Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ի կարծիքով, փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման խնդիրները պետք է լինեն գերակա


«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր դահլիճային պայմաններում հանդիպեց փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերի հետ: Նրանցից մի քանիսի հետ զրույցում պարզեցինք, որ ՕԵԿ-ականներ են:

«Օրինաց երկիր» կուսակցության կարծիքով, փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման խնդիրները պետք է լինեն գերակա. պետության մշտական ուշադրության կենտրոնում։ Այսօրվա հանդիպումը բացելով, նման հայտարարություն արեց կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը՝ ասելով նաեւ, որ ձեռներեցների համար ՕԵԿ-ը մշակել է 50 կետանոց ծրագիր, որտեղ մանրամասնում է, թե ինչ են անելու տարբեր ուղղություններով:

Ըստ Բաղդասարյանի պետք է «արմատախիլ արվի օլիգոպոլ տնտեսական համակարգը», տնտեսության մեջ բացառվեն արհեստական մենաշնորհները:

«Մենք պետք է հիշենք, որ կառավարությունը՝ դա խորհրդավոր հաստատություն չէ, որը բաղկացած է շենքերից ու թղթապանակներից։ Կառավարությունը՝ դա մարդիկ են, եւ այդ մարդկանց գործունեությունը պետք է ուղղված լինի երկրում տնտեսության զարգացմանը», - նշեց ՕԵԿ առաջնորդը։

Անդրադառնալով արտոնագրային վճարների մասին խորհրդարանական «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների հեղինակած օրենքին, Բաղդասարյանը հայտարարեց․ - «Հայաստանում հաստատագրված հարկային քաղաքականության ծավալները պետք է մեծացնել, եւ փոքր եւ միջին գործարարության զարգացման համար ստեղծել առավել բարենպաստ պայմաններ»։

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի հեղինակած օրենքով Արտոնագրային վճար վճարող կարող են համարվել այն ֆիզիկական անձինք, որոնց իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց Ավելացված արժեքի հարկի) նախորդ տարվա ընթացքում չի գերազանցել 6,0 միլիոն դրամը:

Արթուր Բաղդասարյանի խոսքով, իրենք պետք է անեն հնարավորը, որ փոքր բիզնեսը դառնա միջին, միջինը դառնա խոշոր, իսկ խոշորն էլ կարողանա արդյունավետ զարգանալ, պետությունն էլ պետք է արտոնությունների համալիր երաշխիքներ տրամադրի ձեռներեցությամբ զբաղվողներին:

«Մենք առաջարկում ենք Հայաստանում ստեղծել պետական երաշխիքային հիմնադրամներ՝ պետության եւ մասնավորի մասնակցությամբ», - հավելեց ՕԵԿ առաջնորդը։

«Օրինաց երկիր» կուսակցությունը անպայմանորեն հաղթելու է, իր ելույթի վերջում հայտարարեց Արթուր Բաղդասարյանը․ - «Որովհետեւ մենք ունենք լուսավոր ծրագրեր, մենք ունենք նաեւ մտահոգություն, մենք ունենք պատասխանատվություն, մենք ունենք ասելիք ու անելիք մեր երկրում»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG