Մատչելիության հղումներ

77 մարդու սպանած Բրեյվիկը չի զղջում


Անդերս Բրեյվիկը դատարանի դահլիճում, 16-ը ապրիլի, 2012թ.
Անդերս Բրեյվիկը դատարանի դահլիճում, 16-ը ապրիլի, 2012թ.

Երկուշաբթի օրը Օսլոյում սկսվել է ահաբեկչության եւ զանգվածային սպանդի կազմակերպման մեջ մեղադրվող Անդերս Բերինգ Բրեյվիկի դատավարությունը։

Դատարանի դահլիճում 33-ամյա ամբաստանյալն ասել է, թե ընդունում է մարդկանց սպանելու փաստը, սակայն չի զղջում, իրեն մեղավոր չի համարում, դատարանի իրավասությունը չի ճանաչում եւ պնդում է, որ իր արարքը ինքնապաշտպանություն էր։

«Ես չեմ ճանաչում ձեր դատարանը, քանի որ դուք ձեր լիազորությունները ստացել եք բազմամշակութայնության գաղափարն ընդունող քաղաքական կուսակցություններից», - ասել է Բրեյվիկը նախագահող դատավոր Վենչ Արնտցենին։

Պատասխանելով իր զբաղմունքի մասին հարցին` ամբաստանյալն իրեն անվանել է «գրող, ով ներկայումս գրում է բանտի պայմաններում»։

Բրեյվիկի փաստաբանի փոխանցմամբ` ամբաստանյալը ափսոսում է միայն այն բանի համար, որ ավելին չի արել։

«Այդպիսի բան, իհարկե, դժվար է հասկանալ, սակայն ես դեռ դատավարությունից առաջ եմ նախազգուշացրել, որ ծանր կլինի լսել նրա ցուցմունքները», - ասել է փաստաբան Գեյր Լիպեստադը։

Անցյալ տարվա հուլիսի 22-ին Բրեյվիկը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում նախ պայթեցրել է մի ականապատված մեքենա, ինչի արդյունքում 8 մարդ է զոհվել, ապա նույն օրը մեկնել է Ուտոյա կղզի եւ հրազենով սպանել Լեյբորիստական կուսակցության ամառային ճամբարում հավաքված 69 երիտասարդների։

Ձերբակալվելուց հետո Անդերս Բերինգ Բրեյվիկը ենթարկվել է բժշկական ստուգումների։ Հոգեբույժների մի խումբը նրա մոտ պարանոիդալ շիզոֆրենիա է ախտորոշել, մյուս խումբը պնդել է, թե ամբաստանյալը մեղսունակ է եւ կարող է ենթարկվել դատական պատասխանատվության։

Այս տարվա հունվարին Օսլոյի շրջանային դատարանը պահանջել է անցկացնել հոգեբուժական եւս մեկ ստուգում, որի արդյունքը ապրիլի 10-ին է հրապարակվել։ Այդ փաստաթղթի համաձայն, Բրեյվիկը թե՛ հանցագործությունը կատարելու, թե՛ երկրորդ ստուգման ենթարկվելու ընթացքում սթափ վիճակում է եղել եւ հոգեկան շեղում չի ունեցել։

Բրեյվիկը պնդում է, թե իր գործողությամբ փորձել է Նորվեգիան եւ ամբողջ քրիստոնեական Եվրոպան պաշտպանել օտարների, մասնավորապես` մահմեդականների ներխուժումից եւ «մշակութային մարքսիզմից»։

Ուտոյա կղզու մղձավանջը վերապրած Վեգարդ Վենեսլանդն ասել է, որ իր համար շատ դժվար կլինի եւս մեկ անգամ տեսնել Բրեյվիկին։

«Այս օրը շատերիս համար ծանր է, բայց սա նաեւ կարեւոր օր է` մենք կիմանանք հուլիսի 22-ի մանրամասները, դրդապատճառները, կարեւոր է նաեւ, որ մեր արդարադատության համակարգն աշխատում է, եւ դա կապացուցվի առաջիկա տասը շաբաթներում», - ասել է Վենեսլանդը։

Եթե Օսլոյի դատարանը վճռի, որ Բրեյվիկը, այնուամենայնիվ, անմեղսունակ է, ապա նրան կուղարկեն հոգեբուժարան, եթե մեղսունակ ճանաչվի, ապա, ամենայն հավանականությամբ, կդատապարտվի 21 տարվա ազատազրկման։

Դա առավելագույն պատիժն է Նորվեգիայում։ Այդ երկրում ավելի խիստ պատժի կողմնակիցները դառնությամբ ասում են, թե 21 տարին Բրեյվիկի պարագայում նշանակում է մոտ հարյուր օրվա բանտ յուրաքանչյուր սպանության դիմաց։

21 տարվա պատժաչափը գործնականում կարող է նշանակել նաեւ ցմահ ազատազրկում, քանի որ դատարանը Նորվեգիայում ունի հանցագործին հասարակության համար վտանգավոր անձ համարելու եւ ամեն անգամ պատժաչափը 5 տարով ավելացնելու իրավունք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG