Մատչելիության հղումներ

Ընտրությունները կարող են ազդել Եվրամիություն հետ բանակցությունների վրա


Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի փոխարտգործնախարար, Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի բանակցություններում Հայաստանի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են որոշակի ազդեցություն ունենալ այդ բանակցությունների ընթացքի վրա:

«Ե'վ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ե'ւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առումով մեր գործունեությունը կապ ունեն, դրանք մեր օրակարգի մաս են: Շատ տրամաբանական է. եթե մենք խոսում ենք ընդհանուր արժեքային համակարգի մասին, եթե մենք խոսում ենք նույն չափանիշներով երկիրը կառուցելու մասին, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների օրակարգը վերաբերում է անմիջապես դրան: Ես էլի պնդում եմ, որ այս ամենը մենք անում ենք առաջինը մեր համար», - ասաց փոխնախարարը:

Մնացականյանի խոսքով` ժողովրդավարացման գործընթացներն առկա են, սակայն, «ցավոտ է, դժվար է». - «Բայց, բնական է, որ սա մերն է: Ինչ վերաբերում է համեմատական առումով` մենք շատ լավ գիտենք, որ ունենք հարցեր, որոնց պետք է անդրադառնանք, որոնք պետք է շարունակեն լինել մեր օրակարգում: Բայց այն, ինչ մենք ունենք այսօր… մենք տեսնում ենք, թե որքան մրցակցային է քաղաքական դաշտը, որքան ակտիվ է քաղաքացիական հասարակությունը»:

Ասոցացման գործընթացի կարեւորագույն բաղադրիչներից է խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ ստորագրվելիք համաձայնագիրը: Այս կապակցությամբ փոխարտգործնախարարն ասաց, որ դա նախեւառաջ նշանակում է հայաստանյան արտադրանքի առավել կանոնակարգված եւ դյուրացված մուտք եվրոպական շուկաներ:

«Մուտք գործել եվրոպական շուկա, նշանակում է, որ մենք զարգացնում ենք համակարգը, որը կարող է համահունչ լինել այն ոչ տարիֆային սահմանափակումներին, որոնք դարձնում են մեր արտահանումը Եվրամիություն համապատասխանող Եվրամիության ներքին պայմաններին», - նշեց նա` հավելելով, թե հաշվի առնելով Հայաստանի եւ Եվրամիության երկրների տնտեսությունների մակարդակների տարբերությունը, Եվրամիությունն այդ համաձայնագրի շրջանակում մեզ կտրամադրի ավելի բարենպաստ պայմաններ»:

Դիտարկմանը, թե եվրաչափանիշներին համապատասխանեցումը հաճախ շատ դժվար է, երբեմն կարող է եւ սոցիալական հարցեր առաջացնել, օրինակ, կարող են աշխատատեղեր կրճատվել, եւ հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է դրան, Մնացականյանը արձագանքեց. - «Սա մրցակցություն է: Շուկայական տնտեսությունը նշանակում է մրցակցային դաշտ: Մենք կարող ենք այսօր դատել մեր գործող շուկայի պայմաններից… տեսնում ենք, որ մենք ունենք մրցունակ ապրանքներ եւ ունենք ապրանքներ, որոնք պետք է պահանջներին հասնեն: Սա ճնշում է արտադրողի համար, բայց դրական ճնշում է»:

Ինչ վերաբերում է մյուս կարեւոր բաղադրիչին` վիզաների ռեժիմի դյուրացմանը, փոխարտգործնախարարի ձեւակերպմամբ` դրանով նախատեսվում է Հայաստան - Եվրամիություն շրջանակներում լրջորեն դյուրացնել մարդկային շփումները:

Հարցին, թե վիզաների տրամադրման դյուրացման մասին խոսելիս միշտ խոսվում է նաեւ ռեադմիսիայի մասին համաձայնագրի մասին, եւ կարո՞ղ է այդ համաձայնագրով հարկադրաբար Հայաստան վերադարձվեն այն հազարավոր Հայաստանի քաղաքացիները, որոնք առանց հստակ կարգավիճակի գտնվում են եվրոպական երկրներում, Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց. - «Խոսքը գործընթացների կարգավորման մասին է, որոնք այսպես թե այնպես գոյություն ունեն: Ոչ լեգալ միգրանտը իրավունք չունի ապրել ոչ լեգալ կարգավիճակով, եւ ինքը ենթակա է վերադարձի… պայմանագիրը կա թե չկա: Ինչ վերաբերում է թվերին, ապա մենք արդեն 12 երկրների հետ ունենք նման պայմանագրեր, եւ մենք չենք կարող պնդել, որ հսկայական հոսքեր են ետ վերադարձվում»:

Փոխարտգործնախարարի ամփոփմամբ` Ասոցացման պայմանագրի բանակցություններում Հայաստանն արդեն իսկ գրանցել է շատ լուրջ առաջընթաց:

XS
SM
MD
LG