Մատչելիության հղումներ

Հայաստանի ազգային, մայրաքաղաքի, մարզային եւ համայնքային գրադարաններում արդեն 10-րդ անգամ մեկնարկեց «Ազգային գրադարանային շաբաթը», որն այս տարի նվիրված է Հայ գրատպության 500-ամյակին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն:

Շաբաթվա շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ գիտության եւ մշակույթի նշանավոր դեմքերի հետ, կազմակերպվելու են ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, տարբեր միջոցառումներ:

Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը նշեց, որ չնայած անընդհատ խոսվում է գիտելիքահեն հասարակության, գրքի, ընթերցանության կարեւորության մասին, այնուամենայնիվ, խնդիրներն այսօր շատ են եւ չլուծված: Հայաստանում գործում են 900-ից ավելի գրադարաններ, սակայն դրանց մեծ մասը անմխիթար վիճակում են: Քաղաքներում գործող գրադարանները քիչ թե շատ վերանորոգվել են, ինչը չի կարելի ասել գյուղական գրադարանների մասին:

«Տարեցտարի պակասում է մեր գրադարանների, ֆոնդերի թիվը, գրքերով համալրման խնդիրը մեր հանրապետությունում դեռեւս լուծված չէ, եւ այդ առումով մենք բավական շատ խնդիրներ ունենք: Գյուղական գրադարաններին շատ քիչ գումարներ են տրվում», - ասաց Ղազարյանը:

Ղազարյանը անդրադարձավ նաեւ գրադարանավարների խնդիրներին. - «Ամբողջ հանրապետությունում մենք ունենք 5000 գրադարանային աշխատող, սակայն նրանք երեւի թե միակ սոցիալական խավն են, որ աշխատում են, սակայն չեն վարձատրվում», - ասաց նա:

Գրող, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանի համոզմամբ` այսօր գրադարանը իր դեմքը պետք է փոխի, դառնա ավելի ժամանակակից, թվայնացվի, պետք է կարողանա ձեւեր գտնել շատ ավելի մեծ թվով ընթերցողներ գրավելու համար:

Ազգային գրադարանային շաբաթի ավարտին` ապրիլի 22-ին Մատենադարանի մոտ կկայանա Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսի հանդիսավոր փոխանցումը Բուենոս Այրեսից Երեւանին, իսկ ապրիլի 23-ին այնտեղ կբացվի «Մշո ճառընտիր» հուշարձանը:

XS
SM
MD
LG