Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենը


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Յուկիա Ամանո

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Յուկիա Ամանո

Հայաստան է ժամանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԵՄԳ) տնօրեն Յուկիյա Ամանոն, որին այսօր ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱԷՄԳ-ի հետ հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը` այն դիտարկելով նաեւ որպես Հայաստանի էներգետիկ եւ միջուկային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ:

Նախարարը հիշատակել է մարտին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Սեուլում միջուկային անվտանգության գագաթնաժողովի աշխատանքներին, որը վերահաստատել է ԱԷՄԳ-ի կենտրոնական դերը համաշխարհային միջուկային անվտանգության գործուն մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Յուկիյա Ամանոն նշել է, որ ԱԷՄԳ-ն կարեւորում է համագործակցությունը Հայաստանի հետ միջուկային անվտանգության բնագավառում, եւ այն բավականին արդյունավետ է որակել:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համագործակցությանը՝ Մեծամորի ատոմակայանի, ինչպես նաեւ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման, միջուկային անվտանգությանն առնչվող հարցերին: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշել է նաեւ, որ Հայաստանը, հանդիսանալով միջուկային տեխնոլոգիայի տիրապետող երկիր, միացել է այդ բնագավառը կարգավորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի, ինչպես նաեւ միացել է Եվրամիության նախաձեռնած միջուկային էլեկտրակայանների ռիսկերի գնահատման փորձարկումներին:

Նալբանդյանն ու Ամանոն մտքեր են փոխանակել միջազգային մակարդակով ԱԷՄԳ-ի կողմից միջուկային անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի շուրջ:

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հաղորդագրության համաձայն` երկօրյա այցի շրջանակներում ԱԷՄԳ-ի տնօրենը հանդիպումներ կունենա նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ, կայցելի Հայաստանի ատոմային էլեկտրակայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG