Մատչելիության հղումներ

Ծառուկյան. Օսկանյանն իր անձնական կարծիքն է արտահայտում


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուրբաթ օրը Վայոց ձորում, որտեղ կուսակցության քարոզարշավն էր իրականացնում, հայտարարեց, որ իշխանությունների հասցեին ԲՀԿ-ին վերջերս անդամակցած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի սուր քննադատությունները նրա անձնական կարծիքն են: Ծառուկյանը այս հայտարարությունն արեց ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե արդյո՞ք ԲՀԿ առաջնորդը համամիտ է Վարդան Օսկանյանի հետ:

«Ուրեմն ես ասեմ՝ այսօր ինքն իր անձնական կարծիքն է ասում, որովհետեւ մենք տուն-տունիկ չենք խաղում: Ամեն մեկն իր մտածելակերպը, իր պատկերացումը արտահայում է հանրությանը, ժողովրդին, ես հո՞ չեմ ասելու սա ասեք: Ես էլ իմ գաղափարը, մոտեցումն եմ ասում: Բայց ինչ վերաբերում է կուսակցական որոշմանը, մենք հրավիրում ենք, քննարկում ենք, համապատասխան պատասխան ենք տալիս, իսկ մնացածը քարոզարշավի ժամանակ ամեն մեկը պատասխանում է իր պատկերացմամբ», - ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ նախագահը որեւէ կերպ չմեկնաբանեց Վարդան Օսկանյանի հայտարարությունները, նաեւ օրերս նրա հնչեցրած այն մտահոգությունը, թե նախագահ Սերժ Սարգսյանի` ընտրությունների ընթացքում հանդուրժողականություն դրսեւորելու կոչերը Արմավիրի, Մալաթիա-Սեբաստիայի աղմկահարույց միջադեպերով արդեն «արհամարհվում են»:

Լրագրողներից մեկն էլ փորձեց ճշտել ԲՀԿ առաջնորդի կարծիքը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ պայմանավորվածությունների մասին ռուսական եւ ուկրաինական մամուլում այսօր տեղ գտած որոշ հրապարակումների առնչությամբ, որտեղ խոսվում է ՀԱԿ-ի՝ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական ազդեցության տակ հայտնվելու մասին: ԲՀԿ առաջնորդը դրանք որակեց «սուտ հերյուրանքներ»՝ հավելելով, թե «ամոթ իրենց, մարդկանց ուզում են թյուրիմացության մեջ գցել»:

«ԲՀԿ-ն ազատ ու արդար ընտրությունների շուրջ համագործակցում է ոչ միայն ՀԱԿ-ի, այլ նաեւ Դաշնակցության հետ, փաստաթղթեր ենք ստորագրել նաեւ Հանրապետական կուսակցության հետ, որպեսզի ամեն մեկն իր ձայնի տերը լինի, կարողանանք կազմակերպել բաց, արդար ընտրություններ, որպեսզի ժողովրդի ձայնը տեղ հասնի: Ինչի՞ մասին է խոսքը», - վրդովվեց Ծառուկյանը:

Ծառուկյանը ինչպես մյուս մարզելում, Վայոց ձորում էլ ընտրողներին կոչ արեց իրենց ձայնին տեր կանգնել եւ ոչ ոքի պարտադրանքին տեղիք չտալ:

«Այսօր կապ չունի մարզպետ, գյուղապետ, քաղաքապետ... ամեն մեկը աշխատում է, որ ձեզ պարտադրի ձայնը տաք այս կամ այն կուսակցությանը: Երբեք այդպիսի բան չանեք: Նրանք անում են իրենց տեղերը պնդելու համար: Ճիշտ հասկացեք, ոչ մեկը ձեզ չի կարող պարտադրել, որովհետեւ դուք օրենքի խախտում չեք կատարում, դուք ձեր պարտքն եք կատարում, որը ձեր իրավունքն է», - ասաց նա:

Ծառուկյանն այստեղ էլ շեշտեց, որ ինքը գումար վաստակելու կամ պաշտոնի համար չէ քաղաքականությամբ զբաղվում, այլ՝ ժողովրդի. - «Աստծո կամոք ամեն ինչ տեր եմ, հասել եմ՝ երեսուն տարի աշխատելով, ոչ պաշտոնյա եմ եղել, ոչ չինովնիկ, ոչ էլ բանկից վարկ եմ վերցրել, ոչ էլ որեւիցե մենաշնորհ ունեմ»:

Եղեգնաձորի հրապարակում, ուր անցկացվում էր ընտրողների հետ հանդիպումը 6 նոր տրակտորներ էին շարված: Դրանց պատուհաններին փակցված էին ԲՀԿ-ի գովազդային պաստառները: Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը ամբիոնից հայտարարեց, որ Ծառուկյանը մարզին անհատույց 10 տրակտոր է տվել: ԲՀԿ առաջնորդն էլ շտապեց հավելել, որ դա ընտրությունների հետ որեւէ կապ չունի, որ ծրագիրը վաղուց է իրականացնում բոլոր մարզերում, եւ դա չի անում, որ իրենց ձայն տան:

«Մենք ձայնի կարիք չունենք, Ծառուկյան Գագիկը ուզում է, որ ժողովրդի վիճակը լավ լինի», - ասաց նա:

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց հանդիպմանը եկած եղեգնաձորցիներից ճշտել, թե արդյո՞ք տրակտորներ բաժանելն իրենք որպես ընտրակաշառք չեն ընկալում: ԲՀԿ-ին սատարողները վիրավորվեցին հարցից:

«Ոչ, սա ճիշտ եմ համարում, լավ կլինի, որ մնացածներն էլ էսպիսի ընտրակաշառք տան, եթե իրոք ընտրակաշառք եք համարում: Գյուղը կդզվի», - ասաց հավաքվածներից մեկը:

Մեկ այլ զրուցակցի համար, մինչդեռ, անընդունելի էր ընտրարշավի ընթացքում նման բարեգործությունը:

«Եթե էդպիսի նպատակ ունեին, թող շուտ տային կամ ընտրություններից հետո թող տային», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG