Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Կան բաներ, որ անհնար էին երեկ, բայց հնարավոր են այսօր»


Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում քարոզարշավի շրջանակներում, ապրիլ, 2012թ.

Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում քարոզարշավի շրջանակներում, ապրիլ, 2012թ.

Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը թե՛ աշխատանքային այցով, թե՛ քարոզարշավի շրջանակում եղավ Լոռու եւ Տավուշի մարզերում։

Լոռու մարզում երկրի ղեկավարը մասնակցեց Զամանլուի կամրջի բացմանը։ Վանաձորից գնացքով շարժվեցին դեպի Վահագնաձորի Շահալի կայարան, որտեղ նախագահը ծանոթացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից իրականացվող ծրագրերին։

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հետ քննարկեց Վանաձոր - Ֆիոլետովո երկաթգծի շինարարության հետ կապված հարցերն ու զարգացման ծրագրերը։

Կամրջի բացումից հետո նախագահը արդեն քարոզարշավի շրջանակներում այցելեց Օձուն համայնք, որտեղ իր ելույթում նշեց, որ պետք է նոր ժամանակների պահանջներին համընթաց շարժվել։

Թե ինչու շատ բան դեռեւս արված չէ` Սերժ Սարգսյանը հայտարարեց. - «Երբեմն ոմանք հարց են տալիս` «ինչո՞ւ հիմա, եթե անող էիք` մինչեւ հիմա անեիք»։ Պատասխանում եմ` արել ենք եւ հիմա էլ անում ենք, որովհետեւ կան բաներ, որ անհնար էին երեկ, բայց հնարավոր են այսօր, որովհետեւ հիմա մենք արդեն ունենք հիմնաքարերը, որովհետեւ հասունացել են լուծումները»։

Թե՛ Օձունում, թե՛ Ալավերդիում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանը խորհուրդ տվեց ընտրությունների գնալուց առաջ ծանրութեթեւ անել, ապա նոր իրենց ձայնը տալ այն կուսակցությանը, որի հետ կապում են իրենց ապագան։

«Ես ձեզ խնդրում եմ` մինչ մայիսի 6-ին քվեախցիկ մտնելը ծանրութեթեւ անել, հստակ կողմնորոշվել, այնուհետեւ քվեարկել։ Քվեարկեք այն քաղաքական ուժի օգտին, ով ձեր կարծիքով կարող է Հայաստանը զարգացնել», - ասաց նախագահը։

Վանաձորում, Օձունում, նաեւ Ալավերդիում շատերը հավաքվել էին եւ ցանկանում էին իրենց նամակները հանձնել նախագահին։

Խնդրանքները շատ էին հատկապես Օձունում, որտեղ բազմաթիվ մարդիկ մոտեցան նախագահին. մի մասը անձնական խնդիրներ էր բարձրաձայնում, մյուս մասն էլ երկրում տիրող ընդհանուր իրավիճակից էր բողոքում եւ խնդրում էր երկրի ղեկավարին աշխատատեղեր բացել։

Սերժ Սարգսյանը ընտրողներին խնդրեց այս ընտրությունները չդիտարկել որպես ճակատամարտ կամ կենաց ու մահվան խնդիր. - «Այս ընտրությունները դիտարկեք որպես շատ մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն, բայց ոչ` աշխարհի վերջը որպես։ Մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7-ը, 8-ը, 9-ը, եւ այնպես չլինի, որ մայիսի 6-ից հետո հարեւանը հարեւանի հետ թշնամանա, բարեկամը բարեկամի հետ թշնամանա»։

Ալավերդիում Սերժ Սարգսյանի այցը նաեւ աշխատանքային էր` տեղի ունեցավ քաղաքի հիվանդանոցի բացումը։

Հիվանդանոցի տնօրեն Ստեփան Մոսինյանը նշեց, որ բժշկական կենտրոնը սպասարկում է ոչ միայն Ալավերդի համայնքի, այլ նաեւ տարածաշրջանի 29 գյուղերի 48 հազար բնակչությանը։

«Բժշկական կենտրոնի ստացիոնար մասը լիովին հիմնանորոգված է, լիովին վերազինված է ժամանակակից ե՛ւ սարքավորումներով, ե՛ւ գույքով։ Այս հիմնանորոգումը եւ վերազինումը մեր ազգաբնակչությանը տալու է շատ նորմալ պայմաններ, է՛լ ավելի է բարձրացնելու հիվանդանոցային բուժօգնությունը եւ սպասարկումը», - ասաց Մոսինյանը։

Նախագհը եղավ նաեւ Տավուշի մարզում, որտեղ ծանոթացավ միջպետական ավտոճանապարհի` սողանքից փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներին։

Այդ աշխատանքների համար տրամադրվել է 560 միլիոն դրամ (շուրջ 1.4 միլիոն դոլար)։ Այժմ կատարված է աշխատանքների մոտ 35 տոկոսը, իսկ մինչ դրանց ավարտը գործում է շրջանցիկ ճանապարհ, որի կառուցման համար ծախսվել է 10 միլիոն դրամ։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG