Մատչելիության հղումներ

Հակոբյանը պնդում է` ԲՀԿ-ն իրականացնում է ՀԱԿ-ի սցենարը


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի համոզմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն (ԲՀԿ) իրականացնում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի սցենարը:

Տեր-Պետրոսյանի սցենարի իմաստը, ըստ Հակոբյանի, իշխող քաղաքական կոալիցիայում ուժային կենտրոնը Հանրապետականից (ՀՀԿ) ԲՀԿ տեղափոխելն է, որի հետ էլ հնարավոր կլինի հետագայում կազմել նոր կոալիցիա: «Ժառանգության» փոխնախագահի խոսքով, նշված սցենարի իրագործմանը մասնակցում է նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունը:

«Եթե հիշում եք` Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում Սերժ Սարգսյանին դիմեց «ընկերով», ասաց` Սերժ, մենք ընկերներ ենք եղել, դու լավն ես, արի, դու անջատվի կամ տարանջատվի այդ ուժերից… անուններ էլ նշվեց` Ռոբերտ Քոչարյան, նրա ծնած «Բարգավաճ Հայաստան»-ը իր ղեկավարով, Վարդան Օսկանյան… ասաց, դու կարող ես ապացուցել, որ նրանք են այս ամբողջ ողբերգությունների հեղինակը, եւ մենք միասին կարող ենք ճանապարհ գնալ», - հայտարարեց Հակոբյանը երկուշաբթի օրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, «Ժառանգության» համամասնական ցուցակում 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Ալեքսանդր Արզումանյանի հետ հրավիրած համատեղ ասուլիսի ժամանակ:

«Չեմ ուզում մանրամասնել, բայց դուք տեղյակ եք, թե ինչ ավարտ ունեցավ այդ երկխոսությունը», - ասաց Հակոբյան` շարունակելով. - «Այլ խոսքով` Սերժ Սարգսյանը չհամաձայնվեց դրան: Այս նույն բառապաշարով, ուղղակի կուսակցությունների անունները փոխելով, այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ նույն առաջարկությամբ դիմել է ԲՀԿ-ին: Եթե ուժային կենտրոնը փոխվում է, որոշակի պայմանավորվածություն են ունենում, այդ դեպքում հեռանկարում դիտվում է, որ նույն կոալիցիան կարող է լինել, որտեղ դերակատարները այլ կլինեն, բայց ուժային կենտրոնը մնում է կոալիցիոն ուժերից մեկը` այս դեպքում ԲՀԿ-ն: Չեմ կարող ասել, թե ինչն է գայթակղել ԲՀԿ-ին, որպեսզի իրականացնի ՀԱԿ-ի այս սցենարը, բայց չեմ կարծում, որ սա լուրջ քաղաքական հեռանկար ունի», - ասաց նա:

Թե Ռուբեն Հակոբյանը, եւ թե Ալեքսանդր Արզումանյանը վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, որ «Ժառանգություն»-ը պատրաստ է մասնակցել ընտրությունների վերահսկման միասնական շտաբի աշխատանքներին, սակայն եթե շտաբի ստեղծման մասին փաստաթուղթը ստորագրեն քաղաքական ուժերի առաջին դեմքերը (ինչը մասին, Հակոբյանի խոսքով, ինքն ասել է ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ հենց առաջին հանդիպման ժամանակ, եւ որը ապացուցող տեսանյութ կա):

«Ժառանգություն-ը պնդում է, որ փաստաթուղթը ստորագրվի քաղաքական ուժերի առաջին դեմքերի կողմից, քանի որ, ըստ բանախոսների, դա կնշանակի, որ ԲՀԿ-ն դուրս է գալիս իշխող քաղաքական կոալիցիայից:

«Ուշադիր կարդացեք [կոալիցիոն] հռչակագիրը: Ով ինչ ուզում է ասել, հակասությունները, որ գալիս են ԲՀԿ-ից, իբր մայիսի 6-ին կոալիցիան փլուզվում է, դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Կոալիցիան գործում է մինչեւ հաջորդ նախագահական ընտրությունների ավարտը, քանզի երեք առաջին դեմքերով ստորագրել են, որ միասին առաջադրելու են եւ պաշտպանելու են գործող նախագահին` նախագահական ընտրությունների ժամանակ: Ավելին` այդ հռչակագիրը, ըստ էության, ասում է, թե ինչպես պետք է անցկացվեն ընտրությունները, այսինքն կոալիցիայի մեջ համամասնություն չի փոխվելու», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Հակոբյանի ու Արզումանյանի համոզմամբ, քանի դեռ փաստաթուղթը չեն ստորագրում քաղաքական ուժերի առաջին դեմքերը, եւ քանի դեռ չկա պարտավորություն, որ շտաբի անդամները ընտրախախտումներով չեն զբաղվելու, նշված շտաբի աշխատանքը իրականում ունի իմիտացիոն բնույթ:

«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ ամբողջ հանրապետության տարածքում ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն զբաղված են հակաօրինական գործողություններով: Մի քանի անգամ հայտարարել եմ, այսօր եկեք մտենք իմ ծննդավայր, Քյավառ, որտեղ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն ուս ուսի տված, հատ-հատ մտնում են բոլոր բնակարանները, վերցնում են մարդկանց անձնագրերը, մեկ օր պահում են իրենց մոտ` հետագայում ընտրակաշառք եւ այլն տրվում է: Ի դեպ, անձնագիրը պետության սեփականությունն է, եւ նրանք, ովքեր անօրինական ձեւով վերցնում են այդ կարեւոր փաստաթուղթը, իրենց մոտ են պահում, պետական հանցագործություն են կատարում: Համապատասխան կառույցները, իմանալով այդ մասին, որեւէ քայլ չեն ձեռնարկում: Որպեսզի հասկանալի լինի այս շտաբի իմիտացիոն բնույթը` պետք է նշեմ, որ որեւէ գնահատական չի տրվել: Ճիշտ է` անդրադառնում են, որ Հանրապետականը հակաօրինական գործողություններով է զբաղված, բայց երբեւէ նկատե՞լ եք, որ այդ եռյակից որեւէ այլ ուժ խոսի ԲՀԿ-ի անօրինական գործողությունների մասին», - հավելեց «Ժառանգության» փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG