Մատչելիության հղումներ

Ծառուկյան․ «Տեր-Պետրոսյանն էլ պահանջում է արդար ընտրություններ, որին մենք կողմնակից ենք»


Հայ ազգային կոնգրեսի հետ ընտրությունների օրինականության վերահսկման ձեւաչափից դուրս համագործակցության մասին խոսք չկա. այսօր Դիլիջանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան լրագրողներից մեկի այն դիտարկման, թե՝ «տեւական ժամանակ ՀՀ առաջին նախագահը խոսում է ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին, բայց դուք չեք արձագանքում»։

«Համագործակցության մասին ոչ մի խոսք չկա: Համագործակցությունը միասնական ուժերով բաց, արդար, թափանցիկ ընտրություններ ապահովելու մեջ է, որի համար մենք ստորագրել ենք, եւ ասել ենք, որ նրանց հետ, ովքեր մեր կողմնակիցներն ու գործընկերներն են, պետք է կարողանանք մեր ժողովրդի համար մեկ անգամ ապահովել բաց, արդար, թափանցիկ ընտրություններ»:

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե «ՀԱԿ առաջնորդը ԲՀԿ-ին առաջարկում է դեմ դուրս գալ ՀՀԿ-ին եւ «ռեժիմին», Գագիկ Ծառուկյանը հակադարձեց․ - «Ո՞նց դեմ դուրս գալ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նման բան չի առաջարկում: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ պահանջում է արդար, բաց, թափանցիկ ընտրություններ, որին մենք կողմնակից ենք»:

Ի պատասխան մեր հաջորդ դիտարկմանը, թե ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը ԲՀԿ-ին մեղադրում է Լեւոն Տեր-Պետրոսյանի սցենարն իրագործելու եւ նրա կանոններով շարժվելու մեջ, ԲՀԿ առաջնորդը հայտարարեց. - «Դուք նայեք «Ժառանգություն» կուսակցությունը ում ուղղորդվածությամբ է շարժվում, թող ինքն իրեն մեղադրի»:

Գագիկ Ծառուկյանը անպատասխան թողեց առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցը։ Իսկ մեկ այլ հարցի, թե ԲՀԿ-ի քանի՞ տոկոս մասնակցություն է ակնկալում ապագա խորհրդարանում, պատասխանեց. - «Ես ինքնագովազդով չեմ զբաղվում, կուսակցությանը ձայն տվողը ժողովուրդն է, ժողովրդին հարցրեք»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը Դիլիջան էր այցելել նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Ամբիոնից իր ելույթում նա թեեւ բաց տեքստով չհայտարարեց, բայց ակնարկեց ինչ-որ ուժերի օգտին գործադրվող վարչական ռեսուրսների, պաշտոնյաների, քաղաքապետերի, գյուղապետերի կողմից ընտրողների վրա կիրառվող ճնշումների ու պարտադրանքի մասին:

«Դա անում են, որովհետեւ իրենց տեղերից են վախենում։ Արդյունք ցույց չտան՝ իրենք իրենց տեղերը զիջելու են նրանց, ովքեր որ հաղթող են, ժողովրդի կողմից ընդունված են։ Այսօր իրենք իրենց կաշին փրկելու, տեղ ապահովելու խնդիրն է, իսկ դա խաթրի հարց չէ, որ դուք այսօր խաթր անեք, ասեք թե՝ ձայնը տաք։ Դա ձեր հինգ տարվա ապագայի խնդիրն է», - ասաց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով․ - «Եթե կպան իմ թիմակցին, ուրեմն՝ ինձ են կպել։ Ձեր կողքը կանգնած եմ, հարց կա՝ ինձ ասեք»։

Ընտրողներին կոչ անելով քվեարկել խղճի թելադրանքով՝ Ծառուկյանն ընդգծեց, որ ինքը «դոշ չի ծեծում» իրենց ընտրելու համար եւ որեւէ հանդիպման ժամանակ նույնիսկ չի ասում «ձեր ձայնը մեզ տվեք»։

«Մենք ամեն ինչի հասած մարդ ենք՝ դուք բոլորդ գիտեք։ Այս ծանրության տակ մտել եմ ոչ թե իմ կաշին փրկելու, պաշտոն ստանալու, ունեցվածք դիզելու՝ Աստծո կամոք ամեն ինչ էլ ունեմ։ Ոսկե սարեր ես ձեզ չեմ խոստանում։ Ինչ որ ծրագիր է՝ երեք ամսվա ընթացքում դա իրականություն է դառնալու։ Ընտրողը դուք եք», - հավելեց ԲՀԿ-ի ղեկավարը։

Մինչ Գագիկ Ծառուկյանը ելույթ էր ունենում, դիլիջանցիները տրցակներով ծրարներ էին տալիս նրա թիմակիցներին՝ Ծառուկյանին փոխանցելու համար. մեզ պարզաբանեցին, որ նամակներ են: Այնուհետեւ տարեցները սկսեցին մոտենալ Ծառուկյանին։

ԲՀԿ առաջնորդն իր թիմի հետ Դիլիջանից ուղեւորվեց Իջեւան եւ Բերդ:

please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG