Մատչելիության հղումներ

Վրաստանը դուրս է գալիս «Բաց երկնքի» համաձայնագրից


Ռուսաստանի եւ Աբխազիայի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, 17-ը ապրիլի, 2012թ.
Ռուսաստանի եւ Աբխազիայի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, 17-ը ապրիլի, 2012թ.

Ռուսաստանի եւ Աբխազիայի արտգործնախարարները քննադատում են պաշտոնական Թբիլիսիի այս որոշումը։

«Վրաստանի իշխանությունների որոշումը` դուրս գալ «Բաց երկնքի» մասին համաձայնագրից, է՛լ ավելի է սրում կացությունը Հարավային Կովկասում», - պնդում են ռուս դիվանագետները:

Այս մասին երեքշաբթի օրը հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` իր աբխազ պաշտոնակից Վյաչեսլավ Չիրիկբայի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ավարտին:

«Վրացական ղեկավարության այս քայլը եւս մեկ անգամ վկայում է, որ այն իր եսապաշտական նպատակներին հասնելու համար պատրաստ է զոհաբերել անգամ շատ կարեւոր խնդիրները, օրինակ` ողջ Եվրոպական աշխարհամասում փոխադարձ վստահության եւ խաղաղության ամրապնդմանն ուղղված գործողությունները», - ասաց Լավրովը:

«Բաց երկնքի» մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականին Հելսինկիում` եվրոպական 27 պետությունների կողմից: Այժմ դրան անդամակցում է 34 երկիր: Համաձայնագիրը նախատեսում է փոխադարձ տեսչական թռիչքների իրականացում, որոնք հնարավորություն են տալիս եվրոպական պետություններին պարբերաբար հետեւել հարեւան երկրների ռազմական ենթակառույցներին:

Վրացական կողմը հայտարարում է, որ համաձայնագիրը լքում է, քանի որ ռուսական կողմն արգելում է վրացական ավիացիային հետախուզական թռիչքներ իրականացնել ռուսական սահմանների մերձակայքում` պնդելով, թե դրանք վտանգում են համաձայնագրին մաս չկազմող պետությունների` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի իրավունքները:

«Ռուսաստանը, փաստորեն, միակողմանիորեն վերանայել է միջազգային համաձայնագրի դրույթները` օկուպացված տարածքները որպես անկախ պետություններ ներկայացնելով», - նշում են Թբիլիսիում:

Աբխազական կողմը, սակայն, պնդում է, որ վրացական հետախուզական օդանավերի ի հայտ գալը քիչ հավանական է համարում։

2008-ի օգոստոսյան պատերազմին նախորդող շրջանում Աբխազիայի երկնքում ոչնչացվեցին վրացական անօդաչու երեք հետախուզական սարքեր: Աբխազիայի արտգործնախարարի խոսքով, սակայն, Վրաստանն այս անգամ հազիվ թե նման փորձ կատարի:

«Ցավոք սրտի, Վրաստանը շարունակ նման սադրիչ գործողություններ է իրականացնում, որոնք է՛լ ավելի են սրում տարածաշրջանի պետությունների հետ հարաբերությունները: Ստեղծված իրավիճակում, սակայն, լուրջ տագնապի պատճառներ չեմ տեսնում, քանի որ Աբխազիան երկրի սահմանները համատեղ պահպանելու մասին շատ հուսալի պայմանավորվածություններ ունի Ռուսաստանի հետ։ Ուստի կարծում եմ, որ իրավիճակը ապակայունացնելու Վրաստանի այս մի փորձն էլ անհաջողության կմատնվի», - հայտարարեց Վյաչեսլավ Չիրիկբան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG