Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցությունները շաղկապել ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ եւ պահանջել, որ կողմերն այս ուղղութամբ էական առաջընթաց արձանագրեն, այդ թվում՝ դուրս բերեն դիպուկահարներին շփման գոտուց, ապահովեն փախստականների ու տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնեն Հայաստանի կողմից գրավված տարածքները։

Այդ մասին եվրոպացի պատգամավորները հայտարարեցին երեկ երկու երկրների վերաբերյալ ընդունված զեկույցներում՝ ընդգծելով նաեւ, որ անհրաժեշտ է ասոցացման համաձայնագրերը համապատասխանեցնել ղարաբաղյան խնդրի կարգավորման երեք հիմնարար սկզբունքներին՝ ուժի չգործադրմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։

Աջակցություն հայտնելով Մինսկի խմբին ու խնդրի կարգավորման՝ արդեն հայտնի սկզբունքներին՝ եվրոպացի պատգամավորները միաժամանակ մի շարք նոր դրույթներ են առաջ քաշում։

Մասնավորապես, բացահայտ նշում են հակամարտության գոտուն անվտանգության միջազգային երաշխիքներ տալու անհրաժեշտությունը, որը «կներառի իրապես բազմազգ խաղաղապահ առաքելություն եւ կերաշխավորի անհրաժեշտ եւ համաձայնեցված պայմաններ՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար»։

Հայաստանի վերաբերյալ զեկույցում եվրոպացի պատգամավորները նաեւ խորհուրդ են տալիս Եվրահանձնաժողովին ու Արտաքին հարաբերությունների ծառայությանը՝ հորդորել, որ Հայաստանը դադարեցնի զորակոչիկների ուղարկումը Լեռնային Ղարաբաղ։ Իսկ Ադրբեջանի վերաբերյալ փաստաթղթում կոչ են անում չխոչընդոտել երրորդ երկրների հայազգի քաղաքացիների մուտքը Ադրբեջան, ինչպես նաեւ դիմում են Թուրքիային՝ հակամարտության կարգավորման գործընթացում կառուցողական դեր ստանձնելու կոչով։

Թեեւ փաստաթղթի նախնական տարբերակում պատգամավորները նաեւ կոչ էին արել Եվրամիությանը փոխարինել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբում, այդուամենայնիվ, լիագումար նիստում այս դրույթը չընդունվեց։ Փոխարենը Եվրախորհրդարանի պատգամավորները ուժի մեջ թողեցին Եվրամիության ներկայացուցիչների համար առանց նախապայմանների Ղարաբաղ ու շրջակա տարածքներ մուտք ապահովելու, ինչպես նաեւ կարգավորման գործընթացում Եվրամիության դերակատարությունը մեծացնելու անհրաժեշտությունը։ Զեկույցում, ի դեպ, անդրադարձ կա նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, եվրոպացի պատգամավորները, մասնավորապես, հորդորում են վավերացնել երկկողմ արձանագրություններն ու բացել սահմաններն առանց նախապայմանների՝ ընդգծելով, որ Եվրամիության լիիրավ անդամակցության ձգտող պետության կողմից անընդունելի է որեւէ այլ երկրի հետ սահմանի շարունակական շրջափակումը։

Փորձագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի համոզմամբ՝ Եվրախորհրդարանի գնահատականներն ընդհանուր առմամբ հավասարակշռված են` թե' Հայաստանին, թե' Ադրբեջանին ներկայացված պահանջներով. - «Հայկական ուժերը ադրբեջանական տարածքներից դուրս բերելուց բացի, զեկույցները նաեւ հորդորում են կողմերին դադարեցնել ռազմական հռետորաբանությունը, դուրս բերել դիպուկահարներին շփման գոտուց եւ խաղաղության պատրաստել ժողովուրդներին: Հորդորներ, որոնք ուղղված են առաջին հերթին Ադրբեջանին»։

Եվրոպացի փորձագետներն իրենց հերթին մեծ կարեւորություն չեն տալիս ընդունված փաստաթղթերին:

«Եվրախորհրդարանը շատ սահմանափակ լիազորություններ ունի Եվրամիության արտաքին քաղաքականության վրա ազդելու համար», - փաստում է Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը՝ հավելելով. - «Եվրոպական խորհրդարանը ընդամենը խորհուրդներ եւ գնահատականներ է տալիս, սակայն, ի վերջո, արտաքին հարաբերությունների ոլորտում որոշումները կայացնում են միայն անդամ երկրների արտգործնախարարները, իսկ Ասոցացման համաձայնագրի շուրջ՝ Եվրոպական հանձնաժողովը։ Այնպես որ, չնայած այս խիստ հայտարարություններին, Եվրախորհրդարանի իշխանությունն այս ոլորտում շատ սահմանափակ է»։

Այդուամենայնիվ, Բրյուսելում աշխատող փորձագետը փաստում է, որ այժմ ադրբեջանական իշխանությունները շատ ավելի ակտիվ քարոզչութուն են վարում եվրոպական կառույցներում՝ սեփական դիրքորոշումն առաջ տանելու համար։

«Ադրբեջանցիները լոբբիստական խումբ ունեն, որը կանոնավոր գալիս է Բրյուսել, պարբերաբար հանդիպումներ ունենում այս զեկույցները գրող պատգամավորների հետ։ Եվ երբ ես խոսում եմ եվրոպացիների հետ, նրանք ընդունում են, որ Ադրբեջանը այժմ շատ ավելի ակտիվ է իր քարոզչությունն իրականացնում, քան Հայաստանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG