Մատչելիության հղումներ

Ապրիլի 21-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ես չեմ վախենում Սերժ Սարգսյանի, չեմ վախենում Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից։ Ես ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, եթե նախագահ դառնա Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը։ Նրանք, իհարկե, տարբեր ձեւով են ղեկավարելու, բայց բանական մարդիկ լինելով, պաթոլոգիկ հակումներ չունենալով` կփորձեն պահպանել ներքին կայունությունն ու համերաշխությունը։ Միակ մարդը, որի իշխանությունից ես վախենում եմ, Ռոբերտ Քոչարյանն է։ Վախենում եմ ոչ անձամբ ինձ համար. պարզապես այդ նախագահի օրոք տեղի է ունեցել առնվազն երկու իրադարձություն` Հոկտեմբերի 27 եւ Մարտի 1, որոնք երկու անգամ մի քանի տարով ետ գցեցին մեր երկրի զարգացումը։ Վերը թվարկված գործիչներից ոչ մեկը դա թույլ չէր տա։ Առաջին նախագահը կարող է անկեղծորեն վիրավորվել, երբ ինչ-որ մեկը իր նման չի մտածում, ներկայիս նախագահն այդպիսի մարդուն կփորձի համոզել իր ճշմարտացիության մեջ։ Երկրորդ նախագահը, երբ տեսնում է, որ իր հետ համաձայն չեն, զուտ բնազդորեն ձեռքը տանում է դեպի ատրճանակը»։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը ասում է, թե այս ընտրությունների ժամանակ ընթանում են Նիկոլ Փաշինյան - Սամվել Ալեքսանյան - Ռուբեն Հայրապետյան մենամարտեր։ «Մենամարտի այս ռաունդն ի՞նչ հաշվով է ավարտվել», - լրագրողի այս հարցին սոցիոլոգը պատասխանում է. - «Վերջացել է ոչ-ոքիով։ Պարտվել են կանանց շարժումը եւ հասարակությունը։ Որպես քաղաքական գործընթացների մասնակից` կանանց շարժումը պարտվեց։ Օլիգարխները նույնպես կորուստներ կրեցին. նրանց ռեսուրսը փողն է, ազդեցությունն ու իշխանությունը։ Նրանք այդ ռեսուրսով կանանց ներքաշեցին այս պայքարի մեջ, եւ ամբողջ կանանց շարժումը Հայաստանում հզորագույն պարտություն կրեց, որը ավելի քան 20 տարի նպաստում էր, որ կանայք մտնեն քաղաքականության մեջ։ Կանայք օգտագործվեցին որպես գործիք եւ դրանով իսկ վարկաբեկեցին իրենց եւ հարցականի տակ դրեցին կնոջ դերը քաղաքականության մեջ։ Այս միջադեպով գործընթացները վերադարձվեցին այն մակարդակին, որը կար 90-ականներին։ Կինը կարող է մտնել քաղաքականության մեջ, եթե չի ծառայում տղամարդկանց եւ փող ունեցողներին, այլ ունի սեփական նպատակ եւ իրականացնում է ընտրողի կամքը»։

«Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը ասում է. - «Մի խնդիր կա, որի մասին ուզում եմ խոսել։ Քաղաքական ուժերը այնքան են մտել նախընտրական ազարտի մեջ, որ արդեն մոռացել են Ղարաբաղը։ Ամբողջ քարոզարշավը նվիրված է հիմնականում սոցիալական բլոկին, եւ Ղարաբաղի հարցը մի տեսակ հայտնվել է երկրորդական պլանում։ Մեր կարեւորությունը նախեւառաջ տեսնում ենք նրանում, որ առանց Հանրապետականի վճռական դերակատարության անհնար է հաղթահարել այն արտաքին մարտահրավերները, որոնք ծառացած են պետության առջեւ. ոչ թե այն իմաստով, որ ուրիշները ավելի քիչ են մտածում Ղարաբաղի մասին, այլ որ մեր ուժը ավելին է, մեր կուսակցությունը ստեղծվել է հենց Ղարաբաղյան շարժման ընդերքում»։

«Երկիր»-ը իր խմբագրականում գրում է. - «Ընտրությունները քաղաքական մշակույթ ձեւավորելու հերթական պատմական հնարավորությունը կարելի է կորսված համարել։ Քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնությունը այս անգամ եւս ի զորու չեղավ իրապես գնահատելու քաղաքակիրթ, բովանդակային բանավեճի արժեքն ու կարեւորությունը, դուրս չեկավ բամբասանքի, չարախոսության, հոխորտանքների, բանսարկությունների ճիրաններից, որտեղ քաղաքական միտքն ունակ է ընդամենը ինտրիգներ հյուսել եւ սնվել ու հասարակությանը սնել դրանով։ Մարդիկ իրար, իբր, բանավեճի են հրավիրում, հետո հրաժարվում, հետո մեկը մյուսին վախկոտության մեջ մեղադրում ու դրանից քաղաքական շոուներ սարքելով ինքնաբավարարված հրճվում։ Կուսակցություններն առանց փաստարկումների, երեւակայություններին զոռ տալով` միմյանց դավադրությունների մեջ են մեղադրում, իրար ոտքի տակ քանդելու տակտիկաներ մշակում։ Ու քանի որ դրանք մեծամասամբ անհիմն են, անձնական վիրավորանքներին անցնելը դառնում է միակ հուսահատ միջոցը»։

«Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի նախընտրական արշավը մոտենում է, այսպես ասած, հասարակածին, եւ խորհրդարանական տեղերի համար պայքարող ուժերն արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ ընտրողներին փորձում են համոզել իրենց իրավացիության, ազնվության, անկեղծության հարցում, լավը լինելու, ամենախելոքը լինելու հարցում։ Նրանք այցելում են մարզեր, գյուղական համայնքներ, թակում տների դռներն ու պատուհանները, եւ բնականաբար ծախսում են գումարներ։ Եթե հաշվենք խորհրդարանական ուժերի ծախսած գումարները եւ միացնենք իրար, ապա կստացվի բավական պատկառելի, բազում զրոներով աչքի ընկնող տպավորիչ մի թիվ։ Եվ դա դեռ նախընտրական արշավի կեսին։ Իսկ դեռ ինչքան փողեր էլ ծախսելու են մյուս կեսին, առավել եւս, որ շատ կուսակցություններ իրենց հիմնական ծախսերը անելու են հենց երկրորդ կեսի ընթացքում»։


Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG