Մատչելիության հղումներ

Ապրիլի 19-ի մամուլ


«Երկիր»-ը «Վախեցողների երկիր» խորագրի ներքո գրում է. - «Իշխանական կուսակցությունների նախընտրական հանդիպումների իրական թե արհեստական մարդաշատության ֆոնին ուղղակի աչք է ծակում մարդկանց այն սակավությունը, որն արտահայտվում է ընդդիմադիր որոշ ուժերի հանդիպումներում: Երբ անգամ մարդկային հետաքրքրասիրությունը ոչ մի ազդեցություն չի թողնում, նշանակում է` նման պահվածքն ընդամենը մեկ պատճառ կարող է ունենալ՝ վախը: Ոմանք վախենում են, որ իշխանական կուսակցություններն իրենց կտեսնեն այդ հանդիպումներում եւ չեն տա խոստացած ընտրակաշառքը, ոմանք վախենում են կորցնել աշխատատեղը, որոշները մտածում են պետական գերատեսչություններում աշխատող իրենց հարազատների մասին... Կարելի է հազար ու մի պատճառ բերել, բայց փաստը մնում է փաստ, որ մարդիկ վախենում են եւ որ այս ընտրություններն անցնում են համատարած վախի մթնոլորտում»:

«Ժամանակ»-ը գրում է. - « Հայաստանում հստակ զգացվում է ինքնասպանությունների միտումների աճ: Նորմալ հասարակություններում եւ պետություններում դրան արձագանքում են համապատասխան քայլերով թե՛ պետական-կառավարական, թե՛ քաղաքական դաշտում: Մեզ մոտ` Հայաստանում, արձագանքը ընդամենը հավատալ-չհավատալու սահմանում է, հավատի ու անհավատության եզրում: Իշխանությունը կոչ է անում հավատալ իրեն, ընդդիմությունը հակառակ կոչն է անում եւ հորդորում չհավատալ իշխանությանը, չհավատալ իրենց հասցեին բամբասանքներին, հետո չհավատալ մյուս ընդդիմություններին ու իշխանություններին: Այս ամենի մեջ, ինքնասպանության միտումների հոգեբանական աճի դինամիկ փուլում գտնվող հասարակությունն է՛լ ավելի է գրգռվում իր հանդեպ թվացյալ հոգատարությունից, բայց իրականում մեծ անտարբերությունից, եւ մնացյալն արդեն դառնում է վիճակագրության հարց»: «Կուսակցությունները եւ քաղաքական միավորները կոտորում են իրար մի քանի մանդատի համար, իսկ ժողովուրդը սպանում է ինքզինքը հուսահատությունից», - ամփոփում է թերթը:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայ ազգային կոնգրեսն այնքան էլ շահեկան վիճակում չէ: Ինչո՞ւ: Որովհետեւ ստիպված է համագործակցել, մեղմ ասած` գաղափարապես ոչ հարազատ ուժերի հետ, եւ դա քարոզչության այս փուլում ակնհայտորեն ունենում է իր բացասական հետեւանքները: Այս իրավիճակը, սակայն, ունի իր հստակ բացատրությունը: Բանն այն է, որ դեռեւս մոտ մեկ տարի առաջ ակնհայտ դարձավ, որ Կոնգրեսը միայնակ ի վիճակի չէ իշխանափոխություն իրականացնել: Կոնգրեսի ղեկավարներն անկեղծորեն ընդունեցին դա: Դրանից հետո երկու ճանապարհ կար. կամ առաջնորդվել «նեղ կուսակցական շահերով» եւ ձգտել որքան հնարավոր է մեծ ներկայություն ունենալ խորհրդարանում, կամ առաջնորդվել պետության շահերով եւ հնարավոր ամեն ինչ անել` ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քաղաքական մենաշնորհը թույլ չտալու համար: Կոնգրեսն ընտրեց երկրորդ տարբերակը` սեփական վարկանիշի հաշվին: Հասկանալի է, չէ՞, որ եթե խնդիրը հնարավորինս շատ ձայներ ստանալը լիներ, Կոնգրեսը ոչ մեկի հետ էլ չէր համագործակցի»:

Համարելով, որ այսօր Հայաստանի քաղաքական ուժերը չեն մրցակցում իրենց ծրագրերով եւ առաջնորդվում են կորպորատիվ շահերով` «Հայոց Աշխարհ» թերթը ձեւակերպում է. - «Կորպորատիվ շահերի համար մրցակցությունը ծավալվում է «բոլորը՝ բոլորի դեմ» սկզբունքով, ուստիեւ փաստորեն սկսում են գործել ջունգլիների օրենքները։ Ըստ այդմ՝ միմյանց դեմ պայքարում են ոչ թե իշխանություն-ընդդիմություն սխեմայով, այլ սկզբում՝ իշխանությանը մաս կազմող ուժերը՝ առանձին, ընդդիմությանն՝ առանձին, իսկ այնուհետեւ՝ խառը տարբերակներով։ Ընդ որում՝ իշխանության դաշտում առայժմ գերակշռող է շախմատը, իսկ ընդդիմության դաշտում գործում են բոլոր «մարզաձեւերը»»։

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Դրամի արժեզրկումը արդեն տագնապալի տեմպեր է ստանում: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի միջին կշռված գինը կազմել է 393 դրամ 75 լումա: Ընդամենը մեկ շաբաթ առաջ մեկ դոլարը ֆոնդային բորսայում 392 դրամ 45 լումա էր: Առաջին հայացքից դրամի` աննշան թվացող այսպիսի արժեզրկումն իրականում չի մտնում կառավարության եւ Կենտրոնական բանկի պլանների մեջ: Սա հանգեցնելու է հազիվ զսպվող գնաճի խթանմանը: Բացի այդ` ուշագրավ է, որ դրամն արժեզրկվում է մասնավոր տրանսֆերտների աճի ֆոնին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG