Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան. «Երկիրը անդունդի եզրին է»


Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում քարոզարշավի շրջանակներում, ապրիլ, 2012թ.
Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում քարոզարշավի շրջանակներում, ապրիլ, 2012թ.
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը շաբաթ օրը Գառնիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե երկիրը անդունդի եզրին է հայտնվել։

«Չեմ չափազանցում` Հայաստանը վերածվել է դժոխքի», - ասաց առաջին նախագահը։

«Ժողովրդի 98 տոկոսը թշվառության մեջ է ապրում` ե՛ւ գյուղում, ե՛ւ քաղաքում։ Ձեզ տալիս են 20 հազար [դրամ] ընտրակաշառք, ստանում են իշխանություն չորս-հինգ տարվա` չորս-հինգ տարվա մեջ նրանք ձեզանից յուրաքանչյուրի գրպանից խլում են 10 հազար դոլար», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը` շարունակելով. - «Հայաստանի բյուջեն երկուսուկես միլիարդ դոլար է։ Միջազգային ամենալուրջ փորձագիտական գնահատականներով` Հայաստանի բյուջեն պետք է լիներ յոթուկես միլիարդ դոլար։ Այսինքն` տարեկան հինգ միլիարդ դոլար Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, նրանից առաջ` Ռոբերտ Քոչարյանը, իր ամբողջ իշխանական բուրգը, գողանում է ձեզանից»։

Նրա խոսքով, եթե այս ընտրություններում հաղթի Հանրապետական կուսակցությունը` դրանով ապահովվելու է Սերժ Սարգսյանի հաղթանակը հաջորդ նախագահական ընտրություններում։

Կոնգրեսի առաջնորդը կրկին արտագաղթի թեմային անդրադաձավ` պնդելով, որ այն ոչ միայն սոցիալական, այլեւ երկրի գոյության խնդիր է դարձել:

Ըստ Տեր-Պետրոսյանի` 1998 թվականից մինչեւ օրս Հայաստանից մեկ միլիոն մարդ է հեռացել։ «Մարդկանց հնարավորություն չեն տալիս շնչելու, մարդկանց թշվառության են մատնել։ Ստալինը զոռով էր մարդկանց տանում Յակուտսկ, Ալթայ, Սիբիր, հիմա Սերժ Սարգսյանը էնպիսի թշվառության է մատնել ժողովրդին, որ ժողովուրդը կամավոր է գնում հիմա նույն իրենց պապերի լագերները», - ասաց նա։

«Ոչ մի ներգաղթ չի կարող տեղի ունենալ, քանի դեռ Հայաստանից չեն արտագաղթել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը», - հայտարարեց Կոնգրեսի առաջնորդը։

Արտագաղթի մասին խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ այն կանգնեցնելու միակ ճանապարհը ներգաղթ ապահովելն է, բայց ով գալիս է կապիտալ ներդնելու` խլում են, մասնաբաժին են ուզում։

«Դե գնացեք` մի երկու պարկ շաքար փորձեք ներկրեք Հայաստան` տեսնեմ կարո՞ղ եք, գնացեք, փորձեք բենզին բերել Հայաստան` տեսնեմ կարո՞ղ եք, ձեթ բերեք Հայաստան` տեսնեմ կարո՞ղ եք, որեւէ բան փորձեք բերեք Հայաստան` տեսնեմ կարո՞ղ եք։ Էսօր էս իշխանությունը, էս օլիգարխիան մարդկանց վերջին կոպեկները ձեռքից խլում է», - հայտարարեց նա։

Փաշինյանը կրկին ներկայացրեց վերջերս շրջանառության մեջ դրած իր «30 վայրկյան» կոչվող կարգախոսը` ասելով. - «Մինչեւ վերջին օրն էլ պնդեք, թե իշխանություններին եք ընտրելու, մի մասնակցեք մեր հանրահավաքներին, եթե հետո խնդիրներ եք ունենալու, բայց քվեարկության օրը 30 վայրկյանում հեղափոխություն արեք, ընտրեք Կոնգրեսին»:

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանն էլ հայտարարեց, թե Հանրապետական կուսակցությունը անցած ընտրություններին ներկայացրած նախընտրական ծրագրի ոչ մի կետ չի իրագործել, եւ չկա մի բան, որ կարող է արդարացնել իշխանությունների վերընտրվելը. - «Ծայրից ծայր սուտ է, եւ այսօր այդ ստի հետ միասին մեզ համոզում են, որ հավատանք, որ փոխվենք»։

ՀԱԿ-ը Գառնիում մեծամասնական ընտրակարգով հենց այս կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանին է առաջադրել, ում օգտին էլ Կոնգրեսի ներկայացուցիչները գառնեցիներին կոչ էին անում քվեարկել:

Եղիազարյանը ասաց, թե գիտի` Գառնիում 15-հազարական դրամ (շուրջ 38 դոլար) ընտրակաշառք են խոստանում, եւ շարունակեց. - «15 հազար ձեզ չի հասնի` ձեզ կհասնի 5 հազար, կեսին կհասնի, կեսին չի հասնի։ Հաջորդ օրը բրինձը կթանկանա 10 տոկոս, հացը կթանկանա 15 տոկոս, եւ էսպես շարունակ։ Մեկ շաբաթ հետո ինչ որ տվել են` տասնապատիկ, հարյուրապատիկ ձեզանից հետ են վերցնելու։ Ամեն ինչ սրանով կավարտվի, ինչպես միշտ եղել է»։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւս իր ելույթում Հանրապետական կուսակցության նախկինում տված խոստումներն էր վկայակոչում։ Ո՞ր երիտասարդ ընտանիքը տուն եւ ավտոմեքենա ստացավ, հարցնում էր նա։

«Որեւէ խոստում կատարված չի։ Դուք պիտի աղքատ լինեք, [...] դուք որ հարուստ եղաք` կմտածեք դեմոկրատիայի մասին, մեծ-մեծ բաների մասին կմտածեք, դուք չպիտի դրան հասնեք, դուք պետք է անընդհատ կռացած լինեք կենցաղային, նյութական հոգսերի մեջ. սա է իրանց կրեդոն, սա է իրանց փիլիսոփայությունը», - հայտարարեց նախկին վարչապետը` ամփոփելով. - «Եթե մայիսի 6-ին մեզ մոտ ճեղքում չստացվի, մենք ահավոր ձեւով կտուժենք։ Չի կարող էս թելը ձգվի` մի օր պրկվելու է, մի օր էս թելը կտրվելու է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG