Մատչելիության հղումներ

Նախարարի հանդիպումը ուսանողների հետ մնաց անավարտ


Երբ այսօր Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանում էր Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ուսանողների հարցերին, լուր տարածվեց, որ բուհի ուսանողներից մեկին տարել են ոստիկանական բաժանմունք:

Ուսանողների հետ նախարարի հարցուպատասխանը անավարտ մնաց, քանի որ նրանք շարժվեցին դեպի այն բաժանմունքը, ուր տարել էին Նարեկ Սամսոնյանին:

Կարճ ժամանակ անց ուսանողին ազատ էին արձակել:

Նարեկ Սամսոնյանի խոսքով, իրեն ասել են, որ հրավիրում են պարզապես զրուցելու, հետո պարզվել է, որ ոստիկանությունը ահազանգ է ստացել բնակիչներից, ովքեր տեսել են, թե ինչպես է Նարեկ Սամսոնյանը բուհում ընդհարում հրահրում: Նարեկը պահանջել է առերեսում այդ մարդկանց հետ, ովքեր տեսել են, որ ինքը հրահրել է այդ ընդհարումը: Նրան պատասխանել են, որ չեն կարող տրամադրել այդ մարդկանց:

Մամուլում լուրեր տարածվեցին, որ նրան ազատ են արձակել Կրթության եւ գիտության նախարարի միջամտությամբ, սակայն Նարեկ Սամսոնյանը հերքեց դա:

Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ուսանողները մի շարք հարցեր էին պատրաստել՝ կապված Սուրեն Զոլյանին տրված նկատողությունների եւ նրա հեռացման հետ: Հանդիպումը նախատեսված էր բուհի դահլիճում, սակայն ուսանողները չափազանց շատ էին եւ բոլորը չէին տեղավորվում դահլիճում: Նրանք պահանջում էին, որ նախարարն իջնի եւ բակում պատրաստված խոսափողների մոտ պատասխանի բոլորի հարցերին:

Երբ նախարարը մտավ դահլիճ, ուսանողներից մի քանիսը խնդրեցին նրան իջնել եւ դրսում պատասխանել բոլորի հարցերին:

Նախարարը, սակայն, բարձրացավ բեմ եւ պատրաստվում էր պատասխանել դահլիճում գտնվող ուսանողների հարցերին «եւ մնալ բուհում մինչեւ նրանց վերջին հարցը»:

Հետո բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Գաբրիել Բալայանն ասաց. - «Հասկանում եմ, որ բոլորի համար շատ հետաքրքիր հանդիպում է լինելու, սակայն խնդրում եմ այն ուսանողներին, ովքեր մեր ուսանողները չեն, իսկ ես տեսնում եմ, որ զգալի մասը մեր ուսանողները չեն, իրենց տեղը զիջեն մեր ուսանողներին»:

Ուսանողներից շատերը նույնպես նշում էին, որ դահլիճում գտնվողների մի մասը ԵՊԼՀ-ի ուսանողներ չեն:

Բազմաթիվ խնդրանքներից հետո նախարարը համաձայնեց ուսանողների հետ հանդիպել դրսում, բայց կարճ ժամանակ անց հանդիպումն ընդհատվեց, քանի որ ուսանողները հետեւեցին Նարեկ Սամսոնյանին ու նրան բաժանմունք տանող ոստիկաններին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG