Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Թուրքիայի սահմանը նաեւ ՆԱՏՕ-ի սահմանն է»


Սիրիական բանակի զինվորները երկրի Իդլիբ հյուսիսային շրջանում` Թուրքիայի սահմանի մոտ, արխիվային լուսանկար
Սիրիական բանակի զինվորները երկրի Իդլիբ հյուսիսային շրջանում` Թուրքիայի սահմանի մոտ, արխիվային լուսանկար
Թուրքիան պաշտոնապես պահանջում է ՆԱՏՕ-ից` պաշտպանել իր անվտանգությունը սիրիական զորքերի հարձակումներից, որոնք, Անկարայի պնդմամբ, նախօրեին եւս երկու մարդու են սպանել երկու երկրների սահմանին։

«Թուրքիայի սահմանը նաեւ ՆԱՏՕ-ի սահմանն է», - հայտարարել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` հիշեցնելով, որ դաշինքի կանոնադրության համաձայն` անդամ երկրներից որեւէ մեկի վրա կատարված ռազմական հարձակումը դիտարկվում է որպես ագրեսիա անդամ բոլոր պետությունների նկատմամբ։

Կազմակերպության ավելի քան 60 տարվա պատմության մեջ այս դրույթը ընդամենը մեկ անգամ է կյանքի կոչվել` 2001 թվականի սեպտեմբեր 11-ին Միացյալ Նահանգներում իրականացված ահաբեկչություններից հետո, որոնք հիմք դարձան Աֆղանստանում ՆԱՏՕ-ի համատեղ ռազմական գործողությունների համար։ Այժմ Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը սպառնում են կրկին օգտագործել այս դրույթն ու ներքաշել ՆԱՏՕ-ի ներուժը, եթե սիրիական կողմը շարունակի խախտել երկու երկրների միջեւ առկա շուրջ 900 կիլոմետրանոց սահմանը։

Արտգործնախարար Դավութօղլուն, ով սահմանին արձանագրված բախումներից հետո շաբաթվա սկզբին ստիպված էր ընդհատել այցը Չինաստան, կոչ է արել ՄԱԿ-ին ու Հյուսիսատլանտյան դաշինքին` դիտարկել խնդիրն ու քայլեր ձեռնարկել Թուրքիայի անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ։ ՆԱՏՕ-ն արձագանքել է, թե լրջորեն մտահոգված է այս հարցով եւ ուշադրությամբ հետեւում է իրավիճակին։

Այդուամենայնիվ, փորձագետները քիչ հավանական են համարում դաշնակից ուժերի տեղակայումը թուրք - սիրիական սահմանին։

«Առայժմ արձանագրվող միջադեպերը լուրջ բնույթ չեն կրում, եւ կարծում եմ` Թուրքիայի իշխանությունները այս հայտարարություններով ընդամենը փորձում են ուղերձ հղել միջազգային գործընկերներին», - «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը ասել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներից մեկը։

Արեւմտյան փորձագետները, իրենց հերթին, փաստում են, որ Թուրքիայի բանակը, որը, ի դեպ, իր թվակազմով երկրորդն է ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում, կարող է նաեւ միայնակ դիմակայել Սիրիայից եկող սպառնալիքներին, սակայն Անկարան դեռեւս խուսափում է միանձնյա գործողություններից եւ փորձում է դաշնակիցների հետ համակարգված քայլեր ձեռնարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG