Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ի համար «գերխնդիր է հայ մարդուն Հայաստանում պահելը»


Դաշնակցության 3 պատգամավորներ՝ Արմեն Ռուստամյանը, Արտյուշ Շահբազյանն ու Ռուզաննա Առաքելյանը այսօր Շիրակի մարզում էին։ Նրանք հանդիպումներ ունեցան Սառնաղբյուր գյուղի, այնուհետեւ Արթիկի ընտրողների հետ։

Արթիկցիների հետ հանդիպմանը դաշնակցական պատգամավոր Արտյուշ Շահբազյանը նշեց, որ իրենք ճակատները բաց են մտնում ժողովրդի մեջ ու հորդորեց այս անգամ չխաբվել գեղեցիկ խոստումներով․ - «Այս օրերին բոլորը գալու են հանդիպումների, գեղեցիկ բաներ են ասելու, մեզանից շատ ավելի լավ բաներ են ասելու... խաբելու են։ Ինչո՞ւ եմ ասում՝ խաբելու են: Կա մի չափանիշ՝ ոչ թե խոսքը, այլ ով ինչ է արել։ Ասում ենք՝ պաշտոնապես 63 հազար դրամ սահմանված է կենսապահովման նվազագույն զամբյուղը։ Այսինքն, մարդը այդքան գումարով պիտի սնունդ ընդունի։ Դու տալիս ես 32.5 հազար դրամ աշխատավարձ, նպաստ՝ դրանից պակաս։ Ինչպե՞ս ապրի մարդը։ Բա որ իշխանություն ես, չես ապահովում մարդուն ապրելու հնարավորությամբ, ո՞նց ես այդ քաղաքացու հետ խոսում, մի հատ էլ գալիս ասում՝ հավատա, լավ է լինելու։ Ինչի՞ հիման վրա։ Պիտի փոխենք, ոչ թե իրենց ասածի պես՝ մնանք փոխենք։ Որ մնաք՝ չեք փոխի, որովհետեւ նույնն եք։ Ուրիշները պիտի գան, որ փոխեն»։

Ռուզաննա Առաքելյանը խոսեց մարզերի համաչափ զարգացման մասին։

«Իշխանությունը 5 տարի խոսեց մարզերի համաչափ զարգացման մասին, բայց նորից էլի Երեւան քաղաքում կենտրոնացվեց ամբողջ հարստությունը, արտադրողական ուժը։ Մեր գյուղերը դատարկվում են։ Գյուղեր կան, որտեղ մենք գնում ենք հանդիպումների՝ միայն տատիկներ ու պապիկներ են», - ասաց դաշնակցական պատգամավորը։

Առաքելյանը նաեւ հայտարարեց, որ ազգային խնդիրները, անշուշտ, գերխնդիրներ են՝ «բայց մեզ համար նույնքան գերխնդիր է հայ մարդուն Հայաստանում պահելը»։

Արմեն Ռուստամյանն իր խոսքում նույնպես անդրադարձավ արտագաղթին․ - «Գումարային էֆեկտը այս իշխանությունների ձախողման, ուրիշ եթե բան չասենք, հենց այն արտագաղթն է, որ աննախադեպ չափերի է հասել։ Արտագաղթը կանգնեցնելու մասին չի կարող խոսել այն իշխանությունը, որի օրոք այդ արտագաղթը թափ է հավաքել։ Արտագաղթը հնարավոր չէ կասեցնել մուրաբա ու ջեմ բաժանելով, մարդկանց խաբելով, 5000 – 10000 դրամ տալով, ասելով եկեք քվեարկեք մեզ ու լավ կլինի։ Այդ ձեւով մենք քվեարկել ենք արդեն։ Եվ չի կարող փոփոխություններից խոսել մի քաղաքական ուժ, որը առաջին հերթին ինքը իրեն պիտի փոխի, որ ինչ-որ մի բան այս երկրում փոխվի։ Ինքը չի անի դա, որովհետեւ պիտի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է»։

Արմեն Ռուստամյանը, դիմելով հավաքվածներին, նշեց, որ իրենք եկել են ու ելք են առաջարկում․ - «Որ այս ընտրությունները դառնան իշխանությունները փոխելու միջոց։ Դրա համար ձեր քվեի գինը իմացեք։ Եկեք՝ ում ուզում եք ձայն տվեք, մենք կհամարենք մեր հաջողությունը։ Այ այս ծրագրով ենք մենք ուզում այսօր գնալ։ Ինչքան շուտ դուք հավատաք Դաշնակցությանը այս հարցով, միանաք մեզ այս ծրագրով, այնքան շուտ մենք երկրում կստեղծենք մի վիճակ, որ ընտրությունից ընտրություն, եթե որեւէ իշխանություն իրեն չի արդարացրել, ժողովուրդը կարող է իրեն փոխել»։

XS
SM
MD
LG