Մատչելիության հղումներ

Առուստամյանը ոստիկանությանը մեղադրում է «անգործության մեջ»


Գայանե Առուստամյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Երեւան, 16-ը ապրիլի, 2012թ.

Գայանե Առուստամյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Երեւան, 16-ը ապրիլի, 2012թ.

Կիրակի օրը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ծեծի երթարկված պատգամավորության թեկնածու (ՀԱԿ), լրագրող Գայանե Առուստամյանը ոստիկանությանը մեղադրում է «միտումնավոր անգործության մեջ»:

Երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ Առուստամյանը նշում է. - «Մեկ անձի մեղայականով քրեական գործ հարուցելու եւ նրա նկատմամբ ՀՀ քրօրի 117 հոդվածը կիրառելու հանգամանքը գնահատում եմ որպես ավազակախումբը բացահայտելու ցանկության բացակայություն եւ հանրության շրջանում գործին ընթացք տալու վերաբերյալ պատրանք ստեղծելու եւ ներկայացածին մեղմ պատժաչափով ազատ արձակելու ուղղակի նպատակ»:

Լրագրող, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Գայանե Առուստամյանը պահանջում է ձերբակալել բոլոր այն անձանց, ովքեր անցած կիրակի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հարձակվել եւ ծեծի են ենթարկել իրեն, ինչպես նաեւ կոտրել են Հայ ազգային կոնգրեսի մեկ այլ թեկնածու Բաբկեն Գարոյանի քիթը:

Երեկ, հիշեցնենք, ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ Մալաթիայի բաժին է ներկայացել 42-ամյա Վարդան Վ.-ն եւ հայտարարել, որ «ապրիլի 15-ին, ժամը 18.40-ին, Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի շքամուտքում վիճաբանել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասնակիցների հետ, որի ընթացքում հրել է Բաբկեն Գարոյանին եւ Գայանե Առուստամյանին, որոնք դիպել են շքամուտքի միջանցքի պատին եւ հնարավոր է ստացած լինեն մարմնական վնասվածքներ»: Վարդան Վ.-ն ասել է, թե ինքը ոչ ոքի չի հարվածել։

Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը փոխանցեցին, որ Վարդան Վ.-ն չի ձերբակալվել:

Մինչդեռ Գայանե Առուստամյանը տարածած հայտարարության մեջ հակադարձում է` նշելով, որ նախընտրական քարոզչություն իրականացնելու իրենց առաքելությունը խոչընդոտել է ոչ թե մեկ երիտասարդ, այլ «մի ամբողջ հրոսակախումբ` բաղկացած 10-15 հոգուց». - «Ինձ եւ Բաբկեն Գարոյանին «շքամուտքի միջանցք» նկարագրված վայրում ոչ ոք չի հրել: Հրոսակախումբը շարք կազմած կանգնած էր մեզ դեմ-հանդիման, շենքի մուտքի աստիճաններին: Ինձ հաջորդաբար հարվածել են երկու ավազակներ` խմբի առաջնորդը ու նրա կողքին այդ պահին կանգնած մյուս ավազակը: Ես նրանց դեմքերը հստակ հիշում եմ: Բաբկեն Գարոյանին աստիճաններից ներքեւ են քաշել հրոսակախմբի մյուս անդամները, շուրջկալել եւ դաժան ծեծի ենթարկել շենքի բակում այն բանից հետո, երբ նա ինձ հարվածողին փորձել է կարգի հրավիրել»:

«Ես դիմել եմ ոստիկանությանը եւ գործը քննող անձանց, հանցագործներին բացահայտելու պատրաստակամությամբ, եւ խնդրել եմ գալ իմ նախընտրական շտաբ, իմ տրամադրության տակ գտնվող տեսանյութում, որտեղ հստակ երեւում են նրանց դեմքերը, հրոսակախմբի անդամներին մատնացույց անելու նպատակով: Սակայն իրավապահ մարմիններից ոչ ոք չի արձագանքել հանցագործներին բացահայտելու մասին իմ պատրաստակամությանը», - նշել է Առուստամյանը:

Այն, որ տեղի է ունեցել հարձակում եւ ծեծ, այսօր հաստատեց նաեւ ՀԱԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության մեկ այլ թեկնածու` Բաբկեն Գարոյանը: Նա, ի դեպ, այսօր ոստիկանությունում ցուցմունք է տվել եւ պատմել, թե ինչպես են մի խումբ անձինք իրեն ծեծի ենթարկել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գարոյանն ասաց, որ ինքը չգիտի, թե ով է Վարդան Վ.-ն, քանի որ առերեսում չի եղել, բայց «բազմաթիվ հարվածները» շատ լավ տարբերում է «հրելուց»:

«Սկսվեց նրանից, որ Գայանեին ապտակեցին եւ հարվածեցին: Ես մեջտեղը կանգնել էի երեսով իրենց, մեջքով մերոնց` փակեի կանանց», - պատմեց պատգամավորության թեկնածուն` շարունակելով. - «Այնտեղ շատ հարվածներ են եղել, մի հոգի չի հարվածել»:

Հարցին, թե ինչով է բացատրում կատարվածը, Գարոյանը պատասխանեց. - «Իրենք համոզված չեն, որ ձայներ կհավաքեն օրինական ճանապարհով, այդպիսով անցան իրենց ավանդական մեթոդներին` վախի մթնոլորտ մտցնելով, ծեծ, հետագայում տեսնենք նաեւ էլ ինչ…»:


Հարձակման է ենթարկվել ՀԱԿ-ի եւս մեկ թեկնածու

Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում հարձակման է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Կարեն Թովմասյանը:

«Իմ վրա հարձակում է տեղի ունեցել Սեբաստիա փողոցի շենքերի մոտի Հանրապետական շտաբի ակտիվիստների կողմից: Ուզում էի նստել տաքսի, ասացին` էդ նամակներո՞վ եք հաղթելու, ու հայհոյանքներ… Արդեն նստել էի, դուռը փակել էի, հետեւիցս հասան, հետեւի դռնի կողմից, բացեցին իմ դուռը եւ, ծեծելով, հրելով, փխելով ձեռքիցս խլեցին Նիկոլ Փաշինյանի 25 հատ նամակ», - «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը պատմեց Թովմասյանը:

Նա ասաց, որ բոլորի դեմքերը հիշում է. - «Ես իրենց տեսել եմ [Հանրապետականի] շտաբից դուրս գալիս»:

«Ես դա գնահատում եմ հարձակում պատգամավորության թեկնածուի վրա` ինչպիսին ես եմ հանդիսանում, ու սա հերթական ապացույցն է, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները պատրաստվում Հայաստանի պատմության մեջ ամենաաննախադեպ ընտրությունները անցկացնել` թեկնածուների վրա հարձակումներ գործելով», - հայտարարեց պատգամավորության թեկնածուն:

Կարեն Թովմասյանը երեկ դիմել է ոստիկանություն: «Ազատություն» ռադիոկայանին ոստիկանությունից այսօր փոխանցեցին, որ Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում տեղի ունեցածի առնչությամբ, արդեն իսկ ճշտվել է, թե ովքեր են թեկնածուի ձեռքից խլել քարոզչական նամակները, այդ անձանց ինքնությունը հայտնի է, եւ նրանք հրավիրվել են ոստիկանության բաժին: Ձերբակալվածներ չկան:

XS
SM
MD
LG