Մատչելիության հղումներ

Մի քանի օր է` Լոռու մարզի Թեղուտ գյուղում իրարանցում է։ Այս անգամ ոչ թե բնապահպաններն են պայքարում հանքերի շահագործման դեմ, այլ գյուղի բնակիչներն են բողոքում «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության եւ գյուղացիների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Ըստ ոստիկանության հաղորդագրության, ոստիկանության Վանաձորի բաժնից Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ աջ ոտքի կոտրվածքով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է դիմել Թեղուտ գյուղի բնակիչ Հրաչիկ Ղորխմազյանը` հայտնելով, որ վնասվածքը ստացել է նշված գյուղում վայր ընկնելու հետեւանքով։ Շուտով Ղորխմազյանին տեղափոխել են Երեւան` «Արմենիա» բժշկական կենտրոն։ Հաջորդ առավոտյան Թեղուտ գյուղի եւս երեք բնակիչներ հաղորդում են տվել, որ ապրիլի 16-ին ժամը 21-ի սահմաններում «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանը իր աշխատակիցների հետ միասին Թեղուտ գյուղում իրենց տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ծեծի են ենթարկել եւ պատճառել մարմնական վնասվածքներ։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը վիրահատված Հրաչիկ Ղորխմազյանը փոխանցեց, թե տնից դուրս է եկել` գյուղում աղմուկ լսելով, եւ ճանապարհին սայթաքել, ընկել է։

«Սոթ եմ տվել, ընկել եմ։ Հա, գյուղում ծեծկռտուք էր` մեր տան բակում, վազելով գնացել եմ, հասել, իրենց մոտ էի հասնում` սոթ եմ տվել, ընկել եմ, էդքան բան։ Ու էլ ոչ մի բան չեմ հիշում։ Մեկ էլ աչքերս բացել եմ` անգիտակից հիվանդանոց են տեղափոխելուց եղել` ոտքս կոտրած», - պատմեց Ղորխմազյանը։

Սակայն ոստիկանությունը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է «Թեղուտ» ՓԲԸ-ի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով։

Թեղուտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի` «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելու» հատկանիշներով։

Տուժողի մայրը եւս հավաստիացնում է, որ իր որդուն ծեծի են ենթարկել. - «Ժխորից դուրս է թռել` էդ աղմուկին, ձայներին, առաջին քայլն եւեթ խփել են եւ վայր գցել, տրորել, ոտքը կոտրել։ Ես երկու-երեք-չորս ժամ հետո եմ իմացել, որ իմ երեխան չկա»։

Լոռիում «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը զրուցել է նաեւ մյուս տուժողներ` Արթուր Սիրադեղյանի եւ Ֆելիքս Նորիկյանի հետ։

«Կնոջս հետ մեքենայով գալիս էի` ճանապարհը փակել էին, չէին թողնում անցնել, ասացի` «ճանապարհ տվեք` անցնեմ»։ Ասացին` «իջիր մեքենայից», եկան, որ դուռը բացեն, ասացի` «սպասեք, կնոջս իջեցնում եմ` գամ»։ Գնացել եմ իջեցրել` 50 մետր առաջ գնացել, իջեցրել, հետ եկել, սկսեցին խփելը։ 15 րոպե դա շարունակվել է, այդ կռիվը», - փոխանցեց նրանցից առաջինը։

«Ճամփին իրենց պահակապետը կանգնեցրեց, ասաց` «ի՞նչ է եղել», պատմեցի` «ինչ է եղել», ասաց` «վաղը կզրուցենք` կանցնի»։ Նստեցի ավտոն, որ գնամ, չորս հատ ավտո եկավ, կանգնեց, իջան ու սկսեցին խփելը։ Հազիվ թողեցի փախա այդտեղից, հանգիստ եկանք, ձորում կանգնած զրուցում էինք` էլի նույն խումբը, ավելի շատ տեսքով, եկան մեզ վրա տվեցին էդ պահին», - պատմեց մյուսը։

Երեւանի հիվանդանոցում գտնվող տուժող Հրաչիկ Ղորխմազյանի համագյուղացիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասացին, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակիցները մշտապես փորձեր են արել թեղուտցիներին ճնշելու, եւ այս միջադեպը առկա լարվածության ապացույցն է։

Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը, սակայն, հերքեց, թե կատարվածը բնապահպանական հիմք ունի կամ հանքարդյունահանող ընկերության դեմ բողոքի արդյունք է։

Թեղուտի հանքերը շահագործող «Վալեքս» ընկերությունը իր տարածած հայտարարությունում նշել է, որ միջադեպը կենցաղային հողի վրա է տեղի ունեցել, իսկ միջադեպը հրահրողները եղել են ոգելից խմիչքների ազդեցության տակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG