Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը համագործակցում է ՀՀԿ-ի դեմ պայքարող բոլոր ուժերի հետ


ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյան

«Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

«Ազատություն» ռադիոկայան. - Հայ ազգային կոնգրեսը իր քարոզարշավի ընթացքում իշխանական երկու ուժերի` «Օրինաց երկիր» եւ Հանրապետական կուսակցության հասցեին անվանական մեղադրանքներ է հնչեցնում, այնինչ «Բարգավաճ Հայաստան»-ին անդրադարձ չեք կատարում: ԲՀԿ-ի հետ համագործակցության հնարավորության մասին Ձեր քաղաքագիտական վերլուծությունը դեռեւս ուժի մե՞ջ է:

Լեւոն Տեր-Պետրոսյան. - Այո', մեր թիրախը Հանրապետական կուսակցությունն է եւ «Օրինաց երկիր»-ը: Իսկ թե ինչու ենք տարբերում դա, շատ հասկանալի պատճառով. «Օրինաց երկիր»-ը եղել, կա եւ հայտարարում է, որ այսուհետեւ էլ լինելու է Սերժ Սարգսյանի ճամբարում, մասնակցելու է հաջորդ կոալիցիային: «Բարգավաճ Հայաստան»-ը այդպիսի բան չի հայտարարում: Այո, ունեն [կոալիցիոն] հուշագիր, այո, կոալիցիայից դուրս չի եկել, բայց կոալիցիան ժամանակավոր երեւույթ է, կոալիցիան տեւում է այնքան ժամանակ, որքան կա խորհրդարան: Մայիսի 7-ին կոալիցիան չկա: Բնականաբար, անկախ այն բանից, թե մենք ինչ հակասություններ ենք ունեցել Դաշնակցության, «Ժառանգության», «Բարգավաճի» հետ, այո, մենք նրանց ժամանակին շատ խիստ քննադատել ենք, բայց քանի որ այսօր այդ կուսակցությունները փաստորեն դուրս են եկել Հանրապետական կուսակցության մենիշխանության դեմ, քաղաքական տգիտություն, անգրագիտություն կլինի եւ դավաճանություն կլինի այս ժողովրդի նկատմամբ, եթե մենք այդ հնարավորությունը չօգտագործենք եւ չազատվենք Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի միապետությունից:

«Ազատություն» ռ/կ. - Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի` ավելի հեռուն գնացող ծրագրերի մեջ տեսնո՞ւմ եք, օրինակ, հաջորդ կոալիցիայի մեջ չմտնելը:

Լեւոն Տեր-Պետրոսյան. - Հեռուն գնացող ոչ մի բան չեմ ուզում տեսնել այսօր: Այսօր մենք ճակատամարտի մեջ ենք հանցավոր ռեժիմի հետ եւ այդ հանցավոր ռեժիմը տապալելու, նրանից ազատվելու բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք: Ես նկատի ունեմ սահմանադրական, օրինական հնարավորությունները:

«Ազատություն» ռ/կ. - Ովքե՞ր են ՀԱԿ-ի դաշնակիցներն ու հակառակորդներն քարոզարշավային այս մրցապայքարում:

Լեւոն Տեր-Պետրոսյան. - Ոչ «Բարգավաճի», ոչ «Ժառանգության», ոչ Դաշնակցության հետ դաշնակից չենք: Մենք համագործակցում ենք միայն մեկ հարցի շուրջ, որպեսզի անցկացնենք արդար, օրինական ընտրություններ: Դրա հնարավորությունը կա` «Բարգավաճը», Դաշնակցությունը եւ «Ժառանգություն»-ը բոլորի մակարդակների ընտրական հանձնաժողովներում ունեն անդամներ: Դա հզոր ներկայություն է: Եթե այս չորս ուժերը անկեղծաբար իրար հետ համագործակցեն, կամ Սերժը, կամ Ռոբերտ Քոչարյանը, որեւէ մեկը չի կարող անել այն, ինչ արել են նախորդ երեք ընտրությունների ժամանակ: Եվ կա նաեւ երկրորդ հանգամանքը` ես վստահ եմ, որ միջազգային հանրությունն էլ այնպես անտարբեր չի լինելու այս ընտրությունների նկատմամբ, ինչպես եղել են նախորդ ընտրությունների ժամանակ: Բան է փոխվել աշխարհում: Հյուսիսային Աֆրիկայի երկրների դառը փորձ կա, մերձարվորարեւելյան երկրների բռնապետությունների վախճանի դառը փորձը կա: Աշխարհը սրանից եզրակացություններ է արել, եւ ներկայացվել է եւ Օբամայի, եւ Եվրամիության կողմից, որ նրանք այսուհետեւ այդպես փափկանկատ չեն լինելու բռնապետների նկատմամբ ինչ-ինչ շահերից ելնելով:

«Ազատություն» ռ/կ. - Եթե անցնեք խորհրդարան, պատրաստվո՞ւմ եք զբաղեցնել պատգամավորական Ձեր տեղը:

Լեւոն Տեր-Պետրոսյան. - Նայած ինչպիսի ներկայություն կունենանք: Եթե մեծամասնություն ունենանք, պա՞րզ չէ, որ ես լինելու եմ խորհրդարանում: Եթե շատ լուրջ ներկայություն ունենանք, 30-40 տոկոս էլ ունենանք, ես պիտի մնամ խորհրդարանում: Եթե ոչ, պիտի գտնենք ուրիշ ձեւեր: Եթե լինեն իրապես ընդդիմադիր այլ խմբակցություններ, պիտի աշխատենք համագործակցել իրար հետ, խորհրդարանը դարձնենք լուրջ հակակշիռ այս գործադիր իշխանություններին, որպեսզի այսպես սանձարձակ չգործեն գոնե: Եթե յուրաքանչյուր նախարարին, վարչապետին, դատախազին, ոստիկանապետին ցանկացած զանցանքի կամ անօրինականության համար, որ ուզում են թաքցնել, հրավիրեն խորհրդարան, ինչ որ պետք է ասեն, պահանջեն նրա հրաժարականը, էնպես կխելոքանան:

«Ազատություն» ռ/կ. - Եթե Ազգային ժողովում մեծամասնություն չկազմեք, ո՞ւմ եք տեսնում ձեզ դաշնակից:

Լեւոն Տեր-Պետրոսյան. - Բոլորին տեսնում ենք, ովքեր կցանկանան մեզ հետ դաշնակցել: Քաղաքականությունը սա է: Քաղաքականությունը, այո, դաշնակից որոնելու արվեստ է: Մենք կփորձենք, կփնտրենք, ով կհամաձայնի մեզ հետ համագործակցել, մեծ սիրով կհամագործակցենք: Ով չի համաձայնի, թող գնա, համագործակցի Սերժ Սարգսյանի հետ:

«Ազատություն» ռ/կ. - Իշխանությունների հետ երկխոսության համար չեք զղջու՞մ: Վերլուծություններ կան, որ երկխոսությունը իջեցրեց ՀԱԿ-ի վարկանիշը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը. - Ես չեմ համաձայնի այդ կարծիքի հետ: Եթե այս երկրում այս չորս տարվա մեջ մի լավ բան եղել է` թեկուզ չհաջողված, այդ երկխոսությունն է եղել: Առաջին անգամ ընդդիմությունը եւ իշխանությունը, անկախ այն բանից ինչպիսի մեղադրանքներ են իրար նկատմամբ հնչեցրել, նստեցին կլոր սեղանի շուրջ` քաղաքակիրթ բանակցություններ վարելու: Փոխանակ սա գնահատելու, այստեղ հանցանք, ժողովրդի նկատմամբ դավադրություն տեսնելը նշանակում է քաղաքականությունից ընդհանրապես բան չհասկանալ: Ձեզ չի վերաբերում, վերաբերում է այն մարդկանց, որոնց մասին ասացիք, թե ինչպես մեկնաբանեցին: Եգիպտոսում, Թունիսում, այժմ էլ Սիրիայում արյունալի իրադարձություններ տեղի ունեցան, եւ ամբողջ աշխարհը ի՞նչ է պահանջում` նստել երկխոսության: Ոչ միայն չեմ զղջում, այլ ես դա համարում եմ Հայ ազգային կոնգրեսի եւ անձնապես իմ ամենամեծ հաջողությունը: Թող որ ձախողված լինի, բայց դա նախադեպ է ստեղծել, թե ինչպես պետք է հարցերը լուծվեն այս երկրում:

«Ազատություն» ռ/կ. - Իսկ հաջորդ նախագահական ընտրություններին առաջադրվելո՞ւ եք:

Լեւոն Տեր-Պետրոսյան. - Քանի ուժերս ներում են, ես պայքարելու եմ այս իշխանությունների դեմ, որովհետեւ ես այս իշխանություններին համարում եմ չարիք, որը թալանում է իր ժողովրդին, նրան մղում դեպի դուրս, դեպի արտագաղթ:

«Ազատություն» ռ/կ.- Ձեր քաղաքական ժառանգորդի մասին մտածե՞լ եք:

Լեւոն Տեր-Պետրոսյան. – Ես չեմ մեռել, որ իմ ժառանգորդի մասին մտածեմ, ոչ էլ պատրաստվում եմ մեռնել: Ես կտակ չեմ գրում:

please wait

No media source currently available

0:00 0:06:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG