Մատչելիության հղումներ

1982 թվականից Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի առաջարկությամբ ապրիլի 18-ը նշվում է որպես հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան վավերացրել է 1993 թ. սեպտեմբերի 5-ին:

Այս տարի հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա հետ նշվում է նաեւ Համաշխարհային մշակութային եւ բնության ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի ընդունման 40-ամյակը:

Այսօր մեկնարկում է նաեւ ՀՀ մշակույթի, Պաշտպանության եւ Կրթության ու գիտության նախարարությունների համատեղ միջոցառումների շարքը, որոնց շրջանակներում նախատեսվում է տարվա ընթացքում դպրոցականների, զինվորների մասնակցությամբ բարեկարգել շուրջ 500 հուշարձանների տարածքներ:

Հուշարձանների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը լրագրողների հետ զրույցում խոսեցին պատմական հուշարձանների վերականգնման ու պահպանման խնդիրներից:

Անցած տարվանից պետության, մասնավոր հատվածի ձեւաչափի շրջանակներում եթե որեւէ բարերար կամ բարեգործական հիմնադրամ ֆինանսական միջոցներ է տրամադրում որեւէ հուշարձանի վերականգնման համար, ապա նախարարությունը պատրաստակամ է իր աշխատակիցներին ու անհրաժեշտ տեղեկատվական նյութը անվճար տրամադրել բարերարին:

«Իրոք, ծավալը բավականին մեծ է: Հաճախ մեզ քննադատում են, թե՝ դուք գիտե՞ք այս հուշարձանում ինչ իրավիճակ է տիրում: Այո՛, մենք գիտենք, եւ ավելի լավ գիտենք յուրաքանչյուր հուշարձանի խնդիրը, ուղղակի այստեղ հնարավորությունների խնդիր է», - նշեց Սերժիկ Առաքելյանը:

Հուշարձանների պահպանության գործակալության պետի խոսքով՝ կա մեկ այլ ծրագիր, որը իրենք փորձում են իրականացնել միջազգային կազմակերպությունների միջոցով: Դրանցից մեկը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հիմնադրամն է, որին անցած տարի ներկայացվեց մի ծրագիր. նպատակը Գառնու կամրջի վերականգնման աշխատանքներն իրականացնելն էր:

2009 թվականից մեկնարկեց հուշարձանների տեխնիկական վիճակի դիտանցման ծրագիրը: Աշոտ Փիլիպոսյանը ծրագրի մասնակիցներից էր: Նպատակը հայկական հուշարձաններում պահպանված պատմական որմնանկարների դիտանցման ծրագիրը իրականացնելն էր:

XS
SM
MD
LG