Մատչելիության հղումներ

Փանք-խմբի երեք կանանց կալանքը երկարաձգվել է


Pussy Riot խմբի անդամները
Pussy Riot խմբի անդամները

Pussy Riot-ի երեք անդամների ճակատագիրը ռուսաստանյան հանրության ուշադրության կենտրոնում է։

Մոսկվայի դատարանը ուրբաթ օրը վճռել է մինչեւ հունիսի 24-ը երկարաձգել Pussy Riot կանանց փանք-ռոք խմբի երեք անդամների նախնական կալանքի ժամկետը։

Փետրվարին 21-ին Pussy Riot-ի կատարողները` դիմակներով դեմքերը ծածկած, ներխուժել են Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցի, կանգնել խորանի առաջ եւ կատարել իրենց հեղինակած «Մարիամ Աստվածածին, վռնդիր Պուտինին» երգը։

Մեկ րոպե անց պահակներն ու վրդովված հավատացյալները այդ վայ-երգչուհիներին են վռնդել եկեղեցուց։

Մարտի 3-ին իրավապահները ձերբակալել են Նադեժդա Տոլոկոննիկովային եւ Մարիա Ալյոխինային, իսկ մարտի 16-ին էլ` Եկատերինա Սամուցեւիչին։

Նրանք մեղադրվում են Ռուսաստանի քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի երկրորդ մասով` հասարակական վայրում խմբով խուլիգանություն կատարելու մեջ։

Այս գործը Ռուսաստանում մեծ հնչեղություն է ստացել։ Մի մասը պնդում է, թե երգչուհիներին պատժելը հավասարազոր է խոսքի ազատության սահմանափակմանը, մի մասը առաջարկում է ներել, քանի որ Ալյոխինան եւ Տոլոկոննիկովան ունեն մանկահասակ երեխաներ, մի մասն էլ համոզված է, որ նրանց արարքը տասնյակ միլիոնավոր հավատացյալներին վիրավորող աստվածանարգություն էր եւ միտումնավոր սադրանք, որը հարկ է խստագույնս պատժել։

Երեկ Տոլոկոննիկովան դատարանում ասել է, թե իրենց ելույթն ուղղված էր ոչ թե հավատացյալների, այլ եկեղեցու եւ պետության նկատելի դարձած սերտացման դեմ։

«Իմ բանտախցում ես հեռուստածրագրերից միայն ОРТ-ն եւ НТВ-ն ունեմ։ Դրանցով Պատրիարքին ավելի հաճախ են ցույց տալիս, քան արջուկ նախագահին», - ասել է փանք-երաժիշտը։ Արջուկի մասին ակնարկը Դմիտրի Մեդվեդեւին էր հասցեագրված։

Այնուամենայնիվ, Տագանսկի շրջանի դատավոր Ելենա Իվանովան անդրդվելի էր` Տոլոկոննիկովան եւս երկու ամիս կմնա բանտում։

Պատրիարքարանի հանրության հետ կապերի պատասխանատու, ավագ քահանա Վսեվոլոդ Չապլինը ասել է, որ «աղջիկներին կարելի է ներել, եթե նրանք զղջան արարքի համար»։

Մինչդեռ պատժի յուրօրինակ եղանակ է առաջարկել կինոբեմադրիչ Նիկիտա Միխալկովը։

«Ինձ հարցնում են` դատապարտե՞լ նրանց։ Ասում եմ` այո, ես կպահանջեի, որ նրանք նույն արարքն անեն Մեքքայում, ամենախոշոր մզկիթում` հենց ուխտավորության ժամանակ, կամ, ասենք, Լացի պատի մոտ։ Եվ հետ,ո երբ նրանց հետեւից կընկնեն կատաղած մահմեդականները կամ ուղղադավան հուդայականները, նրանք կվազեն, կհասնեն Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցի, գլուխները կխփեն դռանը, կաղաչեն, որ ներս թողնեն։ Եվ եթե ներս թողնեն, նրանք Աստվածածնին կխնդրեն, որ ոչ թե Պուտինին վռնդի, այլ իրենց դուրս չվռնդեն եկեղեցուց»,- ասել է Միխալկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG