Մատչելիության հղումներ

logo-print
Լրագրողների հետ հանդիպմանը արձագանքելով «Ժառանգություն» կուսակցությունից հնչող մեղադրանքներին, թե չի բացառվում, որ ընտրությունների վերահսկողությանն ուղղված միասնական շտաբը վերածվի նաեւ կոալիցիայի, որի հետեւում կանգնած է լինելու Ռոբերտ Քոչարյանը` Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) ղեկավար Արամ Մանուկյանն ասաց, որ իրեն չեն հետաքրքրում ընտրություններից հետո տեղի ունենալիք իրադարձությունները: Մանուկյանին լավ ընտրություններ անցկացնելն է հուզում:

«Եվ եթե իրենք [«Բարգավաճ Հայաստան»-ը] ուզում են խնդիր լուծել, մասնավորապես` 2 հազար տեսախցիկ են ուզում տեղադրել բոլոր տեղամասերում, ես ողջունում եմ դա: Եթե իրենք ցուցակներ են մաքրում, իսկ ես տեսել եմ, որ ցուցակները մաքրում են, իմ շահը այստեղ համընկնում է նրա հետ, ով այդ գործը անում է: Թող Հանրապետականը ցուցակները մաքրի, այդ 700 հազարից 400 հազարը, որ ակնհայտ 10 տարուց ավելի Հայաստանում չէ, հանեն, ընտրությունների վերհսկողությունը ապահովեն, մարդկանց վրա բռնություններ չկիրառեն, մարդկանց ստիպելով չբերեն հանրահավաքի մանկապարտեզներից եւ այլն, ես թե իրենց դեմ պայքարեմ…», - հավելեց Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք` «Ժառանգություն»-ը, որ նախնական փուլում ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ միասնական շտաբ էր կազմել, երեկ հրաժարվեց մասնակցել դրա աշխատանքներին` քանի դեռ շտաբի ստեղծման մասին հիմնական փաստաթուղթը չստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը:

Արամ Մանուկյանը «Ժառանգության» հասցեին քննադատություն չհնչեցրեց, ասաց, որ իրենց թիրախը եղել եւ մնում է Հանրապետականը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

«Եթե գոնե կա կամք, որ այս քաղաքական ուժերը ինչ-որ բան են անում, եւ դա գործնականորեն կարող է իջնել յուրաքանչյուր տեղամաս, յուրաքանչյուր ընտրատարածք, ես դա ողջունում եմ: Ընդ որում` կողջունեմ, եթե դա անի Հանրապետականը», - հայտարարեց ՀՀՇ-ի ղեկավարը:

«Բարգավաճ Հայաստան»-ը, ըստ Մանուկյանի, փորձում է «անկախանալ» Հանրապետականից եւ պայքարում է ընտրակեղծիքների դեմ, ինչը «ՀԱԿ-ին ձեռք է տալիս»: Մանուկյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանն այլեւս կանգնած չէ «Բարգավաճ Հայաստան»-ի հետեւում:

««Բարգավաճ Հայաստան»-ը վաղուց Ռոբերտ Քոչարյանի հետ չէ: Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործիչ Հայաստանում չկա: Դա ոչ թե բառեր են, այլ ես ունեմ տեղեկություններ, ունեմ հստակ փաստեր, որ այդ մարդը որեւէ քաղաքական ուժի չի կպնելու, որովհետեւ որեւէ քաղաքական ուժ չի ուզում նրա հետ ճանապարհ գնալ», - հայտարարեց Արամ Մանուկյանը:

ՀԱԿ-ին մաս կազմող մեկ այլ քաղաքական ուժի` Լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով` «Ժառանգությանը» հնարավոր չէ ընկալել որպես «լուրջ գործընկերոջ»:

««Ժառանգություն»-ը այդպես էլ չի թողնում, որ նրան որպես ինչ-որ պարտնյոր ընկալեն, եւ ինչ-որ լուրջ հարցեր փորձեն քննարկել կամ պայմանավորվել «Ժառանգության» հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը` հիշեցնելով. - «Սա առաջին դեպքը չէ` քաղաքապետի ընտրությունները, 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները… Ամեն անգամ գալիս է հասնում կրիտիկական ժամանակը, որ ինչ-որ բան պիտի լինի, «Ժառանգություն»-ը ամեն անգամ ինչ-որ ձեւ է գտնում, մի պատճառ է գտնում եւ փորձում է դուռը շրխկացնելով այդ համակարգից կամ այդ համախմբումից դուրս գալ»:

«Ժառանգություն»-ը, հիշեցնենք, կարծում է, որ գոյություն ունի ստվերային պայմանավորվածություն, եւ ընտրությունները վերահսկող միասնական շտաբը ավելի շուտ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբ է հիշեցնում, քան ընտրությունների ազատ եւ արդար ընթացքը ապահովելու կոչված շտաբ, եւ այդ շտաբի հետեւում հենց Ռոբերտ Քոչարյանն է:

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` «աբսուրդ» է ՀԱԿ-ին Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու մեջ մեղադրելը: Նա հիշեցրեց «Ազատություն» ռադիոկայանի եթերում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե արդար ընտրություններ անցկացնելու հարցում ողջունելի է, որ քաղաքական ուժերը ճկուն լինեն, կարողանան համախմբվել եւ պայքարել ընտրակեղծիքների դեմ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG