Մատչելիության հղումներ

«Ես եմ կիզակետում, որովհետեւ ես եմ կուսակցության ղեկավարը»


Հայաստանի նախագահ, իշխող կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը այսօր պարզաբանեց, թե ինչու է միայնակ իրականացնում ՀՀԿ-ի քարոզարշավը:

Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ դա մեծագույն պատիվ է համարում եւ անում է լրջագույն պատասխանատվությամբ:

Նախագահի խոսքով` հեքիաթ է այն կարծիքը, թե Հանրապետականում այլ կարող ուժեր չկան, դրա համար էլ Սերժ Սարգսյանն անձամբ է իրականացնում քարոզարշավը. - «Բնականաբար, ես եմ կիզակետում, որովհետեւ ես եմ այդ կուսակցության ղեկավարը, եւ շատ մարդկանց համար անհասկանալի կլինի, թե ինչու կուսակցության համար շատ կարեւոր պահի ես քաշվում եմ երկրորդ պլան»:

Վայոց ձորի մարզում իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Ջերմուկ քաղաքից: Սերժ Սարգսյանը ջերմուկցիների հետ հանդիպմանը վստահություն հայտնեց, որ մի օր Ջերմուկը դառնալու է աշխարհի լավագույն առողջարաններից մեկը:

«Մեր պետկերացրած ու ծրագրած երկիրը գրավիչ Հայաստանն է», - ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իշխող կուսակցության ղեկավարը:

Նախընտրական քարոզարշավի շրջանակում Հանրապետական կուսակցության ղեկավարի հաջորդ կանգառը Վայք քաղաքում էր:

«Մենք անելիք ունենք այս հողի վրա եւ ասելիք ունենք աշխարհին. այդ ասելիքը տեղ հասցնելու համար ասողը պետք է լինի ուժեղ, պետք է վայելի հարգանք ու հեղինակություն», - ասաց Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Այսօր մենք ուժ էլ ունենք, հարգանք էլ, բայց մեզ` որպես ազգ, ավելին է պետք: Ավելի մեծ ուժ, ավելի մեծ հեղինակություն տարածաշրջանում եւ աշխարհում, որովհետեւ մեր ասելիքն է մեծ, որովհետեւ մեր նպատակներն են վեհ: Սա կարող եք ընդունել որպես վստահության եւ հավաքվելու կոչ»:

«Հասարակությունն իսկապես ավելի վստահ լինելու եւ հավաքվելու կարիք ունի», - կարծում է ՀՀԿ-ի ղեկավարը. - «Կազմակերպվածության պակասը, անբարեխճությունն ու թաթփվածությունը այլեւս պետք է բացառվեն բոլոր ոլորտներում»:

Վայքում նա կոչ արեց ընտրողներին մայիսի 6-ին ձայնը տալ նրանց, ովքեր ի զորու են հարցեր լուծել. - «Ձեր ձայնը տվեք նրանց, ովքեր բերում են ձեզ պատասխաններ: Վստահեք մեզ, եւ մեր պատասխանները չեն ուշանա: Ես վստահ եմ նաեւ, որ բոլորդ քաջ գիտակցում եք, որ պետք է կազմակերպենք այնպիսի ընտրություններ, որը որեւէ կերպ չի նպաստելու մեր հասարակության մեջ հակասությունների զարգացմանը, հակադրության ավելացմանը, թշնամանքի մթնոլորտ ստեղծելուն»:

«Ընտրություններով աշխարհը չի վերջանում, ընտրությունները կենաց ու մահու խնդիր չեն», - Վայքում ասաց իշխող կուսակցության ղեկավարը` ցանկություն հայտնելով, որ մայիսի 6-ից հետո հասարակությունը լինի ավելի համերաշխ, քաղաքացիները վստահեն իշխանություններին եւ ավելանա հավատը:

Հանրապետական կուսակցության քարոզարշավը շարունակվեց Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում, այնուհետեւ Սերժ Սարգսյանը այցելեց Եղեգնաձոր:

«Բոլորն էլ իրենց ծրագրերն են ներկայացնում ու դրանք գովաբանում: Եվ, իհարկե, քննադատության բոլոր սլաքները փորձում են ուղղել Հանրապետականի դեմ: Հանրապետականը այդ քննադատությունից չի վախենում, Հանրապետական պատրաստ է այն լսել, վերլուծել եւ դրանից իր եզրակացություններն անել», - Եղեգնաձորում ասաց նա:

Սերժ Սարգսյանի խոսքով` ՀՀԿ-ն ծանրակշիռ քաղաքական ուժ է, որն իրեն նեղացկոտություն թույլ չի տալիս. - «Կառավարող ուժը իրավունք չունի քինախնդիր լինել, այն պետք է ընդհակառակը, մշտապես լայնախոհություն եւ շրջահայացություն ցուցաբերի: Այդպես գործել ենք, այդպես էլ շարունակելու ենք»:

«Այսօր կա մի շատ դրական միտում, որն անհրաժեշտ է արձանագրել», - շարունակեց նա: - «Այսօր կարող ենք ասել, որ մեր քաղաքական համակարգը արդեն կայացել է: Սա պետք է իրոք արձանագրել որպես շատ դրական երեւույթ: Անցած 10 օրերի ընթացքում որքան էլ տաքացել են կրքերը, դրանք, այնուամենայնիվ, տեղի չեն տվել ու չեն անցել անթույլատրելիի սահմանը` չնչին բացառություններով»:

Ըստ Հանրապետական կուսակցության ղեկավարի, այս ընտրարշավը քաղաքական համակարգի հասունության լավագույն ապացույցն է:

«Վիրավորանքն ու պիտակավորումը չպետք է տեղ ունենան քաղաքական կյանքում», - հայտարարեց ՀՀԿ-ի ղեկավարը: - «Ժամանակի ընթացքում պետք է ավելի ամրապնդել միմյանց հարգելու եւ ազնիվ մրցելու մշակույթը»:

Քարոզարշավի այս օրը Սերժ Սարգսյանը եզրափակեց Արենի գյուղում:

please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG