Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ռազմական ծախսերի աճի տեմպերով առաջինն է աշխարհում


Զորահանդես Բաքվում, արխիվային լուսանկար
Զորահանդես Բաքվում, արխիվային լուսանկար
Ռազմական ծախսերի աճի տեմպերով Ադրբեջանն աշխարհում առաջինն է, պնդում են Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) փորձագետները:

Մի քանի ժամ առաջ հրապարակած իրենց զեկույցում ռազմական խնդիրներով զբաղվող ամենահեղինակավոր կենտրոններից մեկի մասնագետները ամփոփել են վերջին տարիներին տարբեր պետություններում ռազմական կարիքների վրա ծախսված գումարների ընդհանուր ծավալը` գալով մի եզրակացության, որ 2011 թվականին աշխարհում զինված ուժերի վրա ծախսված ֆինանսական միջոցները, հիմնականում, նախորդ տարիների մակարդակին են մնացել: Ադրբեջանին, սակայն, դա չի վերաբերում:

«2008 - 2011 թվականներին Ադրբեջանի ռազմական ծախսերն աճել են մոտ 60 տոկոսով», - նշում են SIPRI-ի փորձագետները` արձանագրելով, որ միայն 2011 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերն ավելացել են 89 տոկոսով:

«Ադրբեջանն այս քայլին դիմում է Հայաստանի հետ վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ պատերազմը վերսկսելու զգուշացումների ֆոնին», - գրում են զեկույցի հեղինակները:

Ուշագրավ է, որ ռազմական ծախսերի աճի տեմպերով երկրորդ տեղում գտնվող Կիպրոսի ցուցանիշը մոտ 4 անգամ զիջում է Ադրբեջանին` կազմելով ընդամենը 15 տոկոս:

Հայաստանը այս ցուցանիշով աշխարհում 11-րդ տեղում է. ըստ ստոկհոլմյան կենտրոնի մասնագետների` 2008 - 2011 թվականների ռազմական ծախսերը երկրում աճել են մոտ 8 տոկոսով:

Մոտ մեկ ամիս առաջ նույն հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված մեկ այլ զեկույցում արձանագրվել էր, որ Ադրբեջանը ավելացրել է նաեւ արտերկրից ներկրված զենքի ու զինամթերի ծավալները` վերջին 10 տարիներին այդ ցուցանիշը հասցնելով 164 տոկոսի: Նույն աղբյուրի վկայությամբ` զենքի ներկրման ծավալներով Ադրբեջանը այսօր աշխարհում զբաղեցնում է 38-րդ տեղը:

Բաքվում ռազմական այս ծախսերի մասին պնդումները առանձնապես չեն էլ հերքում: Բառացիորեն երեկ` կառավարության նիստի ընթացքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է. - «Մենք հզոր ռազմական արդյունաբերություն ենք ստեղծում, դրա հետ մեկտեղ գնել ենք եւ շարունակում ենք ձեռք բերել ժամանակակից ռազմական տեխնիկա, զենք ու զինամթերք: Էլ չեմ խոսում հակաօդային պաշտպանության զինատեսակների, տանկերի, հրետանային համակարգերի ու ռազմական ինքնաթիռների մասին»:

«Աճում է այն պետությունների քանակը, որոնք մեզ հետ այս ոլորտում համագործակցելու ցանկություն են հայտնում: Ի տարբերություն որոշ այլ պետությունների` մենք ոչ մի զինատեսակ անվճար չենք ստանում եւ վճարում ենք դրանց դիմաց», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG