Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» չի մասնակցում նաեւ ԱԺ նախագահին կից ընտրությունների դիտարկման խմբի աշխատանքներին


Ընդդիմադիր «Ժառանգությունը» չի մասնակցում Ազգային ժողովի նախագահին կից գործող խորհրդակցական մարմնի աշխատանքներին, որը զբաղվում է ընտրությունների դիտարկմամբ եւ մոնիթորինգի է ենթարկում ընտրական օրենսգրքի կիրառման գործընթացը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ կասկածի տակ են առնում այս կառույցի արդյունավետությունը՝ որպես հիմնավորում վկայակոչելով տեւական ժամանակ քվորումի բացակայության պատճառով Ազգային Ժողովի նիստերի ձախողումը։ Ստյոպա Սաֆարյանը իրենց բոյկոտը նաեւ պայմանավորեց խմբի կողմից իրենց որոշ առաջարկների մերժմամբ՝ «Ժառանգության» գործողություններում չտեսնելով քաղաքական այլ դրդապատճառներ:

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» կուսակցությունը բոյկոտել է ընտրությունների վերահսկողության նպատակով ստեղծված քաղաքական ուժերի միասնական շտաբի աշխատանքները:

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ում առաջարկով է ստեղծվել աշխատանքային խումբը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգության» այս քայլի տակ առավելապես քաղաքական դրդապատճառներ էր տեսնում: Սամվել Նիկոյանի անձնական կարծիքով, քանի որ Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան»-ի եւ Հայ հեղափոխական դաշնակցության միասնական շտաբի աշխատանքներին «Ժառանգության» չմասնակցելը առիթ է տվել «իշխանությունների հետ ինչ-ինչ համագործակցության մասին մեղադրանքների տարափի», ապա իրենց աշխատանքային խմբին միանալու դեպքում այդ մեղադրանքներն թերեւս ավելի կծավալվեին։

«Ես հասկացա, որ «Ժառանգությունը» ուղղակիորեն խուսափեց լինել մյուս ուժերի քննադատության թիրախը», - նշեց Նիկոյանը։

Հիշեցնենք` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ի սկզբանե էր հրաժարվել ընդգրկվել այս խորհրդակցական մարմնում: Մյուս քաղաքական ուժերը, ինչպես նաեւ հասարակական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, մասնակցում են խմբի աշխատանքներին:

Սամվել Նիկոյանն այդ աշխատանքները որակեց «արդյունավետ եւ գործնական»։ Տեղեկացանք, որ մինչ այժմ գումարված նիստերի ընթացքում քննարկվել են վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած հարցերը։ Ըստ խորհրդարանի խոսնակի, նիստերին հրավիրվում են այդ հարցերի հետ առնչվող պաշտոնյաները, բացատրություններ են տալիս, եւ վերջում աշխատանքային խումբը որոշում է՝ ահազանգերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, օրենսդրության խախտում կա՞, թե՝ ոչ:

Երեկվա նիստում քննարկվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում կիրակի օրը ՀԱԿ-ի թեկնածուների հետ կապված միջադեպը․ - «Մենք գտնում ենք անընդունելի նման գործելակերպը, որ որեւիցե թեկնածուի քիթ են ջարդել։ Անընդունելի համարելով դա՝ ողջունում ենք նաեւ ոստիկանության օպերատիվ արձագանքը եւ քրեական գործ հարուցելու հանգամանքը»։

Իր նիստերում աշխատանքային խումբն անդրադարձել է նաեւ ընտրացուցակների ուռճացման, 20-50 հազար կեղծ անձնագրեր տպելու մասին ահազանգերին։ Փոխոստիկանապետի եւ անձնագրային վարչության պետի մասնակցությամբ կայացած քննարկմանը խումբը եզրակացրել է, որ դրանք կեղծ լուրեր են։

«Բոլոր մասնակիցներին մեկ հարց եմ ուղղել՝ կա՞ 1 դեպք, 1 փաստ, որ դուք գիտեք, որ այդպիսի կոնկրետ փաստը կա։ Եթե կա այդպիսի փաստ, բերեք կոնկրետ դարձնենք քննարկման առարկա, հետամուտ լինենք։ Եթե չկա, եկեք սահմանենք, որ դրանք կեղծ լուրեր են, որոնք նպատակաուղղված են ընտրությունները սեւացնելուն», - պատմեց ԱԺ նախագահը։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով ընդդիմության պնդումներն այն մասին, որ 700 հազար մարդ բացակայում է երկրից եւ դա իշխանությունների համար ընտրությունները կեղծելու ռեսուրս է հանդիսանում՝ Նիկոյանը, մասնավորապես, ասաց․ - «Դրա համար ընդդիմությունը պետք է գար եւ իր պնդումները կատարեր։ Մամուլում հայտարարելը շատ հեշտ բան է, դա նշանակում է՝ դու ուզում ես սեւացնել»։

Հանձնաժողովը լրատվամիջոցներով քարոզարշավի առաջին 10 օրերի լուսաբանման հավասարակշռության հարցն էլ ՀՌԱՀ-ի ղեկավար Գրիգոր Ամալյանի հետ է քննարկել եւ պարզել, որ «Կենտրոն» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններով ոչ հավասարակշիռ լուսաբանման խնդիր կա հօգուտ, համապատասխանաբար, «Բարգավաճ Հայաստան» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների։

XS
SM
MD
LG