Մատչելիության հղումներ

Armenian Tree Project ծրագիրը ընդհանուր առմամբ 3.5 միլիոն ծառ է տնկել Հայաստանում:

Գործադիր տնօրեն Թոմ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «ATP-ի գործունեության 18 տարիների ընթացքում մոտ 3.5 միլիոն ծառ ենք տնկել»:

ATP-ի հիմնադիր Քերոլին Մյուգարը առաջին ծառը տնկել է Երեւանում 18 տարի առաջ, երբ ծառերն ու անգամ կահույքը ծառայում էին որպես վառելիք:

Կարապետյանի խոսքով` այն ժամանակ Նյուգարն անչափ տպավորված էր բնապահպան ակտիվիստ, հետագայում Նոբելյան մրցանակակիր Վանգարի Մաաթհայիի գործունեությամբ. - «Ես գիտեմ, որ մենք մշտապես հետեւել ու ոգեշնչվել ենք Վանգարի Մաաթհայիի գործունեությամբ, Քերոլինը շատ էր գնահատում այն, ինչ նա արել է Աֆրիկայում: Բայց ես կարծում եմ, որ հիմնական ոգեշնչման աղբյուրը եղել է Հայաստանը եւ այն, ինչ կատարվում էր Հայաստանում` այդ շարունակվող ծառահատումները: Հայաստանի դրությունն էր, որ նրան ստիպեց նվիրել իր ժամանակն ու միջոցներն այս գործին»:

ATP-ն տնկարաններ է հիմնել Արագածոտնի մարզի Խաչփար եւ Կարին գյուղերում` 60 հազար ծառ ու թուփ, իսկ Լոռու մարզում իրականացնում է անտառվերականգման խոշոր ծրագիր:

Կարինի տնկարանում, որի տարածքը մեկ հեկտարի էլ չի հասնում, աշխատում են հիմնականում նախկինում քաղաքաբնակներ` ղարաբաղյան պատերազմի ժամանակ Բաքվից Երեւան գաղթածները:

Տնկարանի տնօրենի Սամվել Ղանդիլյանի խոսքով` հիմնադիրները մտածում էին ոչ միայն բնությանն, այլեւ փախստականներին օգնելու մասին:

«Դա մեզ մոտ սկզբունք է: Եթե մեկնումեկի տեղը ազատվում է, անպայման փախստական ընտանիքից ենք վերցնում, որպեսզի այդ ընտանիքը ամրացած լինի այս հողին, ջրին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ղանդիլյանը:

Տնկարանի աշխատակիցները չէին էլ պատկերացնում, որ կարող են հող մշակել, ծառ ու թուփ տնկել:

«Մենք քաղաքում ենք ապրում, քաղաքում էինք աշխատում: Եկանք ու ստիպված անցանք այս աշխատանքին», - ասաց աշխատակիցներից Սվետա Թարջումանյանը` հավելելով. - «Բայց հիմա կարող եմ ասել, որ նույնիսկ սիրեցինք այս գործը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG