Մատչելիության հղումներ

Ապրիլի 13-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ն անդրադառնում է ՀՀԿ-ի նախընտրական հանդիպումներին. - «Առաջին հայացքից կարող է թվալ, թե նպատակը լավ էլ հասկանալի է. այդ ամենը նկարահանվում է, ցուցադրվում հեռուստատեսությամբ, ու մարդիկ մտածում են` յա, փաստորեն ՀՀԿ-ն լավ էլ համակիրներ ունի, տեսա՞ք ինչքան մարդ էր հավաքվել: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում այդ սխեման չի գործում: Ինչո՞ւ: Ենթադրենք, Էրեբունի համայնքում բոլորին համարյա ծեծելով քշել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ու դա ցուցադրել հեռուստատեսությամբ: Բայց Արաբկիրի կամ Նորքի բնակիչը շատ լավ գիտի, թե իրականում ինչն ինչոց է, որովհետեւ հաջորդ օրն էլ իրեն են քշելու: Ընդ որում` արդեն ցուցակագրել ու սպառնացել են, որ եթե չգա, լավ չի լինի: Այսինքն` բոլորն ամեն ինչ գիտեն, այդ թամաշաները որեւէ հարց չեն լուծում»:

«Հայոց Աշխարհ»-ը վերլուծում է Հայ ազգային կոնգրեսի քարոզչությունը. - «Պարզ է` օդում, ջրում, թե ցամաքում կոնգրեսի «թիրախը» իշխանական ուժերն են: Այսինքն՝ ՀԱԿ-ի քարոզչության 90 տոկոսը հակաքարոզչություն է, դե, մնացած 10 տոկոսն էլ հուշեր ու ցանկություններ, նայած թե այդ օրը Տեր-Պետրոսյանն ու Բագրատյանը ինչ տրամադրություն ունեն: Այսինքն՝ ՀԱԿ-ի ծրագրի մասին ոչ մի խոսք: Հո դրա համար չե՞ն գնում մարզեր: Վճռականորեն մեկնում են միայն մի նպատակով, որ մարզային բնակչության շրջանում իրականացնեն «լուսավորչական աշխատանքներ», այն է` տարածեն բամբասանք ու սուտ, հոխորտանք թափեն ու պարծենան իրենցով»:

«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Քարոզարշավի առաջին օրերը ցույց են տալիս, որ ընտրություններին մասնակցող ուժերի մեծամասնությունը շեշտը դնում է կուսակցությունների ղեկավարների անձի ու կերպարի վրա: Եվ այնքան ընդգծված է դա արվում, որ բանից անտեղյակ մեկին կթվա, որ ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ են: Բանն այնտեղ է հասել, որ հանրապետության նախագահն անձամբ է այս կամ այն ընտրատարածքում մեծամասնականով ՀՀԿ առաջադրված օլիգարխ կամ թաղային հեղինակություն հանդիսացող թեկնածուների օգտին քարոզչություն իրականացնում»: «Կա՛մ կուակցությունները կադրային սովի մեջ են ու ներկայացնելու ուրիշ բան չունեն, կա՛մ պարզապես «թիմ» հասկացությունը նրանց համար վաղուց կուսակցական-քաղաքական կատեգորիա չէ», - եզրափակում է թերթը:

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հետաքրքիր է` ի՞նչ սկզբունքով է Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին տարանջատում կոալիցիայից: Միայն նրանով, որ այդ կուսակցությունն այսօր հայտարարում է ընտրակեղծիքների դեմ պայքարելու եւ ձայները պահելու մտադրության մասի՞ն, ինչպես նաեւ միանում Կոնգրեսի մասնակցությամբ ստեղծվող միասնական շտաբի՞ն: Եթե դրանք են ԲՀԿ-ին կոալիցիայից տարանջատելու չափանիշները, ապա միամի՞տ չեն այդ չափանիշներն արդյոք: Թե՞ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հասարակությունն է միամիտ: Կամ միամիտ է ՀՀԿ-ն, որ մինչեւ հիմա իր կողքին է պահում ԲՀԿ-ին եւ նրան չի զրկում նախարարական պորտֆելներից ու քվոտաներից: Կամ ԲՀԿ-ն է միամիտ ու չի հասկանում, որ Կոնգրեսին միանալը նշանակում է միանալ մարտի 1-ի լիարժեք բացահայտման գործընթացին, այն դեպքում, երբ Կոնգրեսը օլիգարխների հստակ անվանացուցակ էր ներկայացրել, թե ում թիկնազորը ինչ մասնակցություն էր ունեցել մարտի 1-ի դեպքերին: Եվ այդ ցուցակում էր նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը: Ու Կոնգրեսը կարծես թե մինչեւ հիմա չի հայտարարել, որ Ծառուկյանի հարցում սխալվել է եւ հանում է նրա թիկնազորին մարտի 1-ի մասնակիցների ցանկից: Հիմա ի՞նչ, Ծառուկյանը պատասխանատո՞ւ է մարտի 1-ի համար, թե՞ ոչ»:

Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, որ արտագնա աշխատանքի կամ այլ երկրներ բնակության համար մեկնած, սակայն ընտրացուցակներում ընդգրկված մարդիկ ընտրություններին վերադառնում են Հայաստան. - «Ես ընկերներ ունեմ, ընտանիքներով, ինքնաթիռներով բոլորն էլ գալիս են ընտրություններին մասնակցելու: Մենք ենք կանչում ընկերներին, դիմում, որ եկեք, մասնակցեք: Մյուս կուսակցություններն էլ իրենց կոչն են անում: հո մենակ չե՞ն գալիս որեւէ կուսակցության համար, գալիս են իրենց պարտքը տալու»:

please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00
Ուղիղ հղում

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG