Մատչելիության հղումներ

Ղուկասյանը « երեւակայության լուրջ ավելցուկ ունի»


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան
«ԲՀԿ-ի որեւէ ներկայացուցիչ Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանության հետ որեւէ կապ չունի, եւ Գյումրիի քաղաքապետն էլ երեւակայության լուրջ ավելցուկ ունի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր Գյումրիի քաղաքապետի երեկվա հայտարարությանը նման կերպ արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչության գծով պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը:

Երեկ Գյումրիի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով նախօրեին իր ավագ դստեր փեսացուի սպանությանը, ըստ News.am-ի, ասել էր. - «Բոլոր ձերբակալվածները Գյումրիի ԲՀԿ-ի շտաբի կարկառուն անդամներն են: Պատճառը քաղաքական է, որ մեզ հանեն այս ընտրապայքարից, ոնց որ նախորդ անգամ մեզ խփեցին ընտրությունների ժամանակ, որ հանեին ընտրապայքարից, սա էլ նույն սցենարի նման մի բան է»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյան
«Ցավում եմ, որ պաշտոնյաներ կան, որոնց երեւակայության ավելցուկը շատ դեպքերում բերում է շատ վտանգավոր հայտարարությունների: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որեւէ ներկայացուցիչ, որեւէ համախոհ, որեւէ համակիր այդ ցավալի ողբերգության հետ, բնականաբար, որեւէ առնչություն չունի, եւ, որքան ես տեղյակ եմ, այդ միջադեպը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ինչպես հայտնի է, երեկ Վաղարշապատում բնակիչների հետ հանդիպմանը, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բեմի վրա մի պահ կքանստել էր, որպեսզի սեղմի ներքեւում իրեն լսողների ձեռքերը եւ վերցրնի նրանց պարզած նամակները, մի քանի վայրկյան նրա կոստյումի տակից երեւաց զենքի նմանվող առարկա:

«Դե դա ինչ առարկա էր, դրան պատասխանել է մեր կուսակցության մամուլի խոսնակը, պատասխանել եմ ես: Դա եղել է հեռախոս», - այսօր կրկնեց Զոհրաբյանը: - «Ուրիշ ավելացնելու ոչինչ ես չունեմ: Իսկ մեկնաբանությունները ես թողնում եմ նրանց, ովքեր զբաղվում են անպտուղ եւ անիմաստ շահարկումներով»:

Դիտարկմանը, թե, ըստ մամուլի, ընտրությունների վերահսկողության միասնական շտաբը հիմք է նոր կոալիցիայի համար, Զոհրաբյանը արձագանքեց. - «Այդ շտաբը մեկ նպատակ ունի, ես կարծում եմ` շատ ազնիվ նպատակ եւ շատ կարեւոր նպատակ` վերահսկել ընտրությունների ազատ եւ արդար ընթացքը: Մնացածը բանահյուսություն ժանրից է, որովհետեւ որեւէ մեկը այս պահին չի կարող խոսել հնարավոր կոալիցիաների մասին»:

please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG