեսակ կանխատեսումները», - հայտարարեց Սարկոզին` ըստ ամենայնի, ակնարկելով վերջին շաբաթներին հրապարակվող սոցհարցումները:

Ֆրանսիացի սոցիոլոգները պնդում էին, թե Օլանդը շատ ավելի համոզիչ հաղթանակ է տոնելու: Իրականում, սակայն, երկու թեկնածուների միջեւ քվեների տարբերությունը մոտ 500 հազար ձայն է կազմում` մոտ 46 միլիոն մասնակիցների ընդհանուր թվաքանակի պարագայում: Բացի այդ, Սարկոզիի ամենահավանական դաշնակիցը երկրորդ փուլում` ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լե Պենը սպասվածից ավելի բարձր ցուցանիշ արձանագրեց` քվեների մոտ 18 տոկոսով վստահորեն զբաղեցնելով երրորդ տեղը: Ազգայնականների առաջնորդը խոստացել է մայիսի մեկին բացահայտել, թե ում օգտին կոչ կանի քվեարկել իր 6 միլիոն ընտրողներին:

Վերջում հավելենք, որ ընտրելու իրավունք ունեցող ֆրանսահայերի քվեները կարծես հավասարապես կիսվել են Սարկոզիի եւ Օլանդի միջեւ: Հայաշատ Իսի-Լե Մուլինոյում Սարկոզին հավաքել է քվեների 32, իսկ Օլանդը` 31 տոկոսը: Լիոնից ոչ հեռու գտնվող մեկ այլ հայաշատ բնակավայրում` Վալանսում, Օլանդի օգտին է քվեարկել ընտորղների 30, իսկ Սարկոզիի օգտին` 26 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG