Մատչելիության հղումներ

Ադրբեջանը շարունակում է պնդել, թե իր մամուլն ազատ է


Ադրբեջան -Ավերված տուն Բաքվում` առաջիկա «Եվրատեսիլ»-ի կապակցությամբ իրականացվող շինարարության վայրում, Բաքու, մարտ, 2012թ.

Ադրբեջան -Ավերված տուն Բաքվում` առաջիկա «Եվրատեսիլ»-ի կապակցությամբ իրականացվող շինարարության վայրում, Բաքու, մարտ, 2012թ.

«Եվրատեսիլ»-ի մոտենալուն զուգընթաց` Ադրբեջանում մարդու իրավունքների թեման ավելի ու ավելի շատ է արծարծվում արեւմտյան մամուլում։

Պաշտոնական Բաքվին մտահոգություն են պատճառում Ադրբեջանում խոսքի ազատության ոտնահարման թեմայով արեւմտյան մամուլում գրեթե ամեն օր հրապարակվող հոդվածները։

Հինգշաբթի օրը իշխանամետ լրատվամիջոցների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Եվրատեսիլ - 2012. Ադրբեջանի իրականության լուսաբանումը տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցներում» թեմայով «կլոր սեղան»։ «Ադրբեջանի մամուլի խորհուրդ» անվամբ կազմակերպությունը հատուկ ուղերձով դիմել է Բաքվում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթի մասնակից երկրներին եւ Եվրոպայի հեռարձակողների միությանը։

«2011 թվականին Դյուսելդորֆում «Եվրատեսիլ» մրցույթում Ադրբեջանի հաղթանակից հետո որոշ լրատվամիջոցներ սկսել են պարբերաբար տարածել ոչ արժանահավատ տեղեկություններ այն մասին, թե իբր Ադրբեջանում խախտում են մարդու իրավունքները եւ սահմանափակում խոսքի ազատությունը։ Մենք փորձում ենք խոսքի ազատություն ապահովել եւ համագործակցում ենք Եվրոպայի հեռարձակողների միության հետ», - ասված է ուղերձում։

Ադրբեջանի մամուլի խորհուրդը պնդում է, թե երկրում այսօրվա դրությամբ կա մոտ 4 հազար 700 պարբերական, դրանցից մոտ 400-ը թերթեր են, գործում է 30 լրատվական գործակալություն եւ 50-ից ավելի էլեկտրոնային լրատվամիջոց։

Ուղերձում արծարծվում է նաեւ Ղարաբաղի թեման։ «Մենք աշխարհի լրատվամիջոցներին կոչ ենք անում առարկայորեն լուսաբանել Հայաստանի կողմից մեր տարածքի 20 տոկոսի գրավման խնդիրը», - գրում է Ադրբեջանի մամուլի խորհուրդը։

«Դժբախտաբար, տեղական եւ արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ կողմնակալ են եւ «Եվրատեսիլ»-ը լուսաբանելիս կրկնակի չափանիշներ են կիրառում, ինչի հետ մենք չենք կարող մերվել։ Մենք չենք ցանկանում, որ այդ մրցույթը քաղաքականացվի, քանի որ դա մշակութային միջոցառում է, մեր նպատակն է Ադրբեջանի մասին առարկայական տեղեկություններ տրամադրել», - հայտարարել է «Ազերբայջան» թերթի խմբագիր, Միլի մեջլիսի պատգամավոր Բախտիար Սադիխովը։

Վերջերս գերմանական լրատվամիջոցներում գրել են, որ Իլհամ Ալիեւի վարչակարգը հալածում է այլախոհներին, որ այդ երկրում հետապնդում են լրագրողներին եւ «Եվրատեսիլ»-ի օրերին քաղաքը օտարներին «գեղեցիկ» ներկայացնելու համար` քանդման ենթակա շինություններից դաժանաբար վռնդել են 20 հազար բնակիչներին։

Ի պատասխան, Ադրբեջանի լրատվամիջոցները, օրինակ, ռեպորտաժներ են պատրաստել Ֆրանկֆուրտի մասին` այդ քաղաքը ներկայացնելով որպես թշվառ անօթեւանների, թմրամոլների եւ ծախու կանանց կենտրոն։

«Գերմանիայի դեմ կեղտոտ արշավ են սկսել», - երեկ «Ֆրանկֆուրտեր Ռունդշաու» թերթին ասել է ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG