Մատչելիության հղումներ

Ծառուկյանն ասում է՝ տեր են իրենց ձայներին


Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չորեքշաբթի օրը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Շիրակի մարզում էր: Նրա այցը մոտ մեկ ժամ տեւեց:

Ծառուկյանը նախ հանդիպեց արթիկցիների, հետո մարալիկցիների հետ:

Արթիկում Ծառուկյանը խոսեց վարվող հարկային քաղաքականությունից, մասնավորապես, սպասարկման մի քանի ոլորտներում օրեր առաջ ուժի մեջ մտած հաստատագրված վճարներից:

«Եթե այսօր տաքսիստների, փոքր ու միջին բիզնեսի, ասենք, վարսավիրանոցների համար հաստատագրված է, որը պարտադրված է, որ երեք ամիսը միանգամից պետք է վճարի, ինչի՞ համար: Մարդը թող մի ամիս աշխատի, ամսվա վերջում իր հարկերը վճարի: Կարող է մեքենան փչանում է, կարող է, ասենք, վարսավիրանոցը կամ կրպակը փակում է: Ամիսը կաշխատի, իր համապատասխան գումարը կվճարի: Բայց կանխավճարը երեք ամսով է, դա արդեն պրոբլեմ է այս ծանր ֆինանսական ճգնաժամի ժամանակ», - ասաց Ծառուկյանը:

Ծառուկյանը համարում է, որ վճարվող ավանդների մեխանիզմը եւս սխալ է: Նա ներկայացրեց, թե իրենք դա ինչպես են անելու:

«Չեմ ասում, թե մեկ տարում կփակվի, որովհետեւ մենք պետք է խոսենք մեր բյուջեի սահմաններում: Երեք տարում թող փակվի, բայց առաջնային ծերը, հիվանդը, անօգնականը, չապահովված ընտանիքը ստանա, մեզ ոչ մեկն էլ չի մեղադրի, չի ասի՝ անարդարացի է, ծանոթ-բարեկամով», - ասաց ԲՀԿ առաջնորդը:

Հանդիպման ժամանակ արթիկցիներից մեկը դիտարկեց, թե իրենց «կոճակ սեղմող պատգամավոր պետք չէ»:

«Ուրեմն էդ կոճակ սեղմողներին էլ ձայնը դուք եք տալիս: Սիրելի ժողովուրդ, ես խոսում եմ ձեզ հետ՝ որպես ձեզնից մեկը: Սրան-նրան մեղադրել, ձեր ցավը տանեմ, չի կարելի: Ամենակարեւորը կախված է ձեզնից, թե առաջիկա հինգ տարիները դուք ոնց եք ապրելու: Այնպես, որ ոչ մեկին չմեղադրեք: Ինքներդ ձեզ մեղադրեք: Մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք ու պահանջեք: Դա ծանրություն է, եթե մարդը այդ ծանրության տակ մտնում է, նա պետք է լիարժեք ժողովրդի հոգսերով, պրոբլեմներով օր ու գիշեր աշխատի: Եթե չի կարողանում իր հոժար կամքով, թող ժողովրդի անեծքը չվերցնի իր վրա, այլ կարողանա ժողովրդի օրհնանքի խոսքը վերցնել», - արձագանքեց Ծառուկյանը:

Երբ Ծառուկյանը ելույթն ավարտեց ու բեմից իջավ ներքեւ, հավաքվածներն իրար խառնվեցին. ամեն մեկն ուզում էր գալ ու իր նամակն ու հարցն անձամբ ներկայացնել ԲՀԿ առաջնորդին:

Գագիկ Ծառուկյանն այնուհետեւ այցելեց Մարալիկ, որտեղ մեծ բեմ էր կառուցվել ԲՀԿ առաջնորդի մեծ նկարով: Ծառուկյանը Մարալիկում խոսեց աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության մասին:

«Առաջնային խնդիրը մեր ժողովրդի զբաղվածության խնդիրն է: Մարդիկ պետք է զբաղմունք ունենան, որով կարողանան իրենց ընտանիքը պահել, իրենց ծնողին, երեխային կերակրել, ոչ թե գումարի պատճառով, պարտքի, կերակրելու պատճառով չկարողանա ընտանիք մտնի, տեսնի երեխաներին, գնա ուրիշ երկրներ աշխատելու: Միայն պետք է պայման եւ հնարավորություն, եւ մարդկանց համապատասխան վիճակը տեսնելով, պետք է մարդկանց հնարավորություն, արտոնություն տան աշխատելու համար», - ասաց նա:

Ծառուկյանն անդրադարձավ նաեւ ԲՀԿ-ի մասին շրջանառվող լուրերին. - «Ասում են, թե ձայները իրենցը չէ, դրանք տանելու են: Ինչ ձայն կա, մերն է, մենք տեր ենք մեր ձայնին: Մեր ձայները ոչ մեկին չենք տալու, մենք պատասխանատու ենք ժողովրդի առաջ: Ինչ էլ արել ենք ժողովրդի համար, քիչ ենք արել, ավելի շատ եմ անելու: Մենք գանք, առնվազն երեք ամսվա ընթացքում օր օրի դուք դա կնկատեք: Մենք մեր թիմակիցների կողքը կանգնած ենք սարի պես, ոչ մեկը իրավունք չունի իմ թիմակցին նեղացնելու: Կարող է քամի ու փոթորիկ անեն, բայց լիարժեք չեն կարող: Գյուղապետ կլինի, քաղաքապետ կլինի, կպարտադրի, որ ձայնը սրան տվեք, դա անում է իր կաշին փրկելու, իր պաշտոնին մնալու համար: Որ չտվեց, արդյունք չեղավ, իրեն փոխելու են: Խաթրի խնդիր չկա, որ ծանոթ-բարեկամին խաթր անես, ձայնը տաս, հինգ օր, մի ամիս չէ, դա ամողջ քո հինգ տարվա, քո ընտանիքի, քո երեխաների ապագան է», - ասաց նա:

ԲՀԿ առաջնորդը դատարկաձեռն չէր եկել Մարալիկ: Նա երեք նոր տրակտոր էր բերել նվեր, սակայն երբ հանդիպումն ավարտվեց, տրակտորներն էլ շատ արագ կայանված տեղից տարան:
Թե ուր, այդպես էլ պարզ չդարձավ:

please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG