Մատչելիության հղումներ

Բրեյվիկն իրեն համարում է «դիմադրության շարժման հրամանատար»


Անդերս Բրեյվիկը Օսլոյի դատարանում:

Անդերս Բրեյվիկը Օսլոյի դատարանում:

33-ամյա ահաբեկիչը նորից պնդել է, թե չի զղջում եւ հնարավորության դեպքում կկրկներ գրոհը։

Զանգվածային սպանդ իրագործած Անդերս Բերինգ Բրեյվիկը այսօր Օսլոյի դատարանում իր հայտարարությունն է ներկայացրել։ Նա վերստին իրեն մեղավոր չի ճանաչել եւ իր գործողությունները «ինքնապաշտպանություն» է որակել։

Բրեյվիկն անցած տարվա հուլիսի 22-ին Օսլոյում պայթեցրել էր ականապատված մեքենա, ապա Ուտոյա կղզում գնդակահարել մի քանի տասնյակ երիտասարդների: Ընդհանուր հաշվով նա այդ օրը 77 մարդ էր սպանել։

«Դա Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից հետո իրականացված ամենատպավորիչ եւ հնարամիտ քաղաքական գրոհն էր», - ասել է Բրեյվիկը` հավելելով, թե հնարավորության դեպքում ինքը կկրկներ այդ գործողությունը։

33-ամյա ահաբեկիչն իրեն համարում է «Նորվեգիայի եւ համայն Եվրոպայի հակակոմունիստական շարժման առաջամարտիկ եւ հակամահմեդական առաքելություն կատարող ասպետական հոգեւոր ուխտի` Տաճարականների հրամանատար»։

Նա պնդում է, թե այդ հարձակումը կատարել է «արթնացնելու համար եվրոպացիներին, ովքեր մայրցամաքը զիջում են մահմեդականներին»։

Բրեյվիկի պնդմամբ` նորվեգացիներին սպառնում է «սեփական երկրում, իրենց իսկ մայրաքաղաքում ազգային փոքրամասնություն դառնալու վտանգը»։

Նորվեգիայի հեռուստատեսությունը եւ ռադիոն չեն հեռարձակել հանցագործի ճառը, քանի որ ենթադրել են, որ նա կարող է այդ հնարավորությունն օգտագործել իր ծայրահեղ մարդատյացության գաղափարները քարոզելու նպատակով։

Բրեյվիկի գերնպատակն է մեղսունակ ճանաչվել եւ ենթարկվել դատական պատասխանատվության, ինչը «կարդարացնի իր պայքարը մահմեդականների եւ օտարների դեմ»։

«Ես բանտից չեմ վախենում, անմեղսունակ ճանաչվելն ինձ համար մահվանից ավելի վատ է», - ասել է Բրեյվիկը։

Նորվեգիայում գերագույն պատիժը 21 տարվա ազատազրկումն է, ինչը շատերի համոզմամբ չափազանց մեղմ վճիռ կլինի այդ կարգի հրեշավոր հանցագործության համար։

Այսօր դատարանը որոշել է երեք երդվյալ ատենակալներից մեկի լիազորությունները դադարեցնել` տեղեկանալով, որ ատենակալ Թոմաս Ինդրեբոն Բրեյվիկի կատարած հարձակումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է, թե նման հանցագործությունների համար միակ արդար վճիռը մահապատիժն է։

«Օրենքի համաձայն, ոչ ոք չի կարող դատավոր կամ ատենակալ լինել, եթե որոշակի հանգամանքներում նրա անկողմնակալությունը կասկածի է ենթարկվում։ Հասկանալի է, որ հուլիսի 22-ը շատ ծանր է ազդել մարդկանց վրա, եւ շատերն իրենց վրդովմունքն են հայտնել ամենատարբեր ձեւերով», - ասել է նախագահող դատավոր Վենչ Արնտցենը եւ ավելացրել. - «Ատենակալ Ինդրեբոն ինտերնետում մահապատժի մասին է գրել։ Դա եղել է նախքան այս գործով ատենակալ նշանակվելը, սակայն այդ հայտարարությունը խարխլում է նրա անկողմնակալությունը»։

Ինդրեբոին փոխարեն մեկ ուրիշ ատենակալ է նշանակվել։ Գործի քննությունը կտեւի մոտ մեկ շաբաթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG