Մատչելիության հղումներ

Ապրիլի 17-ի մամուլ


«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը գրեթե ամբողջությամբ իրականացնում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ընտրողների հետ հանդիպումներին նա ներկայանում է միայնակ, ելույթ է ունենում բացառությամբ ինքը: Սա մատուցվում է, թերեւս, իբրեւ քարոզչական մարտավարություն: Գուցեեւ իսկապես այդպես է: Սակայն հարց է առաջանում` ինչո՞ւ է ընտրվել հենց այս տակտիկան մի կուսակցության պարագայում, որի ղեկավարն ընդամենը ամիսներ առաջ հպարտանում էր, թե իրենք միակ քաղաքական ուժն են, որն իր ռեսուրսներով ունակ է երկրում փոփոխություններ իրականացնել։ Որտե՞ղ է այդ ռեսուրսը, ինչո՞ւ է համառորեն թաքցվում։ Որտե՞ղ է, օրինակ, հանրապետության վարչապետը, ինչո՞ւ նա չի օգտագործում ստեղծված առիթը, չի առերեսվում սեփական ժողովրդի հետ, չի խոսում նրանց կենսապայմանների բարելավման ծրագրերի մասին»։

Թեման շարունակում է «Ժողովուրդ»-ի խմբագրականը. - «Այն, որ Հանրապետական կուսակցությունը վախենում է հրապարակային բանավեճից, արդեն իսկ պարզ դարձավ քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում: ՀՀԿ ներկայացուցիչները նախանձելի համառությամբ մերժեցին բանավեճի բոլոր հրավերները` պարզապես բոյկոտելով անցանկալի լրատվամիջոցներին եւ անցանկալի ընդդիմախոսներին: Այս փաստը ավելի քան տարօրինակ է: Եթե հաշվի առնենք այն, որ ՀՀԿ ղեկավարը ամեն տեղ խոսում է գրանցած նվաճումների ու ձեռքբերումների մասին: Անհասկանալի է, եթե ՀՀԿ-ն այդքան լավ է աշխատել, ինչո՞ւ չի ցանկանում իր գործունեությունը քննադատողների փաստարկները մեկ առ մեկ ջախջախել դրանց հետ ուղիղ, դեմ առ դեմ բանավեճում` այդպիսով վերջ դնելով ընդդիմախոսների շահարկումներին: Գուցե ասելիք չունի՞»:

«Առավոտ»-ը գրում է. - «Երբ ֆրանսիացիները խորհուրդ են տալիս փնտրել կնոջը (cherchez la femme), նրանք նկատի ունեն հետեւյալը. երբեմն տղամարդկանց վարքագծի շարժառիթները մշուշոտ են մնում, եւ այդ դեպքերում նրանց քայլերի տրամաբանությունը կարող է «վերծանվել» այն կանանց միջոցով, որոնք առաջին հայացքից իրադարձությունների կիզակետում չեն, բայց փոխարենն իրենց սեւ կամ «սպիտակ» գործն անում են ետնաբեմից: Մեր լուսավոր դարում ամեն ինչ ճիշտ հակառակն է, եւ մասնավորապես Հայաստանում պետք է ասել՝ փնտրեք տղամարդուն, որովհետեւ իրադարձությունների «հարթակում» կանայք են, իսկ բզբզողի դերում՝ տղամարդիկ: Դատեք ինքներդ: 1990 թվականին կանայք են ջարդել ԳԽ նախագահ, լուսահոգի Հրանտ Ոսկանյանի գլուխը: Որովհետեւ նա, այդ կանանց ձեւակերպմամբ, «թուրք» էր եւ «դավաճան»: 1996 թվականի սեպտեմբերի 25-ին խորհրդարանի նախագահի ու փոխնախագահի վրա հարձակվողների առաջին շարքերում դարձյալ կանայք էին, որոնք այս անգամ կարծում էին, որ Տեր-Պետրոսյանն է «թուրք» եւ «դավաճան»: Հիմա ՀԱԿ-ի հանրահավաքներում ովքե՞ր են կանգնած միտինգավորների առաջին շարքում, եւ ովքե՞ր են ամենաբարձր բղավում՝ «Սերժիկ, հեռացիր», «Լեւոն, նախագահ»: Իհարկե, կանայք… Հիմա էլ մեկ այլ գործարար՝ իր ընդդիմադիր մրցակցի ընտրարշավին խոչընդոտելու համար, դարձյալ ուղարկում է համապատասխան կանանց»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է երգիչ, երգահան Վահան Արծրունու հետ: Լրագրողը հարցնում է. - «Ինչ եք կարծում, արդյոք հանրային ակտիվությունը, քաղաքացիական ակտիվությունը քաղաքական ակտիվության կվերածվի՞»: Պատասխան. - «Կարելի է անդրադառնալ Մաշտոցի պուրակի քաղաքացիական ակտիվությանը, ի վերջո, իրենք էլ են հանրության զանգված, մտահոգված են ոչ թե սեփական խնդիրներով, այլ հանրային: Երբ այդ ամենը նոր սկսվեց, ես ինտերնետային կապի մեջ էի եւ միանգամից առաջարկեցի իրենց` ինչո՞ւ չեք հիմնում կանաչների կուսակցություն, որովհետեւ այն, ինչ դուք անում եք, արդեն քաղաքական խնդիրների հետ է առնչվում, որը վերջիվերջո պիտի բերի քաղաքական լուծումների: Ուստի ճիշտը կազմակերպություն, կուսակցություն ստեղծելն է, այդ կերպ քաղաքական կյանքի մեջ մտնելը: Քաղաքական իրավիճակը փոխելու այլ միջոց չկա»:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, «Ժամանակ» թերթի հարցազրույցում անդրադառնալով ՌԴ Պետդումայում գունավոր հեղափոխությունների ուսումնասիրման հանձնաժողովին, ասում է. - «Ռուսաստանի համար միեւնույն է, թե ինչ իշխանություն կլինի Հայաստանում: Կարեւոր է, որ Հայաստանում լինի ոչ լեգիտիմ, կրիմինալ իշխանություն, որովհետեւ նման իշխանությունը, բնակաբար, միշտ խնդիրներ պետք է ունենա Արեւմուտքի հետ եւ, բնականաբար, միակողմանի կախվածության մեջ պետք է ընկնի Պուտինի ռեժիմի քմահաճույքներից: Դա տեսանք նույնիսկ ռուսամետ Հարավային Օսեթիայի դեպքում, երբ այնտեղ ընդհանրապես ռուսամետության խնդիր չկար: Այնտեղ խնդիր կար միայն` ունենալ ժողովրդի՞ կողմից ընտրված իշխանություն, թե՞ կրիմինալի վրա հիմնված իշխանություն: Մենք տեսանք, որ այո', Պուտինի ռեժիմը պաշտպանելու է կրիմինալին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG