Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին կմասնակցի խորհրդարանական ընտրություններին


Վրաց միլիարդատեր, «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին կօգտվի սահմանադրական փոփոխություններից` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Այդ մասին այսօր Թբիլիսում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Իվանիշվիլիի փաստաբան Արչիլ Կբիլաշվիլին։

Վրաստանի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները թույլ են տալիս ընտրություններին մասնակցել Եվրամիության այն քաղաքացիներին, որոնք կա՛մ ծնվել են Վրաստանում, կա՛մ երկրում ապրում են 10 տարի անընդմեջ։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` Կբիլաշվիլին այսօր հայտնել է նաեւ, որ Իվանիշվիլին, այդուհանդերձ, Թբիլիսիի դատարան հայց կներկայացնի իր քաղաքացիության հարցով` «սկզբունքային եւ հետեւողական գործընթացներ նախանշելու համար»։ Եվ թեեւ Իվանիշվիլին օգտվելու է սահմանադրական փոփոխություններից` իրենց դիրքորոշումը, միեւնույն է, մնում է բացասական, ասել է փաստաբանը։

Վրաստանի իշխանությունները մերժել են Իվանիշվիլիին քաղաքացիություն տրամադրել հպատակագրման (նատուրալիզացիա) միջոցով` պատճառաբանելով, որ նա Ֆրանսիայի քաղաքացի է եւ առաջարկելով երկքաղաքացիության համար դիմել նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին; Միլիարդատերը, սակայն, չի պատրաստվում դիմել նախագահին, քանի որ չի ցանկանում կախման մեջ լինել Սահակաշվիլիից, ով ավելի վաղ զրկել է իրեն Վրաստանի քաղաքացիությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG