Մատչելիության հղումներ

Կառավարության եւ մասնավոր հատվածի միջեւ հուշագրեր են ստորագրվել


Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի կառավարության եւ դեղագործության ու բիոտեխնոլոգիաների, ինչպես նաեւ կոնյակագործության ոլորտների ներկայացուցիչների միջեւ ստորագրվել են այս բնագավառների ռազմավարությունների իրականացման վերաբերյալ հուշագրեր։

Կառավարության անունից հուշագրերն ստորագրել են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հուշագրերի իրականացման նպատակն է այս ոլորտներում ապահովել արտադրության եւ արտահանման ծավալների կայուն աճ, արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա, հայկական արտադրանքի որակի եւ միջազգային մրցունակության բարձրացում, աշխատատեղերի պահպանում եւ նոր աշխատատեղերի ստեղծում։

Փաստաթղթերի ստորագրմանը նախորդել է վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացք է ներկայացրել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

Նախարարի խոսքերով` ակնկալվում է, որ 2012 թվականին արդյունաբերության բնագավառի ընդհանուր ծավալները կհատեն մեկ տրիլիոն դրամի (շուրջ 2.5 միլիարդ դոլար) ցուցանիշը: Նա ասել է, որ անցած տարի այս ոլորտում արձանագրվել են տպավորիչ արդյունքներ՝ արդյունաբերության ընդհանուր ծավալներն աճել են 14,1 տոկոսով եւ կազմել 953 միլիարդ դրամ, ինչը տնտեսության մեջ ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Ըստ նախարարի՝ ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում եւս գրանցվել են աճի խոստումնալից տեմպեր. նշված ժամանակահատվածում արձանագրվել է արդյունաբերության 18,5 տոկոս աճ:

Դավթյանը նշել է, որ կառավարությունը մի շարք գործիքներով շարունակում է աջակցություն ցուցաբերել արտադրական ընկերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG