Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը վարկաբեկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, եւ ներկայացնում Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետները։ Այս մասին այսօր «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով Ֆեյսբուք սոցցանցի օգտագործողների հարցերին։

«Կարծում եմ՝ իր հայտարարություններով ավելի շատ վարկաբեկում է ԲՀԿ-ին, որովհետեւ նրա տեսակետները երբեք համարժեք չեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ մի տեսակ առանձնացված խոսնակ է դարձել։ Կարծում եմ՝ վերջին շրջանում արդեն գլխի ընկավ, որ ինքը ավելի շատ քաղաքակիրթ ձեւով ներկայացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը», - ասաց Գալուստ Սահակյանը։

Նշենք, որ Գալուստ Սահակյանն այսօր «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում պատասխանեց 3 տասնյակից ավելի հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին նախընտրական քարոզարշավին եւ Հանրապետականի պատգամավորության թեկնածուներին։ Մասնավորապես, Ֆեյսբուքի օգտատերերից մեկը հարցրել էր, թե ինչո՞ւ է նախագահ Սերժ Սարգսյանը միայնակ իրականացնում Հանրապետականի քարոզարշավը։

«Երկրի նախագահի օրակարգը միշտ էլ բազմազբաղ է։ Պարզապես, ընտրություններ են՝ ավելի ուշադրությունը մեծացել է հասարակության կողմից։ Երկրի նախագահի ամենօրյա օրակարգը հենց այդպիսին է։ Տարբեր ժամանակաշրջանում, խնդիրներ լինելուց, եւ նաեւ միջազգային ասպարեզում նույն ոգին կա, նույն աշխատասիրությունը», - ասաց Գալուստ Սահակյանը։

Ֆեյսբուքյան ասուլիսում չշրջանցվեց նաեւ Հանրապետական կուսակցության առաջադրած մականունավոր պատգամավորության թեկնածուների հարցը։ Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե ամոթալի չէ՞, որ Հանրապետականը մականունավոր թեկնածուների է առաջադրել, Գալուստ Սահակյանն ուշագրավ պատասխան տվեց․ - «Եթե լավ տատիկ-պապիկ ունենայիք, ձեզ շատ սիրեին, դուք էլ մականուն կունենայիք»։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Հանրապետականի ցուցակում կան մարդիկ, ովքեր մարդ են ծեծում՝ տվյալ դեպքում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կին է ծեծում, եւ անպատիժ մնում, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե ծեծելը, ջարդելը՝ իրավական հարթության խնդիր է, եւ շարունակեց․ - «Միգուցե հասարակության համար ըմբռնելի չէ, ճիշտն ասած ես էլ չեմ հավակնում ասելու, որ դա շատ լավ բան է։ Համենայնդեպս, մարդիկ հրեշտակներ չեն եւ սայթաքելու իրավունքներ ունեն»։

Օգտատերերից մեկը հարցնում էր, թե ինչպե՞ս է Հանրապետականը օգնում թիվ 7 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին, ով, իր իսկ փոխանցմամբ, խիստ ծանր ֆինանսական վիճակում է։

«Սամվել Ալեքսանյանը բազմազավակ հայր է, եւ, կարծում եմ, իր իրավունքների շրջանակներում կարող է նաեւ նպաստ պահանջել», - ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը՝ հավելելով, թե Հանրապետականը, սակայն, որեւէ կերպ չի օգնում Ալեքսանյանին։

Ֆեյսբուքյան ասուլիսում Գալուստ Սահակյանը պատասխանեց նաեւ այն հարցին, թե ինչու է Հանրապետականը իր ցուցակում ընդգրկել, օրինակ, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանին, ով անխնա քննադատում էր Սերժ Սարգսյանին, իսկ վերջինս էլ Գեղամյանին էր սուր քննադատության ենթարկում։ Գալուստ Սահակյանն ասաց, թե քաղաքականության մեջ մշտական բարեկամներ եւ թշնամիներ չեն լինում։

«Բոլորս էլ ժամանակին (այսօր էլ) մեկս մյուսին ամեն ինչ ասում ենք, բայց երբ վճռական պահ է գալիս, երբ ի օգուտ պետության պիտի գործընթացներ լինեն, բնականաբար, դա չի կարող խանգարել, որ մենք հավերժական թշնամիներ մնանք, կամ հավերժական բարեկամներ։ Գեղամյանի մուտքը, նաեւ այլոց մուտքը, հետեւյալ սկզբունքն է, որ մենք ուզում ենք քաղաքական գործիչներ ունենալ Ազգային ժողովում եւ դրանով իսկ՝ ավելի դերակատարումը կբարձրանա Ազգային ժողովի», - ասաց Գալուստ Սահակյանը։

Ֆեյսբուքյան օգտատերերը Գալուստ Սահակյանին նաեւ հարցնում են, թե ինչո՞ւ է Հանրապետականը օգտագործում վարչական ռեսուրսը եւ դպրոցահասակ երեխաներին, ուսուցիչներին, դասախոսներին, ուսանողներին իբրեւ «գլխաքանակ» օգտագործում Հանրապետականի նախընտրական հանրահավաքներում։ «Ինչո՞ւ եք ստրկացնում ժողովրդին»՝ հարցնում են Հանրապետականի փոխնախագահին։

«Հարցը որակյալ չէ, եւ կարծում եմ, պրովակացիոն է ավելի շատ։ Իսկ եթե քարոզչությանը մասնակցում են՝ բոլորի քարոզչությանն էլ մասնակցում են երեխաները զուտ հետաքրքրությունից ելնելով», - նշեց ՀՀԿ փոխնախագահը։

Եվս մեկ ուշագրավ հարց․ Գալուստ Սահակյանին հարցնում են՝ ե՞րբ է վերջապես միանալու սոցիալական ցանցերին։ Հանրապետականի փոխնախագահն ասաց, թե նման նախասիրություններ չունի եւ շատ բազմազբաղ է․ - «Ես ընդհանրապես որեւէ ցանցի չեմ միանում․ ցանցերն են ինձ միանում»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG