Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր ուժը կորցրած ճանաչեց պատգամավորության 5 թեկածուների գրանցումը` ինքնաբացարկի դիմումների հիման վրա:

Արդեն նախկին թեկնածուներից մեկը ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրված Նարինե Միրզոյանն է: Միրզոյանը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կինն է: Լրատվամիջոցներըն ուշադրություն էին հրավիրել, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող ռեժիսորի կինը ընդգրվել էր իշխող կուսակցության համամասնական ցուցակում: Նարինե Միրզոյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվել է թյուրըմբռնման պատճառով:

Թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցված Գյումրիի գարեջրի գործարանի լաբորատորիայի վարիչ, անկուսակցական Հայկ Սուլթանյանն իր բացարկը պատճառաբանելիս նշել էր նույն գործարանի սեփականատեր, Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանին սատարելու անհրաժեշտությունը. - «Բացեիբաց միանամ Բալասանյանին եւ պաշտպանեմ նրա թեկնածությունը»:

Հաջորդ բացարկը Գորիս քաղաքը ներառող թիվ 37 ընտրատարածքից է: Այստեղ մեծամասնական ընտրակարգով գրանցված Հայկ Բարսամյանը ԿԸՀ-ին խնդրել է «կասեցնել գրանցումը»: Բարսամյանը, ի դեպ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ խնամիական հարաբերությունների մեջ է, իսկ այս ընտրատարածքում առաջադրվել է նաեւ Հակոբյանի որդին` պատգամավոր Վահե Հակոբյանը: Բարսամյանի ինքնաբացարկից հետո այս ընտրատարածքում , բացի Հակոբյանից (ՀՀԿ), կպայքարեն Դավիթ Մաթեւոսյանը (ՀԱԿ), Գագիկ Գեւորգյանը (ՀՅԴ) եւ անկուսակցական Նարինե Մովսիսյանը:

Ինքնաբացարկ ներկայացրած հաջորդ թեկնածուն Երեւանի Շենգավիթ վարչական շրջանն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում գրանցված անկուսակցական Կարեն Սմբատյանն է: Այստեղ կպայքարեն Արշակ Բանուչյանը (ՀԱԿ), ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գրիգորի Մարգարյանը, Հեղինե Բիշարյանը (Օրինաց երկիր») եւ անկուսակցական Մանվել Եղիազարյանը:

«Գտա, որ անիմաստ է, ես չեմ կարող: Ես պարզապես ինժեներ եմ, ուզում էի փորձել իմ ուժերը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Սմբատյանը:

ԿԸՀ-ն այսօր ընդունեց նաեւ Նոյեմբերյանն ընդգրկող թիվ 40 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցված անկուսակցական, «Մասիս տաբակ» ընկերության աշխատակից Սուսաննա Աբրահամյանի ինքնաբացարկի դիմումը: Տեսակետ էր շրջանառվում, որ ի սկզբանե Աբրահամյանը իր թեկնածությունն առաջադրել էր նույն ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանի հետ պայմանավորվածության արդյունքում` մեկ թեկնածուի իրավիճակից խուսափելի համար: Այս ընտրատարածքում Մարինե Մարաբյանի հետ կմրցակցի գործարար Վարուժան Բաբաջանյանը:

XS
SM
MD
LG