Մատչելիության հղումներ

Իսրայելի արտգործնախարարը ժամանում է Ադրբեջան


Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը

Ակնկալվում է, որ այսօր Բաքու կժամանի Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը՝ երկու երկրների միջեւ դաշնակցական հարաբերություններն ամրապնդելու նպատակով։

Իսրայելն ու Ադրբեջանն այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 տարին, եւ ակնկալվում է, որ այդ առթիվ այսօր Ադրբեջանի օտար լեզուների պետական համալսարանում Հրեական մշակույթի կենտրոն կբացվի։

Փորձագետները փաստում են, որ երկու երկրների հարաբերությունները բավական սերտ են․ Իսրայելը մեծ քանակությամբ նավթ է ներմուծում Ադրբեջանից՝ փոխարենը այդ երկրին վաճառելով զենք ու զինամթերք։ Փետրվարի վերջին, մասնավորապես, ադրբեջանական եւ իսրայելական լրատվամիջոցներում հաղորդումներ եղան, թե երկու երկրները ռազմական ոլորտում ավելի քան մեկուկես միլիարդ դոլարի գործարք են կնքել, ըստ որի, Իսրայելը համաձայնել է գերարդիական անօդաչու ինքնաթիռներ, հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառել Ադրբեջանին։

Ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը՝ Jamestown Foundation-ը, նաեւ գրեց, թե սպառազինություններից բացի Իսրայելը Ադրբեջան է գործուղում մեծ թվով մասնագետներ, տեխնիկներ եւ խորհրդականներ, ովքեր տեղում օգնում են ծանոթանալ վաճառված զինատեսակներին ու դրանց գործարկման նրբություններին։

Ռազմական ոլորտում երկու երկրների միջեւ արագորեն սերտացող հարաբերությունները անցած ամիս նաեւ դարձան արեւմտյան լրատվամիջոցների թիվ մեկ թեման, երբ Foreign Policy հանդեսը պնդեց, թե Ադրբեջանը համաձայնել է Իսրայելին տրամադրել Իրանի հետ սահմանակից օդանավակայանը՝ այդ երկրի վրա հնարավոր ռազմական հարձակման համար։ Իսրայելի եւ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները կտրականապես հերքեցին այդ պնդումները։ Այդուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ դրանք անհիմն չեն, եւ որ ամերիկյան կողմը միտումնավոր է գաղտնազերծել այդ պայմանավորվածությունները՝ Իրանի վրա ռազմական հարձակումը հետաձգելու եւ խիստ կարեւոր այս տարածաշրջանում կայունության պահպանելու համար։

Նշենք, որ չնայած Իրանի եւ միջազգային հանրության միջեւ վերսկսված բանակցություններին՝ Իսրայելն այսօր էլ հայտարարում է, թե շարունակում է դիտարկել այդ երկրի դեմ ռազմական հարձակման տարբերակը։ Այդ մասին, մասնավորապես, անցած շաբաթավերջին թուրքական «Անադոլու» գործակալությանն ասել էր Իսրայելի արտգործնախարարության խոսնակը, ում վերադասն այսօր ժամանում է Ադրբեջան։

XS
SM
MD
LG