Մատչելիության հղումներ

Հայաստանում «անձնագրերի սղություն կա»


Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
Այն քաղաքացիները, ովքեր ուզում են սեղմ ժամկետներում փոխել անձնագրերը կամ նոր անձնագրեր ստանալ, Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից բացասական պատասխան են ստանում:

Հիմնական պատճառները, ըստ Քոչարյանի երկուսն են` լրացել է հազարավոր քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը. նրանք անձնագիր ստացել են 1995-1996 թվականներին, եւ փաստաթուղթը փոխելու ժամանակն է եկել:

«Եթե քաղաքացին մինչեւ վերջերս կարող էր մեկ օրվա եւ եռօրյա ժամկետում համապատասխան գումար վճարելով ստանալ անձնագիր, այսօր այդ հնարավորությունը փաստացի չի կարող օգտագործել, որովհետեւ անձնագրերի սղություն կա: Սակայն սղությունը պայմանավորված է ոչ թե նրանով, որ կեղծ անձնագրեր են տպագրվում, այլ ուղղակի աննախադեպ աճել է անձնագրերի պահանջարկը, եւ այդ պահանջարկի աճը որոշակի իմաստում նաեւ մեզ համար կանխատեսելի չէր», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը պարզաբանեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:

Երկրորդ պատճառը, որը եւս ոստիկանության համար կանխատեսելի չէր, կապված է Շենգենյան համաձայնագրի անդամ պետությունների տարածք մուտք գործելու համար անձնագրի եւ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության նմուշի ժամկետի սահմանափակումների հետ: Վերջերս տեղ գտած սահմանափակումների պատճառով Հայաստանից դուրս եկողների մեծ մասը պետք է փոխի անձնագիրը:

Քոչարյանը վստահեցնում է, որ այս գիշեր արդեն նոր անձնագրերի խմբաքանակ կստանան ու երկու-երեք օրվա մեջ այս հարցը կլուծվի. - «Ես հայցում եմ մեր բոլոր քաղաքացիների ներողամտությունը: Հույս ունեմ, որ մի փոքր կհամբերեն, մինչեւ այս խնդիրները մենք արագ կարգավորենք: Այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք ենք տանում: Համոզված եղեք` շատ արագ կլուծենք այդ հարցը… Այսօր մենք ստանում ենք անձնագրերի այն խմբաքանակը, որոնք արդեն պետք է տրամադրվեն քաղաքացիներին: Երկու օրվա ընթացքում բոլոր պատվիրատուները կստանան իրենց անձնագրերը, եւ այս հարցը, կարծում եմ, այլեւս նման սրությամբ չի դրվի»:

«Այս երկու պատճառներն ուղղակի գումարվեցին իրար եւ արդյունքում քաղաքացիներն այսօր որոշակի իմաստով անհարմարություններ են կրում», - ասաց Հովհաննես Քոչարյանը:

Հայաստանի համար անձնագրեր է պատրաստում ֆրանսիական «Օվերտուր» կազմակերպությունը: Այս ընկերության հետ կնքված պայմանագրում նշվում են այն չափաքանակներն ու ժամկետները, որոնց շրջանակում կազմակերպությունը պետք է անձնագրեր մատակարարի Հայաստանին:

Քոչարյանն ասաց, որ գրավոր դիմել են ընկերությանը Հայաստանին կարճ ժամկետներում անձնագրերի նոր խմբաքանակ ուղարկելու հարցով:

Մինչ Քոչարյանն ասում է, թե սեղմ ժամկետներում անձնագրեր չեն կարող տրամադրել, շատ քաղաքացիների, սակայն, անձնագրային ծառայություններում ընդհանրապես բացասական պատասխան են տվել: Ըստ Կառավարության որոշման, անձնագրի հետ կապված գործարքները ոստիկանությունը կատարում է սեղմ եւ երկար ժամկետներում:

Եթե քաղաքացին ցանկանում է անձնագրի ստացման հետ կապված գործողություններն արագ կատարվեն, ապա այդ ծառայության համար պարտավոր է վճարել: Հակառակ դեպքում, երբ նույն գործողությունները կատարվում են ավելի երկար երկար ժամանակահատվածում, քաղաքացին չի վճարում:

80-ամյա Կարլեն Քալաշյանը սակայն, երբ դիմել է Արաբկիրի անձնագրային բաժանմունք, չի պահանջել, որ անձնագիրը սեղմ ժամկետում տրամադրեն: Թոշակառուն ընդամենը տեղեկացրել է, որ լրացել է անձնագրի վավերականության ժամկետն ու այդ պատճառով թոշակ չի կարողանում ստանալ: Ապրիլի 3-ին, երբ գնացել է թոշակ ստանալու, փոստային բաժանմունքում նրա անձնագիրը ստուգել են ու մերժել թոշակ տրամադրել: Փոստային բաժանմունքի աշխատակիցը հրաժարվել է թոշակ հատկացնել անձնագրի վավերականության ժամկետի լրացման պատճառով:

Քալաշյանը ապրիլի 3-ին դիմել էր անձնագրային բաժին, ներկայացրել լուսանկարները, ու իրեն ասել են, որ մեկ շաբաթ հետո կարող է ստանալ անձնագիրը:

Այսօր արդեն անձնագրային բաժանմունքում թոշակառուին պատասխանեցին, որ անձնագիր չկա:

Թոշակառուի պես անձնագիրը չի կարողանում փոխել նաեւ Հերմինե Ուլիխանյանը: Նրան ասել են, թե առայժմ նոր անձնագրեր չունեն` խորհուրդ տալով գալ 10 օր հետո:

Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն այսօր ասաց, որ այն քաղաքաիները, ոքեր չեն հասցնի լուծել անձնագրերի հետ կապված խնդիրները, խորհրդարանական ընտրություններին կարող են քվեարկել իրենց կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG